ՀԱՔԵՐՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԳՈՒՄԱՐ ՎԱՍՏԱԿԵԼ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՄԻՋՈՑՈՎ. ՀԱԿԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /ԱՌԿԱ/. Ցանցային չարագործները օգտագործում են մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը անօրինական կերպով գումար վաստակելու համար՝ Facebook սոցիալական կայքում տեղադրելով կեղծ հղումներ, որոնց միջոցով իբր հնարավոր է ճապոնական ողբերգության նոր տեսագրություններ դիտել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Sophos հակավիրուսային ընկերությանը:
Խարդախների սխեման հետևյալն է՝ չարագործները Facebook-ի կոտրած կամ անանուն էջերում տեղադրում են հղումներ, որոնց միջոցով իբր հնարավոր է դիտել CNN ընկերության դեռևս չհրապարակված տեսագրությունները, որոնցում պատկերված է երկրաշարժի հետևանքով առաջացած ցունամիի ալիքը: Հղումը տանում է դեպի YouTube խոշորագույն կայքի իմիտացիոն տարբերակ, որտեղ ներկայացված է տեսափլեյերի ստանդարտ պատուհանը:
Սակայն ինտերնետից օգտվողը, սեղմելով Play կոճակը, ոչ թե դիտում է տեսագրությունը, այլ անսպասելիորեն սեղմում է Facebook-ի Like կոճակը: Լուրերի անհատական ժապավենում, որը տեսնում են ինտերնետից օգտվողի՝ սոցիալական ցանցի «ընկերները», հայտնվում է տեղեկություն այն մասին, թե նրան դուր է գալիս այդ հղումը: Այսպիսով հակերական հղումը տարածվում է Facebook-ում:-0-