USD
376.99
EUR
436.97
RUB
4.8556
GEL
139.8
2026 թ. մարտի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Twitter–ն ուսումնասիրում է այն սխալը, որի պատճառով չեն երևում տարածված թվիթերը

26.03.2014, 17:58
Twitter միկրոբլոգների ծառայությունն ուսումնասիրում է այն սխալը, որը հանգեցրել է թվիթ–հաղորդագրությունների արտապատկերման խնդիրների, ասվում է Twitter–ի տեխնիկական աջակցության էջում։ «Տուժած» հաղորդագրությունների թվում կարող էր լինել «Օսկարի» մրցանակաբաշխության հայտնի «սելֆին», հաղորդում է digit.ru–ն` հղում անելով ԶԼՄ–ներին։
Twitter–ն ուսումնասիրում է այն սխալը, որի պատճառով չեն երևում տարածված թվիթերը
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. Twitter միկրոբլոգների ծառայությունն ուսումնասիրում է այն սխալը, որը հանգեցրել է թվիթ–հաղորդագրությունների արտապատկերման խնդիրների, ասվում է Twitter–ի տեխնիկական աջակցության էջում։ «Տուժած» հաղորդագրությունների թվում կարող էր լինել «Օսկարի» մրցանակաբաշխության հայտնի «սելֆին», հաղորդում է digit.ru–ն` հղում անելով ԶԼՄ–ներին։

«Տվյալ պահին մենք ուսումնասիրում ենք այն սխալը, որի պատճառով որոշ թվիթեր չեն երևացել»,– ասվում է Twitter–ի հաղորդագրությունում։ Ծառայությունը չի հստակեցնում միջադեպի պատճառներն ու ծավալները, ինչպես նաև այն, թե երբ այդ հետևանքներն ամբողջովին կվերացվեն։

The Los Angeles Times–ի տվյալներով, ծառայության սխալի հետևանքով անհասանելի են դարձել ճանաչված մարդկանց ամենատարածված թվիթերը` ներառյալ «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ արած «ամենատարածված սելֆին», որն իր ըքաունթում էր տեղադրել արարողության հաղորդավարուհի Էլեն Դեջեներեսը։ Բջջային հեռախոսից կատարած լուսանկարում նրա հետ ներկա են Բրեդ Փիթը, Անջելինա Ջոլին, Մերիլ Սթրիփը, Ջարեդ Լետոն, Բրեդլի Կուպերը, Քևին Սպեյսին և այլ դերասաններ։

Լուսանկարի վերաթվիթի թիվը մոտենում է 3.5 միլիոնի` գրեթե երկու միլիոն օգտագործողներ այն ընդգրկել են «ընտրյալների» թվում, ինչը նկարը դարձնում է ամենաակտիվ տարածվող լուսանկարը Twitter–ի պատմության մեջ։ Ներկայում այս լուսանկարով թվիթի հասանելիությունը, ամենայն հավանականությամբ, վերականգնվել է` Digit.ru–ի խմբագրությունը կարողացել է անարգել դիտել այն ինչպես Դեջեներեսի լուրերի ժապավենում, այնպես էլ ուղիղ հղումով։ Միաժամանակ, The Daily Dot պարբերականի տեղեկացմամբ, թվիթերի արտապատկերման խնդիրներ են առաջացել նաև CNBC հեռուստաալիքի,  The Daily Mail թերթի, The Ellen Show հեռուստաշոուի, One Direction խմբի, կատարողներ Lady Gaga–ի և Ջասթին Բիբերի պաշտոնական ըքաունթներում։ -0-