USD
385.06
EUR
436.58
RUB
4.8024
GEL
140.61
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+27

Number Portability համակարգի ներդրումը ՀՀ–ում. ու՞մ է ձեռնտու և ո՞վ կշահի

02.07.2012, 16:14
Orange Armenia բջջային օպերատորը (France Telecom խմբի դուստր ընկերություն) երկու տարի առաջ հանդես եկավ Հայաստանում Mobile Number Portability (բջջային համարների համալիր փոխանցման, MNP) համակարգի ներդրման նախաձեռնությամբ։ Համակարգը թույլ կտա բաժանորդներին պահպանել հեռախոսահամարը բջջային կապի մի օպերատորից մյուսին անցնելիս։
Number Portability համակարգի ներդրումը ՀՀ–ում. ու՞մ է ձեռնտու և ո՞վ կշահի
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Orange Armenia բջջային օպերատորը (France Telecom խմբի դուստր ընկերություն) երկու տարի առաջ հանդես եկավ Հայաստանում Mobile Number Portability (բջջային համարների համալիր փոխանցման, MNP) համակարգի ներդրման նախաձեռնությամբ։ Համակարգը թույլ կտա բաժանորդներին պահպանել հեռախոսահամարը բջջային կապի մի օպերատորից մյուսին անցնելիս։

Այդ պահից MNP համակարգի ներդրման շուրջ ծավալված քննարկումներն ու վեճերն առայժմ որևէ արդյունք չեն տվել` համակարգի ներդրմանն ավանդաբար կողմ է հանդես էկել Orange Armenia–ն, իսկ Հայաստանի մյուս բջջային օպերատորները, ինչպես և ֆիքսված կապի օպերատորներն ու պրովայդերները որոշակի դիրքորոշում չեն արտահայտել այդ հարցի վերաբերյալ։

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) կողմից ավանդաբար անցկացվող Հայաստանի ՏՏ ոլորտի առաջնորդների «Առանց փողկապների» հերթական հանդիպման ընթացքում, որն անցկացվել է նախորդ շաբաթ Աղվերանում, կրկին բարձրացվեց ինչպես բջջային, այնպես էլ ֆիքսված կապի համարների համալիր փոխանցման համակարգի ներդրման հարցը։ Այս անգամ հայրենական հեռահաղորդակցության ոլորտի ներկայացուցիչները, ի վերջո, քիչ թե շատ որոշակի դիրքորոշում արտահայտեցին համակարգի ներդրման հարցում։

Ինչու՞ է MNP ներդնել Հայաստանում


Orange Armenia–ի փոխգործակցությունների հարցերով խորհրդական Վահե Հովհաննիսյանի խոսքով, երկրում Number Portability համակարգի ներդրման անհրաժեշտությունն ակնհայտ է` աշխարհի մի շարք երկրներ այն ներդրել են, իսկ Եվրամիությունում այն համարվում է սպառողների հիմնական իրավունքներից մեկը (սահմանված է ԵՄ Ունիվերսալ դիրեկտիվով 2002 թ.–ին)։

«Համարների համալիր փոխանցման համակարգի ներդրման հիմնական արդյունքը մրցակցության բարձրացումն է, ինչն արտահայտվում է ոչ միայն սակագների նվազմամբ, այլ նաև ծառայությունների որակի աճով և նորարարությունների ներդրմամբ։ Արդյունքում աճում է մեկ բաժանորդից ստացված միջին շահույթը, ինչն ընդլայնում է շուկան` խթանելով ներդրումներն ու ծառայությունների որակի բարելավումը»,– ասաց Հովհաննիսյանը։

Նա ընդգծեց, որ մի շարք երկրներ ներդրել են MNP համակարգը այն ծախսերի կրճատման համար, որոնք անրաժեշտ են մի օպերատորից մյուսին անցնելու դեպքում, ինչպես նաև բաժանորդների համար հնարավորությունների ընդլայնման և շուկայի մրցունակության ցանկալի մակարդակ ապահովելու համար։

