Պետռեգիստրում հայ ձեռներեցների գրանցման պարզեցված համակարգը կգործարկվի 2011թ.-ից
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ խորհրդարանը երեքշաբթի նիստի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ փոփոխություններ է մտցրել Քաղաքացիական օրենսգրքում և մի շարք այլ օրենքներում, որոնցով նախատեսվում է 2011թ.-ից Պետռեգիստրում ձեռներեցների գրանցման պարզեցված համակարգ ներդնել:
Ինչպես նշել է ՀՀ արդարադատության առաջին փոխնախարար Գևորգ Մալխասյանը, ֆիզիկական և իրավաբանական անձանց գրանցման նոր համակարգի ստեղծման հիմնական խնդիրը բխում է «մեկ պատուհան» սկզբունքից և նպատակաուղղված է անհրաժեշտ փաստաթղթերի ծավալի ու փաստաթղթերի ձևակերպման ժամկետների կրճատմանը:
Նա նշել է, որ նոր համակարգի շնորհիվ ձեռներեցները պետական տարբեր կառույցներից տարբեր դիմումներ չեն ներկայացնի, այսուհետ դիմումները կներկայացվեն ներքին էլեկտրոնային հարցմամբ միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով:
«Նորամուծությունների շնորհիվ կհաջողվի սուբյեկտների ձևակերպման և գրանցման գործընթացը 18 օրից կրճատել մինչև հինգ օր, իսկ էլեկտրոնային հայցի ներկայացման դեպքում՝ մինչև մեկ օր», - նշել է նա:
Ինչպես տեղեկացրել է փոխնախարարը, նոր համակարգը իրավաբանական կամ ֆիզիկական անձանց թույլ կտա հաշվառվել մեկ անգամ, իսկ հետագա գործողությունները՝ գործունեության կասեցումը կամ նրա վերականգնումը իրականացնել հայտարարության հիման վրա՝ պահպանելով բոլոր սկզբնական տվյալները: Միաժամանակ նախատեսվում է կրճատել այն փախստաթղթերի ծավալը, որոնք անհրաժեշտ են ձեռներեցների գրանցման համար:
Նրա խոսքով՝ նման համակարգի ներդնումն ու արդյունավետ աշխատանքը թույլ կտան հետագայում տարածել այդ փորձը պետական վարչարարության այլ ոլորտների վրա:
Մալխասյանը նաև տեղեկացրել է, որ Պետռեգիստրի արդյունավետ աշխատանքի համար կհատկացվի առանձին շենք, որտեղ հիմնական բոլոր կառույցները կտեղակայվեն վերևի հարկերում, իսկ ձեռներեցները փաստաթղթերը կներկայացնեն օպերատորներին, ովքեր կնստեն առաջին հարկում և կզբաղվեն միայն հայտերի ձևակերպման տեխնիկական հարցերով:
«Այս կերպ մենք նվազագույնի կհասցնենք պետական պաշտոնյաների հետ ձեռներեցների շփումները, ինչը թույլ կտա էականորեն նվազեցնել գոյություն ունեցող կոռուպցիոն ռիսկերը», - նշել է փոխնախարարը:
Ինչ վերաբերում է գրանցման հայտադիմումի ձևակերպման էլեկտրոնային համակարգին, ապա այն, ինչպես նշել է Մալխասյանը, կսկսի լիարժեք գործել 2011 թ.-ի ապրիլից, նախատեսվում է, որ այն առավելագույնս կպարզեցվի օգտվելու համար:-0-