Նախատեսվում է թվայնացնել օտարերկրացիներին ՀՀ-ում կացության կարգավիճակների տրամադրման գործընթացը
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/. ՀՀ-ում նախատեսվում է թվայնացնել օտարերկրացիներին ՀՀ-ում կացության կարգավիճակների տրամադրման գործընթացը։ Գործադիրը հավանություն է տվել նաև «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին:
Փոփոխությունների նպատակն է թվայնացնել օտարերկրացիներին ՀՀ-ում կացության կարգավիճակների տրամադրման գործընթացը, միաժամանակ ավելի դյուրին և արդյունավետ դարձնել օտարերկրացիների հաշվառման վարչարարության իրականացումը, հստակեցնել կացության կարգավիճակների տեսակներն ու կացության կարգավիճակ տալու վարույթի իրականացման մեխանիզմները։
Օրենքի նախագծով առաջարկվում է ստեղծել օտարերկրացիներին մատուցվող ծառայությունների կառավարման էլեկտրոնային միասնական համակարգ։ Համակարգին հասանելիություն կունենան գործընթացներում ներգրավված բոլոր պետական մարմինները, որոնք կկարողանան օգտվել տվյալների շտեմարանից՝ օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում։
Նախատեսվում է ապահովել ՀՀ-ում օրինական բնակվող օտարերկրացիների նույնականացումը՝ սահմանափակելով մեկ անձի կողմից միաժամանակ մեկից ավելի բնակության օրինականությունը հաստատող փաստաթուղթ ունենալու հնարավորությունը։ Այն կկանխի օտարերկրացիների կողմից տարբեր անհատական տվյալներով հանդես գալու և չարաշահումների դեպքերը։
Փոփոխություններով պարզեցվելու է կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելու ընթացակարգը։ Օտարերկրացիները հնարավորություն կունենան բացառապես առցանց եղանակով դիմում ներկայացնել և տեղեկատվություն ստանալ դրա ընթացքի վերաբերյալ՝ խուսափելով անհարկի հերթերից։
Օտարերկրացիներին մատուցվող որոշ ծառայությունների համար կսահմանվեն պետական տուրքեր, այդ թվում՝ դիմումների քննարկման համար։ Կացության կարգավիճակների արտոնությունների քաղաքականությունը նույնպես վերանայվելու է։
Կառավարության գնահատմամբ, այս քայլերը հնարավորություն կտան որոշակիորեն փոխհատուցել ծառայությունների մատուցման համար պետության կողմից կատարվող ծախսերը և ավելացնել ՀՀ պետական բյուջեի եկամուտները։