«Դժվար է պատկերացնել, որ մեր պաշտոնական կայքը կամ էլեկտրոնային փոստի հասցեն պատկանեին ձեր Ինտերնետ–պրովայդերին։ Քանի որ բաժանորդն ինքն է արժեք տալիս համարին, զանգեր իրականացնելով կամ ընդունելով, գովազդելով այն, ապա համարը պետք է պատկանի հենց նրան»,– ասաց նա։

Հովհաննիսյանը նշեց նաև, որ Հայաստանում Number Portability համակարգի ներդրման համար անհրաժեշտ են օրենսդրական դաշտի համապատասխան փոփոխություններ։ Ըստ նրա, հարկ է սահմանել համարների տեղափոխման գործընթացը, ընտրել տեխնիկական լուծումներ և սահմանել անցման տեխնիկական իրագործման ժամկետները։

Նա միաժամանակ պարզաբանեց, որ համարների համալիր փոխանցման համակարգի ներդրման արժեքը կախված է ընտրված լուծումից և օպերատորների կողմից օգտագործվող ենթակառուցվածքներից։ «Ելնելով միջազգային փորձից` MNP–ի ներդրումը Հայաստանի բջջային օպերատորների համար կարող է տատանվել 100 հազար եվրոյից մինչև 1.5 մլն եվրո»,– տեղեկացրեց Հովհաննիսյանը։

Երկու մրցակից` երրորդի դեմ

Երբեք նախկինում երկրի երկու խոշորագույն հեռահաղորդակցային ընկերությունները` «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (Beeline ապրանքանիշ) և VivaCell-MTS–ը («Ղ–Տելեկոմ ՓԲԸ», ՄՏՍ ԲԲԸ–ի դուստր ընկերություն), չեն գործել այսքան հարթ և չեն եղել այսքան համերաշխ, ինչպես շաբաթ օրը` ընդդիմախոսելով  Orange Armenia ընկերությանը։

Ըստ էության, ԱրմենՏելն ու ՎիվաՍելն ընդունել են համարների համալիր փոխանցման համակարգի ներդրման կարևորությունը, սակայն կարծիք են հայտնել, որ հայկական շուկան դեռ պատրաստ չէ դրան։

ԱրմենՏելի իրավաբանական ծառայության ղեկավար Դավիթ Սանդուխչյանը, խոստովանելով, որ MNP–ի ներդրումը զարգացող երկրներում բարձրացնում է սպառողների պաշտպանության մակարդակը և խթանում է բջջային ձայնային կապի շուկայի մրցակցությունը` նվազեցնելով սակագները և բարձրացնելով սպասարկման որակը, նշեց, որ աշխարհում համարների տեղափոխելիության ծառայության պահանջարկը մեծ չէ։ Հղում անելով Interconnect Communication խորհրդատվական ընկեևության կողմից անցկացված հետազոտությանը` նա տեղեկացրեց, որ ԵՄ–ում «տեղափոխված» համարների ծավալը կազմում է ընդամենը 3.2 տոկոս։  

Ըստ նրա, MNP–ի ծառայության ցածր պահանջարկի պատճառները տարբեր են։ «Նախևառաջ, դա այլ համարի անցնելիս ծառայությունների ժամանակավոր անհասանելիությունն է, բացի այդ բաժանորդների շրջանում անորոշությունն է սեփական զանգերի ուղղության վերաբերյալ։ Հայաստանի պես փոքր շուկա ունեցող երկրներում MNP–ի փոքր պահանջարկը կապված է այդ ծառայության բարձր գներով»,– պարզաբանեց նա։

Բացի այդ, նրա խոսքով, համարների տեղափոխման համակարգի ներդրումը զարգացած շուկաներում բջջային օպերատորներից հավելյալ կապիտալ և օպերացիոն ծախսեր է պահանջում։ «Նախնական հաշվարկներով, MNP համակարգերը յուրաքանչյուր օպերատորի համար կարժենա 1 մլն դոլար»,– ավելացրեց Սանդուխչյանը։

