«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ԿՐԿԻՆ ԱՌԱՆՑ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆՒ Է ՄՆԱՑԵԼ. ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը հայտարարել է ընկերության ղեկավարի պաշտոնը լքելու իր մտադրության մասին՝ որոշումը բացատրելով ընտանեկան հանգամանքներով։ Միաժամանակ հրաժարականը միանգամից ընդունվել է «ՎիմպելԿոմում» մեկ օրվա ընթացքում։ Վելիչկովն այդ պաշտոնում մնաց գրեթե մեկ տարի՝ իր պարտավորությունները ստանձնելով 2008թ.-ի մայիսի 19-ին։ Մինչ այդ ընկերության ղեկավարի պաշտոնը թափուր էր գրեթե հինգ ամիս։ «ԱրմենՏելի» նախորդ գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկը նույնպես աշխատել էր այդ պաշտոնում մոտ մեկ տարի։
Ի՞նչն է պատճառը, որը հեռախոսային ընկերության ղեկավարությունը հաճախ է փոփոխվում։ Արդյո՞ք դա պայմանավորված է հանրապետությունում առկա խնդիրներով, ընկերության ներքին թերություններով, պետական մարմինների հետ փոխհարաբերություններում ունեցած դժվարություններով, թե դա Հայաստանի ուղղությամբ «Վիմպելկոմի» չհաշվարկված քաղաքականության արդյունքն է։ Դժվար է միանշանակ եզրակացություններ անել, քանի որ իրական պատճառները հայտնի են միայն Վելիչկովին, սակայն ինչ-որ ձերով իրավիճակից «գլուխ հանելու» համար անհրաժեշտ է անդրադարձ կատարել ընկերության պատմությանն ու ընդհանուր իրավիճակին։
1997 թ.-ից սկսած՝ «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի հիմնական փաթեթը պատկանում էր ОТЕ հունական հեռահաղորդակցական ընկերությանը, որն այդպես էլ չկարողացավ գրավել հայ սպառողի համակրանքը։ 2006թ.-ի նոյեմբերին հունական մասնաբաժինը՝ 90 տոկոս բաժնետոմսերի չափով ձեռք բերեց «ՎիմպելԿոմ» ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Beeline)՝ դրա դիմաց վճարելով 341,9 միլիոն եվրո, ինչպես նաև իր վրա վերցնելով հայկական ընկերության՝ մոտ 40 միլիոն եվրոյի պարտքն ու պարտականությունները։ Ավելի ուշ՝ արդեն 2007 թ.-ի ապրիլին «ՎիմպելԿոմը» ՀՀ կառավարության հետ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 10 տոկոսի ձեռքբերման գործարք կնքեց՝ իր մասնաբաժինը հասցնելով 100 տոկոսի։ Այդ փաթեթի արժեքը կազմեց 38,6 միլիոն եվրո, այսինքն «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90-տոկոսանոց փաթեթի դիմաց «ՎիմպելԿոմի» կողմից վճարված արժեքի 1/9 մասը։
Այդ պահի դրությամբ «ԱրմենՏելը» Հայաստանում ֆիքսված կապի ոլորտում և փրովայդերներին և վերջնական սպառողներին Ինտերնետի տրամադրման մենաշնորհ ուներ, ինչպես նաև երկրի երկու բջջային օպերատորներից մեկն էր (GSM 900 և CDMA ստանդարտներ)։ 2006թ.-ի վերջին օպերատորի բաժանորդային բազան կազմում էր շուրջ 608,5 հազ. ֆիքսված կապի բաժանորդ և 452 հազ. բջջային բաժանորդ։ Այսօր ֆիքսված կապի գծով ընկերության բաժանորդային բազան կազմում է շուրջ 650 հազ. բաժանորդ, իսկ բջջային ծառայությունների գծով գերազանցում է 784 հազարը։
