USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

ՀՀ-ն պարզեցնում է էլեկտրոմոբիլների լիցքավորմանն առնչվող իրավական հարաբերությունները

03.09.2025, 11:26
ՀՀ ԱԺ հանձնաժողովը հաստատել է «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որը նախատեսում է էլեկտրոմոբիլների լիցքավորմանն առնչվող իրավական հարաբերությունները
ՀՀ-ն պարզեցնում է էլեկտրոմոբիլների լիցքավորմանն առնչվող   իրավական հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա հերթական նիստում հաստատել է ««Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը նախատեսում է էլեկտրամոբիլների լիցքավորմանն առնչվող իրավական հարաբերությունները։

Վերջին տարիներին պետական համապատասխան քաղաքականության շնորհիվ Հայաստանում էապես ավելացել է էլեկտրամոբիլների քանակը, ինչով պայմանավորված, նույն քաղաքականությանը համահունչ առկա է դրանց լիցքավորմանն առնչվող հարաբերությունների իրավական հստակության ապահովման եւ գործընթացի դյուրացման անհրաժեշտություն: Այս մասին ասել է Ծովինար Վարդանյանը:

Նրա խոսքով, Էլեկտրամոբիլների լիցքավորումն էներգետիկայի բնագավառում կարգավորման եւ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ չէ. անձինք ազատ են վերաբերելի այլ օրենսդրական ակտերի պահպանմամբ մատուցելու այդ ծառայությունը։

Նա ընդգծել է, որ գործող «Էներգետիկայի մասին» օրենքում չկա այդ մասին հստակ դրույթ:

Նշվել է, որ այս առնչությամբ հատկապես բազմաբնակարան շենքերում բնակվող անձանց համար առկա են էլեկտրամոբիլների լիցքավորման բարդություններ:

Մասնավորապես, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան իրենց ավտոկայանատեղիում լիցքավորելու ավտոմեքենան, պետք է դիմեն էլեկտրաէներգիայի բաշխման ծառայություն մատուցող անձին՝ այդ ավտոկայանատեղիի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու համար, ապա կնքեն էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագիր՝ սպառման այդ կետի մասով եւս դառնալով առանձին բաժանորդ:

«Նշվածը ծախսատար եւ ժամանակատար գործընթաց է, որի անհրաժեշտությունը հաճախ պարզապես բացակայում է, քանի որ անձանց բնակարանների՝ արդեն իսկ ցանցին միացված սպառման համակարգերի հզորությունը հիմնականում բավարար է թե՛ բնակարանի էլեկտրամատակարարման ապահովման, թե՛ էլեկտրամոբիլի լիցքավորման համար»,- մանրամասնել է Ծովինար Վարդանյանը:

Առաջարկվող կարգավորմամբ հստակ հնարավորություն կստեղծվի սպառողի համար՝ իրեն մատակարարված էլեկտրաէներգիան սպառել նաև սպառողի սպառման համակարգի տեղակայման տարածքից դուրս գտնվող և իրեն պատկանող ավտոկայանատեղիում:

Նշված կարգավորումների ամրագրման արդյունքում կապահովվի էլեկտրամոբիլների լիցքավորմանն առնչվող հարաբերությունների իրավական հստակությունը եւ սպառողների համար կհեշտացվի գործընթացը: