ARMROBOTICS ՌՈԲՈՏՆԵՐԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻՆ ՇՈՒՇԻՈՒՄ (ՂԱՐԱԲԱՂ)

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Armrobotics ռոբոտների բաց առաջնության եզրափակիչ փուլը կանցկացվի 2010 թվականի մայիսի 8-9-ը Շուշի քաղաքում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)։
Ինչպես չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միության (UITE) մամուլի ծառայությունից, առաջնության շրջանակներում կանցկացվեն «Ական փնտրող ռոբոտ» և «Համակարգչային սիմուլյացիա» մրցույթների եզրափակիչ փուլերը։
2009 և 2010 թթ. ArmRobotics բաց առաջնության շրջանակներում ծրագրված է եղել տարիքային տարբեր խմբերի համար նախատեսված հինգ մրցույթների անցկացում՝ «Համակարգչային սիմուլյացիա» մրցույթ (ուսանողների համար), Line Tracking մրցույթ (ուսանողների համար), «Առարկաներն ըստ գույնի և չափերի տարբերակող ռոբոտների մրցույթ» (առանց տարիքային սահմանափակումների), «Marble crossing» (դպրոցականների համար) և «Ական փնտրող ռոբոտ» (առանց տարիքային սահմանափակումների)։
Առաջնության անցկացման նպատակը Հայաստանի և սփյուռքի երիտասարդության, երիտասարդ գիտնականների և սփյուռքի գիտական ներուժի համախմբումն է, ինչպես նաև թիմային աշխատանքի սկզբունքների ձևավորումը Հայաստանում նոր տեխնոլոգիաների զարգացման միջոցով։
«Մրցույթների եզրափակիչ փուլերը նախատեսված էր անցկացնել 2009 թվականին, սակայն որոշում է ընդունվել դրանք տեղափոխել 2010 թվական՝ հաշվի առնելով մրցույթների մասնակիցների շրջանակը ընդլայնելու, մասնավորապես, սփյուռքահայ թիմերի մասնակցությունը ապահովելու անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրությունում։
Մրցույթի անցկացումը նվիրված է Շուշիում և Հայրենական Մեծ Պատերազմում հաղթանակի տարեդարձերին։
Միաժամանակ, ինչպես նշեցին UITE-ից, մրցույթներին արդեն իսկ գրանցվել է 20 թիմ։ Նոր մասնակիցները կարող են ներկայացնել հայտերը մինչև 2010 թվականի հունվարի 31-ը։
«Ական փնտրող ռոբոտ» մրցույթի ընթացքում մասնակիցները պետք է նախագծեն և պատրաստեն ռոբոտներ, որոնք կգտնեն ականապատված դաշտում հողի տակ պահված ականները և սերվերին ուղարկեն վերջիններիս դասավորությամբ քարտեզը: Ականները կունենան ձայնային ազդանշան, որով պարզ կդառնա ռոբոտը պայթել է, թե ոչ: Ռոբոտը պետք է ունենա սահմանափակ քաշ և չափեր (չափերը 30×30սմ, քաշը 10 կգ): Հաղթող կճանաչվի այն թիմը, որն իր առջև դրված խնդիրը կլուծի նվազագույն ժամանակում, նվազագույն սխալներով:
Համակարգչային սիմուլյացիան վիրտուալ ռոբոտների մրցույթ է: Մասնակիցները պետք է ծրագրավորեն վիրտուալ ռոբոտների թիմ, որը պետք է խաղա վիրտուալ ֆուտբոլ: Ռոբոտների ծրագիրը կարող է գրված լինել ծրագրավորման ցանկացած լեզվով` Լինուքս օպերացիոն համակարգում: Հաղթող կճանաչվի այն թիմը, ում գրած ծրագիրը կլինի ավելի ճիշտ և ռոբոտների թիմը կհաղթի հակառակորդ թիմին:
Առաջնությունն անցկացվում է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Միջոցառման գլխավոր հովանավորը իրանական «Հուրնեթ» ընկերությունն է:
Առաջին անգամ ArmRobotics ռոբոտների բաց առաջնությունն անցկացվել է Հայաստանում 2008 թվականին։ Մրցույթին մասնակցել են 11 թիմեր Հայաստանից, Ղարաբաղից և Իրանից, որոնք ընդգրկել են չորս ուսանող և մեկ ղեկավար։ -0-