USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+29

Orange ընկերության նորարարությունների մրցույթի հաղթողը պրակտիկա կանցնի Ֆրանսիայում

31.05.2011, 01:05
Orange նորարարությունների մրցույթի գլխավոր հաղթող, Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող Դավիթ Վարդանյանը պրակտիկա կանցնի Ֆրանսիայում:
Orange ընկերության նորարարությունների մրցույթի հաղթողը պրակտիկա կանցնի Ֆրանսիայում

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի.  /ԱՌԿԱ/. Orange նորարարությունների մրցույթի գլխավոր հաղթող, Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող Դավիթ Վարդանյանը պրակտիկա կանցնի Ֆրանսիայում այս տարվա սեպտեմբերին, ասաց Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Նորարարական լավագույն գաղափարի մրցույթն անցկացվել է երկու հայկական բուհերի՝ Երևանի պետական համալսարանի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի միջև մարտի 4-ից մայիսի 20-ը: Նորարարական նախագծերը գնահատվել են հետևյալ չափանիշներով՝ դրանք պետք է լինեն նորարարական, հետաքրքիր, օգտակար և թեթև օգտագործելի:

Ինչպես նշեց Դյութուան, Դավիթ Վարդանյանն առաջարկել է էլեկտրոնային քվեարկության նախագիծ, որն ընկերության բարձր գնահատականին է արժանացել:

«Դավիթն աշխատանքային առաջին փորձը կստանա աշխարհի գիտահետազոտական լավագույն ցանցերից մեկում: Շնորհավորում եմ նրան այդպիսի հաջողության առթիվ և մաղթում երբեք չդադարել սովորել և նորարարական լուծումներ որոնել սեփական աշխատանքում»,- ասաց Դյութուան:

Փարիզի Orange Labs լաբորատորիայում վճարվող վեցամսյա պրակտիկայից բացի Վարդանյանը զուգահեռ նաև աշխատանքային պայմանագիր կստանա:
Մրցույթի երկրորդ տեղը զբաղեցրել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող Գևորգ Պողոսյանը, ով կարճ հաղորդագրությունների կիրառման նախագիծ է ներկայացրել:

Orange Armenia-ի գլխավոր տնօրենի խոսքերով, Պողոսյանը հատուկ մրցանակ կստանա Orange Armenia-ում աշխատանքային պրակտիկայի տեսքով:

Բացի այդ, Դյութուան չբացառեց, որ Պողոսյանի գաղափարը գործնականում կկիրառվի ընկերության կողմից: ---0-