Հոլանդիայում ինտերակտիվ ավտոճանապարհ են ստեղծել
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հոլանդիայում մեկնարկել է երկրի տարածքը «խելացի» ճանապարհներով համալրելու նախագիծը, որոնք լուսավորվում են մթության մեջ և տեղեկացնում են վարորդներին վտանգավոր եղանակային պայմանների մասին։
Օսա քաղաքում մոտ 500 մ երկարություն ունեցող ճանապարհի փորձնական հատված է կառուցվել, որտեղ տեղադրված է լյումինեսցենտային ներկով պատված հատուկ ճանապարհային նշան։ Այն ցերեկը պահեստավորում է արևային էներգիան, իսկ մթության մեջ լուսավորվում է։ Մշակողների խոսքերով` գիշերային լուսավորության տևողությունը 8 ժամ է, հաղորդում է cnews.ru–ն։
Նախագծի հեղինակներն են Dann Roosegaarde և Heijmans Infrastructure ընկերությունները։ Բացի լուսավորվող նշանից, նրանք առաջարկում են ստեղծել «խելացի» նշաններ, որոնց վարորդները կարող են տեսնել որոշակի պայմաններում։ Օրինակ, երբ փողոցում ցուրտ է և մերկասառույցի հավանականություն կա, ինտերակտիվ ճանապարհը կցուցադրի ձյան փաթիլների պես զգուշացնող նշաններ։
Բացի այդ նախատեսվում է ավտոմայրուղիներում ներդնել լուսավորման էներգաարդյունավետ համակարգ, որը էներգիա կստանա քամուց և կմիանա միայն մեքենայի մոտենալու ժամանակ։ Նախատեսվում է նաև ստեղծել էլեկտրամոբիլների համար նախատեսված ընդգծված գծեր, որոնց վրա շարժվելիս «կանաչ» ավտոտրանսպորտը կկարողանա լիցքավորվել։
Հարավային Կորեայում արդեն կյանքի են կոչել ճանապարհից էլեկտրամոբիլների լիցքավորման գաղափարը։ Յուրահատուկ ճանապարհի նախագիծը փորձարկում է նաև Volvo ընկերությունը։–0–