Դպրոցներում 1-6-րդ դասարանցիներին կարգելվի բջջայինը, իսկ 7-12-րդ դասարանցիների համար խիստ սահմանափակումներ կմտցվեն. առաջարկ
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբեր․/ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետարանն առաջարկում է սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը դպրոցներում։
Այսօր տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը նշեց այդ սահմանափակումների մասին առաջարկի կարևորության և դպրոցներում առաջարկի կիրառման դեպքում բարձր որակի առաջադիմության կանխատեսելիության հնարավորությունը։
«Դպրոցներից են եղել զանգեր, որ թեև դասը չխանգարելու համար կամ պարզապես երեխաների ուշադրությունը կենտրոնացնելու համար հավաքել են հեռախոսները, բայց այս միասնական մոտեցումը (հեռախոսների սահմանափակումը-խմբ.) շատ համակարգված կլինի»,-ասել է նա։
Նրա խոսքով, դասապրոցեսի ժամանակ 1-6-րդ դասարանի սովորողների մոտ կբացառվի միացված հեռախոսների առկայությունը։
«Առանձին դեպքերում, եթե երեխան ստիպված է բերել հեռախոսը, այն դասի սկզբին կհանձնվի դասղեկին, կլինի համապատասխան պահման վայրում, ապա դասերի ավարտից հետո թույլ կտրվի այն վերցնել։ Իսկ 7-12-րդ դասարանի սովորողների համար առաջարկվում է սահմանափակումներ մտցնել. այն պետք է կիրառվի բացառապես կրթական նպատակներով և ուսուցչի հրահանգով և վերահսկողությամբ։ Ընդ որում դա կարող է տեղի ունենալ շաբաթական մեկ կամ երկու անգամ»,-ասել է Խաչատրյանը։
Նա նաև նշել է, որ այս մասին պետք է իրազեկել դպրոցի սովորողներին, ծնողներին, ինչպես նաև առաջարկը տեղայնացնել դպրոցի ներքին կարգապահական նորմերի մեջ։
«Այս առաջարկը կիրառման մեջ դնելուց հետո, երբ կգործի տոտալ արգելումը, նախատեսվում է ՀՀ տասնհինգ դպրոցներում իրականացնել մոնիթորինգ և տարեվերջին գնահատել սովորողների ֆիզիկական, սոցիալական, հոգեբանական ակտիվության ցուցանիշները և առաջադիմության որակը»,-եզրափակել է Խաչատրյանը։
Արձագանքելով այս նախաձեռնությանը՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ առաջարկում է հարցն ուղարկել կարծիքի հավաքագրման, որից հետո ներկայացնել վերջնական լուծումներ: