Հայկական ական փնտրող ռոբոտների ցուցադրական ելույթներն անցկացվել են Վանաձորում

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայկական ական փնտրող ռոբոտների ցուցադրական ելույթներն անցկացվել են Վանաձորում, որը ամառային ցուցադրությունների առաջին վայրն է, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) մամուլի ծառայությունից:
Ցուցադրության ընթացքում ներկայացվեցին ական փնտրող, գծին հետևող, իրեր տարբերակող և դասակարգող ռոբոտները, ցուցադրվեցին համաշխարհային ռոբոտատեխնիկային վերաբերող ֆիլմեր, կայացավ ԱրմՌոբոտիքսի մասին և ռոբոտների կիրառությունը ռազմական ոլորտում թեմաներով գործարար ներկայացում:
Հայաստանի ռոբոտների բաց առաջնության շրջանակներում նախատեսվում է ռոբոտների ցուցադրություններ անցկացնել նաև Երևանի տարբեր հատվածներում, ինչպես նաև ՀՀ մարզերում:
ԱրմՌոբոտիքսի շրջանակներում անցկացվող ռոբոտների մրցույթների նպատակն է երիտասարդների մոտ զարգացնել թիմային մտածելակերպը և աշխատանքը, ներգրավել սփյուռքի գիտական ներուժը և խթանել նոր տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում:
Առաջին անգամ ArmRobotics ռոբոտների բաց առաջնությունն անցկացվել է Հայաստանում 2008 թվականին։ Մրցույթին մասնակցել են 11 թիմեր Հայաստանից, Ղարաբաղից և Իրանից, որոնք ընդգրկել են չորս ուսանող և մեկ ղեկավար։
2009 և 2010 թթ. ArmRobotics բաց առաջնության շրջանակներում ծրագրված է եղել տարիքային տարբեր խմբերի համար նախատեսված հինգ մրցույթների անցկացում՝ «Համակարգչային սիմուլյացիա» մրցույթ (ուսանողների համար), Line Tracking մրցույթ (ուսանողների համար), «Առարկաներն ըստ գույնի և չափերի տարբերակող ռոբոտների մրցույթ» (առանց տարիքային սահմանափակումների), «Marble crossing» (դպրոցականների համար) և «Ական փնտրող ռոբոտ» (առանց տարիքային սահմանափակումների)։ --0—.