Հայաստանում արդեն լիովին ռուսական ընկերություն դարձած «ԱրմենՏելի» առաջին գլխավոր տնօրենը դարձավ Օլեգ Բլիզնյուկը, ով ղեկավարեց շուրջ մեկ տարի։ Այդ ժամանակվա ընթացքում նա հասցրեց անել մի քանի լուրջ հայտարարություններ, մասնավորապես, «ՎիմպելԿոմ» ընկերության համար միասնական ապրանքանիշին (Beeline) անցնելու միջոցով ընկերության հեղինակության բարելավման վերաբերյալ ընկերության մտադրության մասին։ Ինչպես կարծում էր Բլիզնյուկը, դա թույլ կտար ընկերությանը ազատվել «ԱրմենՏել» ապրանքանիշից, որը որոշակի զայրույթ էր առաջացնում բնակչության շրջանում։ Ինչպես հավաստիացնում էր Բլիզնյուկը, 2008թ.-ի վերջին «ԱրմենՏելը» դառնալու էր ծառայություններ մատուցող լավագույն ընկերությունը Հայաստանում։
Ընկերության ղեկավարության գործունեությունը դրական էին գնահատում նաև Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (ՀԾԿՀ): Մասնավորապես ՀԾԿՀ անդամ Սամվել Արաբաջյանը, ով համակարգում է հեռահաղորդակցության հետ կապված հարցերը, նշել է, որ ընկերությունը կատարել է իր պարտավորությունները՝ Հայաստանի 800 գյուղերի թվայնացման հարցում և լրացուցիչ թվայնացում է իրականացրել ևս 27 գյուղերում, ինչը «մոնիտորինգի համաձայն՝ համապատասխանում է իրականությանն ու ընկերության պարտավորություններին»։
Իհարկե, Բլիզնյուկը ավարտին չհասցրեց ֆիքսված հեռախոսակապի գործող սակագների վերանայման մտադրությունը, թեև համապատասխան դիմումն արդեն ներկայացվել էր ՀԾԿՀ քննարկմանը 2007թ.-ի հունիսի 1-ին։ Նախատեսվում էր, որ 2007թ.-ին ակնկալվող ֆիքսված կապի շուկայի ազատականացման կապակցությամբ ընկերությունը կներկայացնի ֆիքսված հեռախոսակապի սակագների ամբողջական վերահավասարակշռման առաջարկությունը, որտեղ այդ սակագները պետք է հիմնված լինեն ինքնարժեքի վրա։
«ԱրմենՏելի» դիմումի համաձայն՝ նախատեսվում էր նվազեցնել միջքաղաքային և միջազգային հեռախոսազանգերի, ինչպես նաև բջջային ցանցում կատարվող զանգերի սակագները, փոփոխություններ կատարել բաժանորդավճարում և որոշ այլ սակագներում։ Ծրագրվում էր որոշ սակագներ, մասնավորապես, մի շարք միջազգային զանգերի սակագներն անփոփոխ թողնել։ Սակայն դիմումը չէր հաստատվել, չնայած, որ ընկերության ղեկավարությունը փորձում էր ապացուցել, որ նախատեսվող սակագները շատ ավելի լոյալ են, քանի գործող սակագները։
Շարունակելով ընթացիկ աշխատանքն ու ցանցի արդիականացմանը, ինչպես նաև նոր սարքավորումներ և Հայաստանում երրորդ սերնդի ծառայություններ տրամադրելու համար տեխնիկայի ներդրմանն ուղղված ծրագրերը՝ Բլիզնյուկը 2007թ.-ի սկզբին անսպասելիորեն որոշեց լքել ընկերությունը՝ իր հեռացումը բացատրելով այն փաստով, որ «մեկ այլ ընկերությունից հետաքրքիր առաջարկություն է ստացել»։
