UCOM-Ն ԱՆՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 3D ԿՈՆՏԵՆՏԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆԸ
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ucom ընկերությունն անցել է Հայաստանում 3D հեռարձակմանը, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց Ucom հեռահաղորդակցային ընկերության տնօրեն Հայկ Եսայանը։
«Նոյեմբերի մեկից մեր բաժանորդները կարող են ամբողջությամբ օգտվել 3D հեռուստատեսության ծառայություններից, որի հեռարձակումը մենք ներկայացրել ենք Digitec Expo 2010 ցուցահանդեսում»,- ասաց Եսայանը։
Ըստ նրա, բաժանորդները կարող են դիտել 3D ձևաչափով իրենց համար նախընտրելի ցանկացած կոնտենտ՝ ֆիլմեր, մուլտֆիլմեր, տեսահոլովակներ, որոնք արդեն միացվում են գործող հեռուստատեսությանն ընկերությունից առանձին վճարի դիմաց, որը չի մտնում փաթեթային ծառայությունների մեջ։ Նա նշեց, որ 3D մեկ ֆիլմի դիտման արժեքը բաժանորդի համար կազմում է 300 դրամ և ավելի։
«Մենք բաժանորդներին տրամադրում ենք անհրաժեշտ սարքավորումներ ներառյալ թյուները՝ 3D դիտման հնարավորությամբ, եթե բաժանորդն արդեն համապատասխան հեռուստացույց և ակնոց ունի»,- ասաց Եսայանը։
Digitec Expo 2010 ցուցահանդեսի ընթացքում հայկական շուկայի նորույթներին առաջիններից մեկը ծանոթացավ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ում հնարավորություն ընձեռվեց 3D-ով ֆիլմի և մուլտֆիլմի հատված դիտել ակնոցով։
Որպես ընկերության մալուխային հեռուստատեսության ոլորտի մեկ այլ նորույթ Եսայանը նշեց նաև, որ Ucom-ն անցել է 2,5 հազ. դրամ արժողությամբ հեռուստածառայությունների փաթեթի տրամադրմանը, որն ընդգրկում է 35 հեռուստաալիք և 76 ալիքներից ցանկացածը միացնելու հնարավորություն՝ ամսական ամեն հեռուստաալիքի դիմաց 100-300 դրամ գնով։
Ucom-ի կողմից IP TV տարբեր փաթեթների արժեքը տատանվում է 2,5 հազ դրամից մինչև 8,5 հազ դրամ՝ կախված միացվող ալիքների թվից։
IPTV (Internet Protocol Television - IP-TV) տեխնոլոգիան թվային ինտերակտիվ հեռուստատեսություն է IP-ով տվյալների փոխանցման ցանցերում, հեռուստատեսության նոր սերունդ։
UCom (Universal Communications) ընկերությունը հիմնադրվել է 2007թ.-ին և մի շարք
ավանդական և ժամանակակից բարձր արդյունավետության ծառայություններ է մատուցում հեռահաղորդակցության հայկական շուկայի համար։ Ericsson ընկերության աջակցությամբ ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց, որն ընդգրկում է Հայաստանի մայրաքաղաք Երևանը՝ տրամադրելով Ինտերնետի, IP-հեռախոսակապի և ինտերնետ-հասանելիության ծառայություններ:-0-