USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 2, շաբաթ
եղանակը
Երևանում
+31

Հայկական տեղեկատվական դաշտում հաքերային գրոհների թվով առաջատար է Ադրբեջանը. փորձագետ

31.01.2013, 15:31
Ադրբեջանն առաջին տեղն է զբաղեցնում հայկական տեղեկատվական տարածքի կիբերգրոհների թվով, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Հայկական տեղեկատվական դաշտում հաքերային գրոհների թվով առաջատար է Ադրբեջանը. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանն առաջին տեղն է զբաղեցնում հայկական տեղեկատվական տարածքի կիբերգրոհների թվով, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«2012 թվականի դեկտեմբերից մինչ օրս ադրբեջանցի հաքերները հաճախակի են դարձել իրենց գրոհները` կոտրելով հարյուրավոր հայկական կայքեր։ Նրանք գործում են «կոտրել օրական գոնե մեկ կայք» սկզբունքով»,– ասաց Մարտիրոսյանը։

Նա հայտնեց նաև, որ Ադրբեջանին կիբերգրոհների թվով հետևում է Թուրքիան, որն ակտիվանում է, հիմնականում, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախաշեմին։ Թուրք հաքերները կոտրում են այլ երկրներում գրանցված կայքեր և հակահայկական բնույթի տեղեկություն են տարածում։

Մարտիրոսյանը պարզաբանեց, որ գրոհի են ենթարկվում, մասնավորապես, հայկական վեբ–ընկերությունների կողմից ստեղծված կայքերը, որտեղ հաքերները թերություններ են հայտնաբերում։

Փորձագետը մեկնաբանեց նաև Facebook սոցիալական կայքում վերջին օրերին տարածված վիրուսը` նշելով, որ դա իր կարծիքով իրականացրել են ադրբեջանական ու թուրքական հաքերները և ուղղված է եղել շուկայի հայկական հատվածին միայն։

Նա նշեց, որ օգտատերերի ֆեյսբուքյան էջերում հայտնվում են հղումներ, որոնք թուրքերեն ու պարսկերեն տեղեկություն են պարունակում, և այդ հղումներով անցնելու դեպքում վարակվում են համակարգչում առկա ֆայլերը։

«Քանի որ հաքերները Facebook–ի տարաբնույթ էջեր գնահատելու հնարավորություն են ստանում, նման գրոհն, ամենայն հավանականությամբ, ուղղված է այդ էջերը գովազդելուն»,– ասաց Մարտիրոսյանը։

Փորձագետը խորհուրդ տվեց հայ օգտատերերին հաղթահարել հետաքրքրասիրությունը, ավելի զգույշ լինել և չսեղմել կասկածելի հղումները, իսկ վարակի նշանների դեպքում համակարգչից հեռացնել ավտոմատ կերպով համակարգչում հայտնված, անհայտ ծագում ունեցող ծրագրերը, փոխել Facebook–ի և էլեկտրոնային փոստի գաղտնաբառերը։-0