Միաժամանակ «ԱրմենՏելի» պաշտոնական հայտարարության մեջ ասվում էր, որ Բլիզնյուկի կողմից ընկերությունը ղեկավարելու ընթացքում բիզնեսը Հայաստանում զարգանում էր բավականին դինամիկ, բավականին բարձր ֆինանսական ցուցանիշների պայմաններում։ Ոչ Բլիզնյուկը, ոչ ընկերությունը որևէ այլ լրացուցիչ մեկնաբանություններ չտվեցին, միգուցե համարվեց, որ թեման այլևս սպառված է։
Երկար ժամանակ «ՎիմպելԿոմը» չէր կարողանում Հայաստանում նոր գլխավոր տնօրեն նշանակել, նույնիսկ 2008 թ.-ի ապրիլին իրականացված ընկերության վերաապրանքանիշավորումը («ԱրմենՏելից» Beeline ) ստիպված կատարվեց առանց նորանշանակ գլխավոր տնօրենի։
Երկար սպասված իրադարձությունը՝ ընկերության նոր ղեկավարի նշանակումը, տեղի ունեցավ 2008թ.-ի մայիսի 19-ին, երբ հայտարարվեց, որ ռուսական «ՎիմպելԿոմ» ԲԲԸ-ի դուստր ընկերության՝ «ԱրմենՏել» (ապրանքանիշը՝ Beeline) ընկերության նոր գլխավոր տնօրեն է դարձել Նեյչո Վելիչկովը (Բուլղարիա)։ «Վիմպելկոմ» ընկերության ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով գործադիր փոխտնօրեն Դմիտրի Պլեսկոնոսի խոսքերով, գլխավոր տնօրեն ընտրելիս հիմնական չափանիշն է եղել Վելիչկովի բազմակողմ և հաջող մենեջարական փորձը։
Վելիչկովի աշխատանքային փորձը, իսկապես, հաջողության հասնելու հիմք էր տալիս. բարձրագույն կրթությունը ստացել է Ռուսաստանում՝ 1990թ.-ին ավարտելով Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտը, ունի ԱՄՆ-ի Սիեթլի համալսարանի MBA աստիճան, Մենեջմենտի և ԱՄՆ-ի Մասաչուսեթի տեխնոլոգիական ինստիտուտի առաջնորդի դիպլոմ։
Վելիչկովը հեռահախորդակցական բիզնես եկավ սեփական ընկերությունից, որը խորհրդատվություններ էր տրամադրում Ռուսաստանում և Եվրոպական միության երկրներում բիզնեսի ստեղծման և զարգացման նպատակով։ Նա զբաղեցնում էր Բուլղարիայում խոշորագույն GSM-օպերատորի՝ MobilTel ընկերության կորպորատիվ վաճառքների պատասխանատուի պաշտոնը, ինչպես նաև համակարգում էր ընկերության մարքեթինգն ու համալիր որոշումների վաճառքը, որոնք համակցում էին ֆիքսված, բջջային և IP կապի հնարավորությունները։
Նա ժամանակին գլխավորել էր նաև Բուլղարիայի ֆիքսված կապի խոշորագույն օպերատորի՝ «Բուլղարիայի հեռահաղորդակցական ընկերության» (ԲՀԸ) բիզնես-հատվածը, որտեղ մասնակցում էր բուլղարական շուկայում ԲՀԸ-ի դուստր ընկերության՝ բջջային կապի օպերատորի գործարկմանն ու առաջխաղացմանը։ Վելիչկովի ձեռքբերումներից է նաև շուկայում կապի նոր ծառայությունների գործարկումը (կոնվերգենտային ծառայություն և լուծումներ, GSM Gateway, VoIP լուծումներ, GSM POS տերմինալներ, mobile VPN)։
«Այսօրվա դրությամբ մեր գլխավոր խնդիրներն են երկրի տարածքում Beeline ապրանքանիշի զարգացումը, երրորդ սերնդի ցանցի և կոնվերգենտային ծառայությունների հիման վրա տրամադրվող ծառայությունների գործարկումը, ինչպես նաև կապի որակի և սպասարկման մակարդակի բարելավումը։ Այս ուղղություններով հաջողության հասնելու դեպքում մենք անպայման կհասնենք հանրաճանաչության Հայաստանի բնակչության շրջանում և կդառնանք հանրապետության առաջատար ընկերությունը», - ասել է Վելիչկովը՝ մեկնաբանելով իր նշանակումը։