Իրավաբանն ընդգծեց, որ MNP–ի ներդրումը նաև 20 տոկոսով կրճատում է օպերատորների եկամուտները զարգացող, ոչ կայուն շուկաներում, համաձայն Սթենֆորդի համալսարանի անցկացրած հետազոտության։ «Հարց է ծագում` չի կարելի, արդյոք, ավելի արդյունավետ ծախսել այն ներդրումները, որոնք անհրաժեշտ են համարների տեղափոխման համակարգի ներդրման համար։ Օրինակ, դրանք կարելի է ուղղել լայնաշերտ Ինտերնետի ծառայությունների հասանելիության բարձրացմանը։ Եվ այդ համատեքստում այլ հարց է առաջանում` համարժեք են, արդյո՞ք, ծառայության ներդրման համար անհրաժեշտ ծախսերն այն ծախսերին, որոնք ուղղված են լայնաշերտ Ինտերնետ ծառայության զարգացմանը, եթե հաշվի առնենք, որ համարների տեղափոխման համակարգից կօգտվեն միայն 5-10 տոկոսը և որը կարող է հանգեցնել օպերատորների եկամուտների 20–տոկոսանոց անկման, իսկ լայնաշերտ ինտերնետն ապահովում է ՀԱԱ 20–տոկոսանոց աճ»,– ասում է նա։

Միաժամանակ Սանդուխչյանը կարծում է, որ MNP–ի ներդրումը ձեռնտու է, նախևառաջ, այն օպերատորին, որը շուկայում դեմպինգի քաղաքականություն է վարում, օպերատորին, ով վերջերս է հայտնվել շուկայում, ինչպես նաև ցածր եկամուտներով օպերատորին... «Կարծում եմ, որ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ MNP–ի ներդրում այսօր ձեռնտու է միայն Orange Armenia–ին (ընկերությունը հայկական շուկա է մուտք գործել 2009 թվականի նոյեմբերից և շահույթի ստացում է ակնկալում միայն 2012 թվականի երկրորդ կիսամյակի վերջին` «ԱՌԿԱ»)»,– ավելացրեց նա։

VivaCell-MTS–ի մարքեթինգի և հաղորդակցությունների վարչության պետ Արմեն Այվազյանն իր հերթին նույնպես խոստովանեց, որ MNP–ի նշանակությունը հերքելը պարզամտություն է, բայց խնդիրը համակարգի ներդրման ժամանակավրեպ լինելն է։

 «Նախկին ԽՍՀՄ երկրներում այդ հարցի շուրջ շտապել չարժե։ Վրաստանը, Բելառուսը շտապեցին և արդյունքում բախվեցին շուկայի ծավալների գրեթե 30–տոկոսանոց կրճատման։ Հայաստանում շուկայի 30–տոկոսանոց կրճատումը կոնկրետ Orange–ի դեպքում պարզապես կհանգեցնի դրա փակմանը, իսկ մեր դեպքում կհանգեցնի նրան, որ մենք չենք կարողանա զարգացնել։ Մենք կարծում ենք, որ MNP համակարգը պետք է Հայաստանին, բայց միայն այն ժամանակ, երբ տնտեսությունն ու հասարակությունը կհասնեն զարգացման որոշակի մակարդակի։ Բացի այդ, 1.5 մլն եվրոն բավականին մեծ գումար է։ Ես կխնդրեի Orange Armenia–ին հստակ առանձնացնել բաժանորդների շահերը սեփական շահերից»,– ընդգծեց Այվազյանը։

Նա նշեց նաև, որ չի հասկանում, թե ինչու է Հայաստանում Orange–ը կողմ MNP–ի ներդրմանը, իսկ Մոլդովայում դրա ներդրման ամենամոլի հակառակորդն է։ «Եթե դուք (Orange) ալտրուիստներ եք, ապա հետևողական եղեք»,– ավելացրեց նա։

