USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+22

Հայաստանում էլեկտրոնային բովանդակության ազգային մրցույթ է հայտարարվել

17.05.2013, 16:20
«Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը` որպես Համաշխարհային գագաթնաժողովի մրցանակաբաշխության (WSA) միջազգային մրցույթի գործընկերը Հայաստանում, հայտարարում է էլ. բովանդակության ազգային մրցույթ:
Հայաստանում էլեկտրոնային բովանդակության ազգային մրցույթ է հայտարարվել
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /ԱՌԿԱ/. «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը` որպես Համաշխարհային գագաթնաժողովի մրցանակաբաշխության (WSA) միջազգային մրցույթի գործընկերը Հայաստանում, հայտարարում է էլ. բովանդակության ազգային մրցույթ:

Մրցույթի նպատակն է բացահայտել Հայաստանի էլ. բովանդակության ոլորտում զարգացումներն ու նվաճումները և հնարավորություն ընձեռել ներկայացնել դրանք միջազգային ասպարեզում:

Մասնակցել կարող է հայաստանյան ցանկացած ընկերություն, կազմակերպություն կամ անհատ, որն ունի յուրահատուկ և գրավիչ էլ. բովանդակություն՝ թողարկված 2011-2013 թվականներին: Բոլոր աշխատանքները պետք է լինեն ավարտուն: Մրցույթին կարող են ներկայացվել ինչպես վեբ կայքեր, այնպես էլ մուլտիմեդիա աշխատանքներ (CD, DVD), բջջային հավելվածներ և խաղեր:

Աշխատանքները պետք է ներկայացվեն հետևյալ անվանակարգերից որևէ մեկում`
Էլ. գործարարություն և առևտուր, Էլ. կառավարում և բաց տվյալներ, Էլ. ուսուցում և գիտություն, Էլ. ժամանց և խաղեր, Էլ. մշակույթ և զբոսաշրջություն, Էլ. լրատվամիջոցներ և լրագրություն, Էլ. առողջապահություն և շրջակա միջավայր և Էլ. ներգրավում և հզորացում։

Մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվում յուրաքանչյուր անվանակարգում բացարձակ ցուցանիշներով (ամենաբարձր միավորներ հավաքած) լավագույն աշխատանքները: Հաղթողները ստանում են միջազգային մրցույթին (WSA) մասնակցելու ուղեգրեր, որի մրցանակաբաշխությունը տեղի կունենա Շրի Լանկայում:

Էլ. բովանդակության ազգային մրցույթից հետո մասնակից երկրների փորձագետներից կազմված միջազգային ժյուրին Տալլինում (Էստոնիա) կգնահատի աշխարհի տարբեր երկրներից ներկայացված աշխատանքները և կընտրի դրանցից լավագույն 40-ը: Մրցույթի յուրաքանչյուր անվանակարգի համար կընտրվի 5 աշխատանք: Այդ աշխատանքների ներկայացուցիչները կհրավիրվեն Շրի Լանկա՝ մասնակցելու Համաշխարհային գագաթնաժողովի մրցանակաբաշխությանը (WSA) համաշխարհային կոնգրեսում և պայքարելու գլխավոր մրցանակի համար:

Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են գրանցել իրենց հայտերը հետևյալ հղումով՝ http://www.eif.am/arm/wsa-armenia/apply-now/: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2013 թ. հունիսի 17-ը:

Համաշխարհային գագաթնաժողովի մրցանակաբաշխությունը (WSA) առաջին անգամ կազմակերպվել է 2003թ.-ին Զալցբուրգում, որպես ՄԱԿ-ի Տեղեկատվական Հասարակության Համաշխարհային Գագաթնաժողովի (WSIS) մի մաս: Այն համաշխարհային նախաձեռնություն է, որի նպատակն է ընտրել և խթանել աշխարհի լավագույն էլեկտրոնային բովանդակությունը և նորարարական ՏՀՏ ծրագրերն ու աշխատանքները: Ավելի քան 160 երկիր արդեն ներգրավված են այս համաշխարհային մրցույթում: –0–