USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+22

UITE-ն սկսել է «Ական փնտրող ռոբոտ» մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը

28.02.2011, 18:54
Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE) այսօրվանից սկսել է «Ական փնտրող ռոբոտ» մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը, երկուշաբթի լրագրողներին ասաց UITE-ի գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
UITE-ն սկսել է «Ական փնտրող ռոբոտ» մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /ԱՌԿԱ/. Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE) այսօրվանից սկսել է «Ական փնտրող ռոբոտ» մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը, երկուշաբթի լրագրողներին ասաց UITE-ի գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Մրցույթն անցկացվում է իրական պայմաններում, մասնավորապես՝ ռոբոտը պետք է գտնի երեք սանտիմետր խորության տակ թաղված ականները, որոշի դրանց գտնվելու վայրը և սերվերի վրա ուղարկի ականապատված դաշտի քարտեզը», - նշեց Վարդանյանը:

Նրա խոսքերով՝ մրցույթը Հայաստանի համար կարևոր, գործնական նշանակություն ունի՝ հաշվի առնելով սահմանամերձ տարածքներում առկա ականապատ դաշտերը:

Միաժամանակ Վարդանյանը նշեց, որ մրցույթն անցկացվում է բացառապես մասնավոր հովանավորությամբ, առանց պետության աջակցության, չնայած համագործակցության որոշակի նախնական պայմանավորվածություններ կան ՀՀ պաշտպանության նախարարության հետ:

Մրցույթի եզրափակիչը կանցկացվի Երևանում աշնանը: Հայաստանում ռոբոտի բաց առաջնությունը՝ ArmRobotics-ը, անցկացվում է UITE-ի նախաձեռնությամբ: Այս տարի մրցույթի գլխավոր հովանավորն է VivaCell-MTS բջջային օպերատորը, տեխնիկական հովանավորն է Hurnet ընկերությունը, ինֆորմացիոն հովանավորը՝ «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը:

ArmRobotics ռոբոտների բաց առաջնության շրջանակներում «Ական փնտրող ռոբոտ» 2010-ի եզրափակչում հաղթողներ չեղան, քանի որ թիմերից ոչ մեկն իր առջև դրված խնդիրը մինչև վերջ չկատարեց:

Եզրափակչին ինը թիմ է մասնակցել, որոնց պատրաստած աշխատանքները պետք է գտնեին ականապատված դաշտում հողի տակ պահված ականները և սերվերին ուղարկեին վերջիններիս դասավորությամբ քարտեզը: Ականները ունեին ձայնային ազդանշան, որով պարզ էր դառնում ռոբոտը պայթել է, թե ոչ: Ռոբոտներն ունեին սահմանափակ քաշ և չափեր (չափերը 30×30սմ, քաշը 10 կգ): Հաղթող պետք է ճանաչվեր այն թիմը, որն իր առջև դրված խնդիրը կլուծեր նվազագույն ժամանակում, նվազագույն սխալներով:

ArmRobotics-ի շրջանակներում 2011 թ.-ին UITE-ին մի շարք միջոցառումներ կանցկացնի, որոնց թվում են ArmRobotics ակումբը, դպրոցներում ArmRobotics խմբերի բացումը, ArmRobotics ցուցահանդեսը, ինչպես նաև ական փնտրող ռոբոտի մրցույթը և անօդաչու ինքնաթիռների մրցույթին մասնակցության գրանցումը:

Առաջին անգամ ArmRobotics ռոբոտների բաց առաջնությունն անցկացվել է Հայաստանում 2008 թվականին։ Մրցույթին մասնակցել են 11 թիմեր Հայաստանից, Ղարաբաղից և Իրանից, որոնք ընդգրկել են չորս ուսանող և մեկ ղեկավար։

2009 և 2010 թթ. ArmRobotics բաց առաջնության շրջանակներում ծրագրված  է եղել տարիքային տարբեր խմբերի համար նախատեսված հինգ մրցույթների անցկացում՝ «Համակարգչային սիմուլյացիա» մրցույթ (ուսանողների համար), Line Tracking մրցույթ (ուսանողների համար), «Առարկաներն ըստ գույնի և չափերի տարբերակող ռոբոտների մրցույթ» (առանց տարիքային սահմանափակումների), «Marble crossing» (դպրոցականների համար) և «Ական փնտրող ռոբոտ» (առանց տարիքային սահմանափակումների)։ --0—.