Այվազյանը պարզաբանեց, որ VivaCell-MTS–ի դիրքորոշումն այս հարցում հստակ է` MNP–ի ներդրումն անհրաժեշտ է, բայց այն չի կարող իրականացվել 2015-2016 թվականներից շուտ։

Անսպասելի շրջադարձ


Թվում էր, թե ԱրմենՏելն ու VivaCell-MTS–ը կարողացան բավականին հիմնավոր հանդարտեցնել Orange Armenia–ին, բայց անսպասելիորեն համարների տեղափման համակարգի ներդրման գաղափարին կողմ հանդես եկան Հայաստանի մնացած հեռահաղորդակցային ընկերությունները` նժարը փոխելով Orange–ի կողմը։

Մասնավորապես, Arminco պրովայդերական ընկերության տնօրեն Գրիգոր Սաղյանը նշեց, որ համակարգի ներդրման ժամանակավրեպ լինելու մասին խոսակցությունները պետք է վարել կատարած հաշվարկների համատեքստում։ «Ինչպե՞ս կարելի է առանց որևէ հաշվարկի հայտարարել ինչ–որ ժամկետների մասին։ Ինչու՞ հենց 2015-2016 թվականներին, ո՞րն է տրամաբանությունը։ Կարծում եմ, որ Հայաստանում MNP–ի ներդրման պահն արդեն հասունացել է»,– ասաց Սաղյանը։

GNC-Alfa հեռահաղորդակցային ցանցի օպերատոր ընկերության միջօպերատորական համագործակցության դեպարտամենտի ղեկավար Արմեն Սիմոնյանը հիշեցրեց, որ նման մի բան կատարվեց մի քանի տարի առաջ, երբ քննարկվում էր «ԱրմենՏել» ընկերության` Հայաստանի հեռահաղորդակցային շուկայի մենաշնորհի դիրքի պահպանման հարցը։ Այն ժամանակ ճնշող մեծամասնությունը վստահ էր, որ, եթե զրկեն մենաշնորհից, ապա ոլորտի եկամուտները կտրուկ կնվազեն։ «Ասում էին, որ ենթակառուցվածքները դեռ պատրաստ չեն նոր օպերատորների ընդունել, բայց փորձը ցույց է տալիս, թե որքան պայթյունանման արդյունք տվեց շուկայի ապամենաշնորհացման որոշումը։ Կարծում եմ, որ ներկայում MNP համակարգի ներդրման իրավիճակը նույնն է»,– ընդգծեց նա։

«Օպերատորների դիրքորոշումը պարզ է, նրանք յուրովի ճիշտ են։ Բայց մենք պետք է այդ հարցը քննարկենք ոչ թե օպերատորների շահերի տեսանկյունից, այլ ընդհանուր շուկայի զարգացման տեսանկյունից։ Իմ կարծիքով, միանշանակ, MNP–ն պետք է Հայաստանին։ Պետք է որոշում ընդունել, ժամկետներ սահմանել և պատրաստվել համակարգի ներդրմանը, հակառակ դեպքում այդ քննարկումները կարող են շարունակվել ևս տասը տարի։ Եթե մենք սկսենք արդեն այսօր, ապա կհասցնենք հենց այն ժամկետներում, որոնց մասին խոսում էր VivaCell-MTS–ը` 2015 թվականին»,– ասաց նա։

«Ucom (Universal Communications, ունիվերսալ կապ) ընկերության տնօրենի տեղակալ Ալեքսանդր Եսայանն իր հերթին նշեց, որ համարների տեղափոխելիության համակարգի ներդրումը միանշանակ չի կարող բացասաբար ազդել շուկայի վրա, քանի որ բարձրացնում է դրա մրցունակությունը։ «Ամեն դեպքում, սպառողի համար դա բացասական հետևանք ունենալ չի կարող, և որքան շուտ ներդրվի MNP համակարգը, այնքան լավ»,– ասաց նա։

