USD
368.18
EUR
428.71
RUB
5.1754
GEL
138.15
2026 թ. մայիսի 29, ուրբաթ
եղանակը
Երևանում
+16

Մշակվել է բիոնիկ լինզա, որը թույլ կտա ընդմիշտ վերականգնել տեսողությունը

04.06.2015, 14:48
Ocumetics Technology ընկերության հիմնադիր և ղեկավար դոկտոր Գարթ Ուեբը (Dr. Garth Webb) հայտնել է, որ այնպիսի սարք է մշակվում, որը թույլ կտա ընդմիշտ լուծել տեսողության սրության հետ կապված խնդիրը։ Սարքը կկարողանա այնպիսի տեսողություն ապահովել, որը 3 անգամ սուր կլինի նորմալ տեսողությունից (20/20 արևմտյան երկրներում կամ 1 ԱՊՀ երկրներում), հայտնում է BusinessInsider–ը։
Մշակվել է բիոնիկ լինզա, որը թույլ կտա ընդմիշտ վերականգնել տեսողությունը
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. Ocumetics Technology ընկերության հիմնադիր և ղեկավար դոկտոր Գարթ Ուեբը (Dr. Garth Webb) հայտնել է, որ այնպիսի սարք է մշակվում, որը թույլ կտա ընդմիշտ լուծել տեսողության սրության հետ կապված խնդիրը։ Սարքը կկարողանա այնպիսի տեսողություն ապահովել, որը 3 անգամ սուր կլինի նորմալ տեսողությունից (20/20 արևմտյան երկրներում կամ 1 ԱՊՀ երկրներում), հայտնում է BusinessInsider–ը։

Ընկերությունում մշակած արհեստական ոսպնյակը ստացել է Ocumetics Bionic Lens անունը։ Մասնագետները սարքի ստեղծման ուղղությամբ աշխատել են 8 տարի, մշակումը արժեցել է 3 մլն դոլար։ Բացի այդ, մշակված լուծումը տեսողության սրություն է ապահովում ամբողջ կյանքի ընթացքում։ Այլևս ակնոց կամ կոնտակտային արհեստական ոսպնյակներ կրելու անհրաժեշտություն չի լինի։

Հարկ է նշել, որ Ocumetics Bionic Lens կրելու համար անհրաժեշտ է աչքերի ոչ մեծ «անցավ» վիրահատություն կատարել։ Վիրահատությունը նման է կատարակտի հեռացման վիրահատական միջամտության։ Դա ամբուլատոր պրոցեդուրա է, որը անզգայացում կամ բուժհաստատությունում երկարատև բուժում չի պահանջում։ Իմպլանտատի տեղադրման համար պետք է ընդամենը 8 րոպե։  

Վիրահատության ընթացքում բիոնիկ լինզան տեղադրվում է աչքի մեջ ծալված վիճակում ֆիզիոլոգիական լուծույթով ներարկիչի օգնությամբ։ Այնուհետև, մոտ 10 վայրկյանի ընթացքում ոսպնյակն ուղղվում է և ինքնուրույն զբաղեցնում ճիշտ տեղն աչքում, ինչից հետո միանգամից շտկում է տեսողությունը։ Ընդ որում` տեսողությունն ընդմիշտ գերազանց է մնում և չի վատանում ժամանակի ընթացքում։

«Եթե ավելի վաղ դուք կարող էիք տեսնել ժամացույցը 10 ֆուտ հեռավորությունից (մոտ 3 մետր), ապա բիոնիկ ոսպնյակ տեղադրելուց հետո դուք կարող եք դրանք տեսնել արդեն 30 ֆուտ հեռավորությունից (մոտ 9 մետր)»,– ասում է Գարթ Ուեբը։

Նա չի հստակեցնում, թե ինչպես է գործում պատենտավորված տեխնոլոգիան, բայց վստահեցնում է, որ այն բացարձակ անվտանգ է և կենսաֆիզիկական որևէ փոփոխություն չի առաջացնում։ Նախևառաջ, բիոնիկ ոսպնյակով մարդիկ այլևս երբեք կատարակտի խնդիր չեն ունենա։ Երկրորդ` ոսպնյակի տեղադրման վիրահատությունն ավելի անվտանգ է, քան տեսողության լազերային շտկումը, որի ժամանակ այրվում է եղջերաթաղանթի առողջ հյուսվածքը։

Բացի այդ, լազերային շտկումը կարող է բարդություններ ունենալ և հանգեցնել մի շարք լրացուցիչ սահմանափակումների։ Օրինակ` մթին հարմարվելու խախտումը խնդիրներ է առաջացնում գիշերային ժամերին ճիշտ կառավարվելու հետ, իսկ ծանրություններ բարձրացնելու և ակտիվ ֆիզիկական վարժություններ կատարելու արգելքն էապես ազդում է սովորական կենսակերպի վրա։

Այժմ Ocumetics Technology ընկերությունը կզբաղվի կլինիկական հետազոտությունների գործընթացով։ Այդ հարցում մի շարք ակնաբույժներ արդեն հայտնել են իրենց աջակցությունը։ Սկզբում փորձարկումները կանցկացվեն կենդանիների վրա, այնուհետև` կուրություն ունեցող մարդկանց։ Միայն նրանից հետո, երբ ամեն ինչ անցնի պատշաճ մակարդակով, ընկերությունը կարող է ստանալ վերահսկիչ մարմինների թույլտվությունը։ Ակնկալվում է, որ Ocumetics Bionic Lens–ը կարող է շուկայում հայտնվել 2017 թվականին։ Դրանից կարող են օգտվել 25 տարեկանից բարձր մարդիկ, քանի որ աչքի կառուցվածքը շարունակում է ձևավորվել մինչև այդ տարիքը։ -0-