Հայաստանում խնդիր կա` կապված արտերկրում տեղեկատվության տարածման հետ. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում խնդիր կա` կապված արտերկրում տեղեկատվության տարածման հետ, երեքշաբթի լրագրողներին ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Նրա խոսքով` պետական կառույցների կողմից տեղեկատվության տարածման հիանալի միջոց են սոցիալական ցանցերը, և հայկական պետական կառույցներն ու դրանց ներկայացուցիչները հասանելի են Facebook–ում, նրանց հաճախ կարելի է հղել հետաքրքող հարցեր և ստանալ տեղեկատվություն։
«Խնդիրն այն է, որ այս ամենն աշխատում է միայն ներքին լսարանի համար, իսկ մենք ունենք կառույցներ, որոնք պետք է աշխատեն արտերկրի լսարանի հետ` մասնավորապես հաշվի առնելով տարածաշրջանում տիրող իրավիճակը», – ավելացրեց Մարտիրոսյանը։
Նա նաև ընդգծեց, որ ժամանակակից տեղեկատվական տարածքում ընդունելի պրակտիկա է դարձել Twitter–ի օգտագործումը` որպես ինֆորմացիայի աղբյուր տարբեր պետությունների միջև հակամարտությունների պայմաններում, քանի որ այդ սոցցանցում ներկայացված են բազմաթիվ պաշտոնյաներ։
Փորձագետը հիշեցրեց, որ Twitter–ում գործում է բաց որոնողական համակարգ, և այնտեղ հեշտությամբ կարելի է գտնել անհրաժեշտ տեղեկատվություն։ –0–