Մեկնարկել է Հայաստանի Ռոբոտների բաց առաջնության շրջանակներում անցկացվող երկու մրցույթների մասնակիցների գրանցումը

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE) 2010թ.-ի համար Հայաստանի Ռոբոտների բաց առաջնության շրջանակներում հայտարարում է երկու մրցույթների մասնակցության գրանցում: Ինչպես չորեքշաբթի տեղեկացրեցին «ԱՌԿԱ» գործակալությանը, «Իրեր տարբերակող և դասակարգող ռոբոտ» և «Գծին հետևող ռոբոտ» մրցույթների մասնակիցների գրանցումն իրականացվում է www.digitec.am կայքում մինչև օգոստոսի 6-ը:
«Իրեր տարբերակող և դասակարգող ռոբոտ» մրցույթի ընթացքում մասնակիցները պետք է նախագծեն և պատրաստեն ռոբոտներ, որոնք իրարից կտարբերակեն թենիսի գնդակը և հյութի տարան, ապա կդասակարգեն ըստ համապատասխան տեղամասերի:
«Իրեր տարբերակող և դասակարգող ռոբոտ» մրցույթի ռոբոտների պարամետրեր են 25x25 սմ, քաշը՝ 3 կգ-ից ոչ ավելի, առանց կոնստրուկցիայի բարձրության սահմանափակումների: Ինչպես նշվում է տեղեկատության մեջ, մրցույթը չունի տարիքային սահմանափակում, ամեն թիմում պետք է ընդգկվի 5-ական մարդ:
«Գծին հետևող ռոբոտ» մրցույթը նախատեսված է սկսնակ թիմերի համար: Այս մրցույթին կարող են մասնակցել մինչև 22 տարեկան անձինք: Ամեն թիմ պետք է բաղկացած լինի 4 անձից:
Մրցույթի ընթացքում մասնակիցները պետք է նախագծեն և պատրաստեն ռոբոտներ, որոնք պետք է գտնվեն սպիտակ դաշտում, որի վրա կան սև գծեր: Ռոբոտը պետք է շարժվի սև գծերով, հասկանա դաշտի վրայի նշանները և գտնի ճիշտ ուղիները դեպի վերջնակետ: Ռոբոտների պարամետրեր են18x18 սմ, քաշը՝ 3 -4կգ-ից ոչ ավելի, առանց կոնստրուկցիայի բարձրության սահմանափակումների:
Երկու մրցույթների եզրափակիչները կանցացկվեն դեկտեմբերի կեսին:
Առաջին անգամ ArmRobotics ռոբոտների բաց առաջնությունն անցկացվել է Հայաստանում 2008 թվականին։ Մրցույթին մասնակցել են 11 թիմեր Հայաստանից, Ղարաբաղից և Իրանից, որոնք ընդգրկել են չորս ուսանող և մեկ ղեկավար։
2009 և 2010 թթ. ArmRobotics բաց առաջնության շրջանակներում ծրագրված է եղել տարիքային տարբեր խմբերի համար նախատեսված հինգ մրցույթների անցկացում՝ «Համակարգչային սիմուլյացիա» մրցույթ (ուսանողների համար), Line Tracking մրցույթ (ուսանողների համար), «Առարկաներն ըստ գույնի և չափերի տարբերակող ռոբոտների մրցույթ» (առանց տարիքային սահմանափակումների), «Marble crossing» (դպրոցականների համար) և «Ական փնտրող ռոբոտ» (առանց տարիքային սահմանափակումների)։ --0—.