ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ ԿԱՆՑԿԱՑՎԻ

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում դեկտեմբերի 2-15-ը կանցկացվի Ծրագրավորման բաց մրցույթ-2008-ը (Armenian Open Programming Competition -2008): Այս մասին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտնեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
Նրա խոսքերով, մրցույթի նպատակն է ի հայտ բերել տաղանդավոր երիտասարդ ծրագրավորողների և ավելի զարգացնել այս ճյուղը:
«Մրցույթին կարող են մասնակցել C++ և Java լեզուների իմացությամբ մինչև 30 տարեկան ծրագրավորողները»,- հայտնեց Ենգիբարյանը:
Նա նշեց, որ մրցույթը կանցկացվի չորս փուլով, մրցույթին մասնակցելու հայտերի ընդունումը սկսվել է մեկ շաբաթ առաջ և կավարտվի դեկտեմբերի 2-ին, իսկ արդեն դեկտեմբերի 5-ին տեղի կունենա ընտրական փուլը, որի արդյունքներով էլ կընտրվեն 60 հաղթողները:
Հաջորդ փուլը, որը կկայանա դեկտեմբերի 8-ին, նախատեսում է անհատական մրցույթի անցկացում, որին հաղթելու դեպքում 30 մասնակից «Ուսումնական ճամբար» ծրագրին մասնակցելու հնարավորություն կստանա:
«Ուսումնական ճամբարի մասնակցները կկազմեն 10 թիմ՝ մասնակցելու Երևանում անցկացվող թիմային մրցույթին, որը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին»,- ասաց Ենգիբարյանը:
Նրա խոսքերով, անհատական և թիմային մրցույթներում հաղթող ճանաչվածների առաջին եռյակը մրցանակների կարժանանա:
«Այս տարի հաղթողներին տրվող դրամական մրցանակները կկազմեն 200-450 հազար դրամ, դրամական մրցանակներ է նախատեսվում նաև մրցույթի հովանավորների կողմից, մասնավորապես, այս տարի ընկերությանն աջակցում է Sun Microsystems-ը»,- ասաց Ենգիբարյանը:
Միաժամանակ նա նշեց, որ ամեն տարի մրցույթին մասնակցում է շուրջ 400 երիտասարդ մասնագետ և ծրագրվում է, որ այս տարի նրանց թիվը չի նվազի:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վարչության պետ Ժենյա Ազիզյանը նշեց, որ մրցույթն անց է կացվում հինգերորդ տարին անընդմեջ և համահունչ է երկրում ՏՏ զարգացման քաղաքականությանը:
«Սա արդեն կայացած մրցույթ է, որը ոլորտի հանդեպ հետաքրքրություն կառաջացնի, կխթանի թիմային աշխատանքները, կօգնի շուկայի զարգացմանը և լավագույն խթան է սկսնակ մասնագետների համար»,- ասաց Ազիզիյանը:
Միաժամանակ նա նշեց, որ այս տարի կառավարության համաֆինանսավորումը կազմել է 5 մլն. դրամ:
Մրցույթի կազմակերպիչներն են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը, Sun Microsystems կորպորացիան, USAID-ն և Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միությունը (UITE):-0-