«Ական փնտրող ռոբոտ» մրցույթի եզրափակչում հաղթողներ չեղան

Եզրափակչին ինը թիմ է մասնակցել, որոնց պատրաստած աշխատանքները պետք է գտնեին ականապատված դաշտում հողի տակ պահված ականները և սերվերին ուղարկեին վերջիններիս դասավորությամբ քարտեզը: Ականները ունեին ձայնային ազդանշան, որով պարզ էր դառնում ռոբոտը պայթել է, թե ոչ: Ռոբոտներն ունեին սահմանափակ քաշ և չափեր (չափերը 30×30սմ, քաշը 10 կգ): Հաղթող պետք է ճանաչվեր այն թիմը, որն իր առջև դրված խնդիրը կլուծեր նվազագույն ժամանակում, նվազագույն սխալներով:
«Քանի որ թիմերից ոչ մեկն իր առջև դրված խնդիրը մինչև վերջ չի կատարել, ժյուրին որոշում է ընդունել առաջին և երկրորդ տեղեր չշնորհել՝ երրորդ տեղի համար երկու մրցանակ հանձնելով»,- հաղորդեցին UITE-ից։Երրորդ տեղը զբաղեցրել են Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի «Էրիկտա» և Ռուս-հայկական (սլավոնական) պետական համալսարանի «CyberRAU» թիմերը, որոնք 100 հազարական դրամ (շուրջ 265 դոլար) ստացան։ Մնացած յոթ թիմերին 40 հազար դրամ (106 դոլար) չափով խրախուսական մրցանակներ հանձնվեցին։
«Ական փնտրող ռոբոտ» մրցույթի եզրափակիչը պետք է անցկացվեր մայիսի 28-ին Երևանում, թիմերը նույնիսկ մրցութային մրցակցությունը սկսել էին, սակայն հորդառատ անձրևի պատճառով մրցույթը հետաձգվեց, քանի որ պուրակի բոլոր ճանապարհները, որտեղ անցկացվում էին մրցույթ, թրջվել էին։ Արդյունքում, մրցույթը տեղափոխվել էր հունիսի 2-ին։
Մրցույթն անցկացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո: Միջոցառման գլխավոր հովանավորն է Hoornet իրանական ընկերությունը:
Առաջնության անցկացման նպատակը Հայաստանի և սփյուռքի երիտասարդության, երիտասարդ գիտնականների և սփյուռքի գիտական ներուժի համախմբումն է, ինչպես նաև թիմային աշխատանքի սկզբունքների ձևավորումը Հայաստանում նոր տեխնոլոգիաների զարգացման միջոցով։
2009 և 2010 թթ. ArmRobotics բաց առաջնության շրջանակներում ծրագրված է եղել տարիքային տարբեր խմբերի համար նախատեսված հինգ մրցույթների անցկացում՝ «Համակարգչային սիմուլյացիա» մրցույթ (ուսանողների համար), Line Tracking մրցույթ (ուսանողների համար), «Առարկաներն ըստ գույնի և չափերի տարբերակող ռոբոտների մրցույթ» (առանց տարիքային սահմանափակումների), «Marble crossing» (դպրոցականների համար) և «Ական փնտրող ռոբոտ» (առանց տարիքային սահմանափակումների)։ --0—.