Հայաստանում իր վերջին մամուլի ասուլիսի ընթացքում Վելիչկովը նշել է, որ «ԱրմենՏելը», առաջատար դիրք զբաղեցնելով հեռահաղորդակցության շուկայում, իր առաջնահերթությունն է համարում մարզերի զարգացումը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծումը։ Նա նաև ավելացրել է, որ չնայած ճգնաժամին՝ ընկերությունը մտադիր է շարունակել իր սոցիալական և բարեգործական ծրագրերը։ Վելիչկովը ընդգծել է, որ համաշխարհային ճգնաժամի պայմաններում ընկերությունը 2009թ.-ին չի կրճատի իր աշխատակիցների թիվը՝ իրականացնելով միայն «ընկերության ներքին գործողությունների վերակազմավորում»։ Միաժամանակ նա կրկին հաստատել էր, որ «ԱրմենՏելը» չի ծրագրում բարձրացնել իր ծառայությունների սակագները՝ տեղեկացնելով, որ սակագնային պլանների վերանայում հնարավոր է միայն տնտեսական իրավիճակի կտրուկ փոփոխության դեպքում։
Վելիչկովի ղեկավարությամբ ընկերությունը մեծ քայլ արեց Հայաստանի առաջին ինտեգրված օպերատորը դառնալու համար, գործարկեց երրորդ սերնդի ցանցն ու ներդրեց ֆիքսված և բջջային կապի ցանցերի տեխնոլոգիական կոնվերգենցիան։
Վելիչկովի հայաստանյան գործունեության ընթացքում ընկերությունը դրվեց նոր ռելսերի վրա, ինչի արդյունքում այն առավել հզոր դարձավ. ընդլայնվեց և ամրապնդվեց բջջային բազան, զարգացան նոր ծառայություններ և գործունեության ուղղություններ։
Վելիչկովը թողեց պաշտոնը ընկերության աճի փուլում, այն բանից հետո, երբ ստորագրվեցին ռազմավարական պայմանագրեր։ Ավելին, «ԱրմենՏելին» հաջողվեց վերացնել բացասական «հունական ժառանգությունը»՝ ընկերությանը հաղորդելով նոր դեմք։
Սակայն բավականին արդյունավետ աշխատանքից, Հայաստանում երրորդ սերնդի ցանցի ներդրումից, կայանների թվայնացման գործընթացի շարունակումից, կոնվերգենտային ծառայությունների գործարկումից, ինչպես նաև բջջային ցանցի և նոր ապրանքանիշի զարգացումից հետո Վելիչկովը հրաժարական տվեց, ինչի մասին հայտնի դարձավ ապրիլի 1-ին։ Սա ամենևին էլ ապրիլմեկյան կատակ չէր։
Պաշտոնական հայտարարության մեջ որպես հրաժարականի պատճառ նշվում են ընտանեկան հանգամանքները, ինչը բավականին ընդունելի պատճառ է, քանի որ Վելիչկովի ընտանիքն նշանակումից հետո Հայաստան չէր տեղափոխվել։ Վելիչկովի կինն աշխատում է Բուլղարիայում, երեխաները սովորում են եվրոպական հեղինակավոր բուհերից մեկում, որի նմանը Հայաստանում չկա։ Հնարավոր է, որ որևէ պահի ընտանիքի գործոնը գերազանցեց։
Սակայն կան մի շարք այլ հանգամանքներ, որոնք կասկածի տեղիք են տալիս։ Այսպես, Վելիչկովը կողմ էր ընկերության աշխատանքի վերակազմավորմանը, մասնավորապես, «ԱրմենՏելի» ղեկավարությունում ռուսական մենեջմենտը տեղական կադրերով փոփոխելուն։ Նրա կարծիքով (այդ մասին նա մեկ անգամ հայտնել էր մասնավոր զրույցի ժամանակ), դա կօգնի ընկերությանը ոչ միայն ավելի լավ հասկանալ տեղական շուկայի առանձնահատկությունները, այլև ավելի մոտ դառնալ բնակչությանը։
