USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 2, շաբաթ
եղանակը
Երևանում
+31

Ադրբեջանական ԶԼՄ–ները հիստերիայի մեջ են. փորձագետ

04.08.2014, 17:17
Ղարաբաղյան հակամարտության գոտու աննախադեպ լարվածության պատճառով ադրբեջանական ԶԼՄ–ները հիստերիայի մեջ են, երկուշաբթի հայտնեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Ադրբեջանական ԶԼՄ–ները հիստերիայի մեջ են. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  Ղարաբաղյան հակամարտության գոտու աննախադեպ լարվածության պատճառով ադրբեջանական ԶԼՄ–ները հիստերիայի մեջ են, երկուշաբթի հայտնեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Վերջին օրերին ադրբեջանական կողմը կտրուկ ակտիվացել է շփման գծում։ Դիվերսիոն գործողությունների և ղարաբաղյան դիրքերի վրա հարձակումների հետևանքով, տարբեր տվյալներով, զոհվել են ավելի քան 25 ադրբեջանցի զինծառայողներ և ԼՂՀ պաշտպանության բանակի հինգ զինծառայողներ։

«Շփման գոտում դիվերսիաներ նախկինում էլ են եղել, սակայն այս անգամ ադրբեջանական ԶԼՄ–ները հիստերիայի մեջ են հայտնվել, իսկ պետական մարմինները` կոլապսի մեջ։ Այս օրերին Ադրբեջանի նախագահի կայքում միակ մեկ հաղորդագրություն է եղել` Ալիևի շնորհավորական ուղերձը Բարաք Օբամայի ծննդյան օրվա առիթով։ Դրա պատճառով Ադրբեջանի ղեկավարությունն ու նախագահը ադրբեջանական հանրության քննադատությանն արժանացել են»,– ասաց Մարտիրոսյանը։

Ըստ նրա, Ադրբեջանի բնակիչները չեն կարողացել հասկանալ, թե ինչ է կատարվում իրականում սահմանում և որքան զինծառայող է զոհվել իրականում։

«Հայտնվելով մի իրավիճակում, երբ որևէ տեղից տեղեկություն ստանալ հնարավոր չէ, ադրբեջանական մամուլը հղում էր անում հայկական ԶԼՄ–ներին` հայտնելով զոհերի թվի մասին։ Բայց այնուհետև նրանք սկսեցին մեկնաբանել միջադեպը յուրովի»,– ասաց Մարտիրոսյանը։

Իսկ հայկական մամուլը, փորձագետի խոսքով, կարողացավ օպերատիվ կողմնորոշվել։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-