Եսայանն ընդգծեց, որ Ucom ընկերությունը կողմ է նաև ֆիքսված հեռախոսահամարների տեղափոխման համակարգի ներդրմանը (Ucom  ընկերությունը մատուցում է նաև ֆիքսված կապի ծառայություններ)։ «Թեև այսօր մենք չունենք «աշխարհագրական համարներ», բայց ծրագրում ենք դիմել Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որ այդ գործառույթն էլ ունենանք»,– հայտնեց նա։

Պետական կառույցների դիրքորոշումը

Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Անդրանիկ Ալեքսանյանը քննարկումների ընթացքում տեղեկացրեց, որ Տրանսպորտի նախարարությունը հրավիրել է միջազգային փորձագետների, ովքեր ներկայում ուսումնասիրում ենք այդ հարցը։ «Մենք սպասում ենք նրանց գնահատականներին, և հետո միայն կկարողանանք ասել, թե պատրաստ է, արդյո՞ք, Հայաստանը MNP–ի ներդրմանը թե ոչ»,– ավելացրեց նա։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցությունների վարչության պետ Գևորգ Գևորգյանն իր հերթին նշեց, որ երկու տարի շարունակվող քննարկումներն ու վեճերը Number Portability համակարգի ներդրման թեմայով մի փոքր զարմացնում են։

Ըստ նրա, ամեն դեպքում, հարցը պետք է դիտարկել շուկայի շահերի համատեքստում, երբ ձեռքի տակ կլինեն հստակ թվեր և փաստարկներ։ «Պետք է սպասել ուսումնասիրությունների արդյունքներին և հետո միայն քննարկել այն»,– ընդգծեց այն։

Նա հայտնեց նաև, որ ԱրմենՏելի առաջարկով ՀԾԿՀ–ի անդամները և հանրապետության բջջային օպերատորների ներկայացուցիչները երկուշաբթի կմեկնեն Վրաստան տեղական փորձի ուսումնասիրման համար, իսկ հետո, VivaCell-MTS–ի առաջարկով կուսումնասիրեն Բելառուսի փորձը, Orange–ը նույնպես մեզ այլ տեղեր կտանի»,– կատակեց նա։

Փորձագետների գնահատականներով, շուկայի և MNP–ի ներդրման տեխնիկական հնարավորությունների ուսումնասիրման համար կպահանջվի առնվազն 1-2 տարի։ MNP–ի ներդրումն օպերատորներից լրացուցիչ ներդրումներ կպահանջի հաշվառման համակարգի և բիլինգային համակարգերի ամբողջական փոխարինման համար։

Համաշխարհային փորձ


Առաջին անգամ աշխարհում ֆիքսված համարների համալիր փոխանցման ծառայությունը ներդրվել է 1995 թվականին Հոնկոնգում, իսկ բջջային հեռախոսներինը` 1997 թվականին Սինգապուրում։

Neustar Inc. Ամերիկյան ընկերության  (մասնագիտանում է NP-լուծումների վրա)` 2011 թվականի տվյալներով, MNP–ն օգտագործվում է 65 երկրում, իսկ առաջիկա երկու տարիներին ծրագրվում է ներդնել ևս 20 երկրում։

ԱՄՆ–ում, Տնտեսական հետազոտությունների Սթենֆորդի համալսարանի տվյալներով, MNP–ի ներդրումից հետո կապի ծառայությունների սակագները նվազել են միջինը 4-4.5 տոկոսով, միաժամանակ բաժանորդների ծախսերի համախառն նվազումը կազմել է ամսական մոտ 120 մլն դոլար։

Եվրոպայում MNP–ի ներդրումից հետո արձանագրվել է բջջային կապի` միջինը 4–տոկոսանոց նվազում, ֆիքսված կապի` մինչև 11–տոկոսանոց նվազում։ -0-