Կարո՞ղ էր այս հանգամանքը հակասություն առաջացնել «ՎիմպելԿոմի» ղեկավարության հետ։ Ընկերությանը մոտ կանգնած աղբյուրի տեղեկատվության համաձայն՝ Վելիչկովի և «ՎիմպելԿոմի» ղեկավարության միջև այդ հարցի շուրջ որևէ բախում կամ տարաձայնություն չի եղել, հատկապես, որ Հայաստանում բարձրակարգ մասնագետները շատ քիչ են։
Աղբյուրի խոսքերով, Վելիչկովը շեշտը չէր դնում ազգային պատկանելության վրա՝ գերադասելով թիմ հավաքել համախոհներից, այն մարդկանցից, ովքեր մտածում են նույն ուղղությամբ՝ իրագործելով մեկ սկզբունք՝ «առաջխաղացում՝ հանուն նպատակի»։
Միևնույն աղբյուրը պնդում է, որ նախկին գլխավոր տնօրենը որոշակի կոնֆլիկտի մեջ էր տեղական պետական մարմինների և կարգավորող կառույցների հետ, ինչի պատճառով ընկերության շատ ծրագրեր, որոնք կախված էին որոշ պաշտոնյաների որոշումներից, ձախողվեցին։ «Տեղի բարձր խավը չէր ընդունել նրան, քանի որ նա դուրս էր գալիս սովորական մենեջերների շրջանակից, բավականին բռնկվող էր, չէր ամաչում արտահայտվել, կտրուկ էր և միշտ ասում էր այն, ինչ մտածում էր», - նշում է աղբյուրը։
Տեղական իշխանություններին դիմակայելու համատեքստում Վելիչկովի խոշոր պարտությունների թվում կարելի է նշել ֆիքսված կապի վերահավասարակշռված սակագների մասին որոշման ձախողումը, որոնք առաջարկվել էին դեռևս 2007թ.-ին և որոնք, ինչպես կարծում էին ընկերությունում, տրամաբանական են և նախատեսում են ոչ թե սակագների բարձրացում, այլ աշխարհագրական խտրականության վերացում սակագների՝ միջին հավասարակշռված մակարդակի բերելու միջոցով։ Փոփոխությունները նաև ենթադրում էին իրավաբանական անձանց համար անվճար ժամանակի կրճատում, թեև ընկերությունը հայտարարում էր, որ այդ հարցում այն բաց է երկխոսության և հնարավոր տարբերակների քննարկման համար՝ կախված բիզնեսի ծավալներից։
Չնայած որ ՀԾԿՀ-ն մերժեց ընդունել վերահավասարակշռված սակագները, ընկերության հետ որոշակի բանակցություններ են տարվում՝ ֆիքսված ծառայությունների համար սակագնային պլանների ներդրման ուղղությամբ, որոնք արդեն գրեթե համաձայնեցված են և կհայտարարվեն մոտ ժամանակներում։ Սակայն, ինչպես կարծում են փորձագետները, դա այնպիսի արդյունավետություն չի ունենա, ինչպիսին կունենար սակագների վերահավասարակշռման նախագիծը։
Կարելի է դիտարկել նաև այլ պատճառներ, մասնավորապես, կոռուպցիան, որին դեմ էր Վելիչկովը՝ հայտարարելով, որ մտադիր չէ որևէ մեկին կաշառք տալ առաջխաղացման կամ ընկերությանն աջակցելու համար։ Հնարավոր է նաև, որ ռուսական ղեկավարությունը դժգոհ էր Հայաստանում իրականացվող ընկերության քաղաքականությունից, որ որոշակի աստիճանով բջջային կապի շուկայում «ԱրմենՏելը» բաժանորդների թվով զիջում է առայժմ միակ մրցակցին՝ VivaCell-MTS-ին (ռուսական МТС-ի հայկական դուստր)։
Ինչ վերաբերում է ՎիմպելԿոմի կողմից Վելիչկովի հարկադիր ազատմանը՝ ապա ռուսական ընկերության համար հայկական դուստր ընկերության աշխատանքում կարևորը նրա ցուցանիշներն են, և եթե գլխավոր տնօրենի վրա ճնշում գործադրվեր, ապա միայն Հայաստանում բիզնես-կառույցի գործունեության բացասական արդյունքների դեպքում։
Սակայն, ինչպես հաղորդում է ընկերության աղբյուրը, առաջին եռամսյակի ցուցանիշները, որոնք դեռևս չեն հրապարակվել, բավականին դրական են, կա աճի և բարձր արդյունավետության դինամիկա։ ««ՎիմպելԿոմ» կորպորացիան ներկա է աշխարհի ինը երկրներում և արդեն ԱՊՀ սահմաններից դուրս է գալիս, միաժամանակ կորպորացիայի ողջ կառույցում «ԱրմենՏելը» ամենաեկամտաբեր ընկերությունն է», - հաղորդում է աղբյուրը։ Իհարկե, այս տվյալները կարելի կլինի հաստատել կամ հերքել միայն համապատասխան պաշտոնական ցուցանիշների հրապարակումից հետո։
Ոլորտի գործընկերները չեն ցանկանում մեկնաբանել իրավիճակը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում ձեռնպահ մնացին մեկնաբանություններից, իսկ VivaCell-MTS-ում սահմանափակվեցին միայն ընկերությունների միջև նորմալ, արդյունավետ աշխատանքի և համագործակցության մասին արված հայտարարությամբ։
Իսկ բոլոր ժամանակներում և յուրաքանչյուր հանգամանքներում «ԱրմենՏելի» գործունեության մշտական քննադատ, Arminco փրովայդերական ընկերության տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը Վելիչկովի որոշումը ճիշտ համարեց՝ ընդգծելով, որ վերջինն «արդարացիորեն նախապատվությունը տալիս է ընտանիքին, այլ ոչ թե ընկերությանը, որը երկրի համար վնասակար է»։
Վելիչկովն առաջիկայում ծրագրում է հանգստանալ, իրեն տրամադրել ընտանիքին, իսկ մի քանի ամսից անցնել նոր աշխատանքի։ Նրան արդեն մի շարք առաջարկներ են արվել, այդ թվում նաև միջազգային խոշորագույն գործակալությունների կողմից։
Մինչ «ԱրմենՏելի» նոր գլխավոր տնօրենի նշանակումը պարտավորությունները ժամանակավորապես կստանձնի ընկերության ֆինանսական տնօրեն Կարեն Շահնազարյանը, սակայն դա դեռ չի նշանակում, որ «ՎիմպելԿոմը» նրան կնշանակի ընկերության ղեկավար։ Կարելի է ենթադրել, որ ընկերությունը կրկին երկար ժամանակ կմնա առանց գլխավոր տնօրենի մինչ չգտնվի հերթական պրոֆեսիոնալը, ով կհամաձայնի ստանձնել այդ պաշտոնը։
««ԱրմենՏել» ընկերությունը մեր բիզնեսի կարևոր բաղկացուցիչն է և մեծ մասամբ այլ երկրներում «ՎիմպելԿոմի» զարգացման ռազմավարության համար որոշիչ տարր է», - հայտարարել է Պլեսկոնոսը՝ Հայաստանում գլխավոր տնօրենի պաշտոնին Վելիչկովին նշանակելու կապակցությամբ։ Այդ դեպքում ո՞րն է է խնդիրը։ Մի՞թե ռուսական բիզնեսի համար նման կարևորություն ներկայացնող «ԱրմենՏել» ընկերությունում այդքան դժվար է պահել պրոֆեսիոնալ կադրերին։ Եվ որքա՞ն ժամանակ այդ պաշտոնը թափուր կմնա։ Հարցերը գրեթե հռետորական են, իսկ պատասխաններ կարող է տալ միայն ժամանակը։-0-
Իննա Վերլինսկայա, «ԱՌԿԱ» գործակալության մեկնաբան