USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

NASA–ի սարքերը նկարահանել են Լուսնի հակառակ կողմը

06.08.2015, 13:11
NASA գործակալության DSCOVR տիեզերական ապարատը Լուսնի հակառակ կողմի հազվագյուտ լուսանկար է արել Երկիր մոլորակի ֆոնին, հաղորդում է Lenta.ru–ն` հղում անելով գործակալության մամուլի ծառայությանը։
NASA–ի սարքերը նկարահանել են Լուսնի հակառակ կողմը

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /ԱՌԿԱ/. NASA գործակալության DSCOVR տիեզերական ապարատը Լուսնի հակառակ կողմի հազվագյուտ լուսանկար է արել Երկիր մոլորակի ֆոնին, հաղորդում է Lenta.ru–ն` հղում անելով գործակալության մամուլի ծառայությանը։

Նկարը հաջողվել է լուսանկարել Երկիր–Արև համակարգի Լագրանժ կետից (երկու օբյեկտներից հավասար հեռավորության վրա)։

DSCOVR–ում տեղադրված Earth Polychromatic Imaging Camera (EPIC) տեսախցիկը պատկերների սկզբնական տարբերակները ստացել է 2015թ.–ի հուլիսի 16–ին։ Դրանք արվել են Երկիր մոլորակից 1,5 մլն կիլոմետր հեռավորության վրա։ Նկարահանումը տևել է մոտ 5 ժամ, անիմացիայի սկզբում հանդիսատեսը տեսնում է Հյուսիսային Ամերիկան, իսկ վերջում` Ավստրալիայի ուրվագծերը։

Լուսնի աջ կողմում երևում են տարօրինակ կանաչ երանգներ, քանի որ EPIC–ի գունավոր լուսանկարները ստացվում են կարմիր, կանաչ և կապույտ պատկերների զուգադրումից, որոնք արվում են 30 վայրկյան տարբերությամբ։ Այդ ժամանակահատվածում Լուսինը հասցնում է փոքր–ինչ տեղաշարժվել, և դա թույլ չի տալիս ստեղծել վերջնական պատկերի կատարյալ գունային գամման։

Լուսնի հակառակ կողմի լուսանկարներն արվել են DSCOVR–ի հստակ աշխատանքի վերջնական թեստի շրջանակում։ Նախատեսվում է տարին երկու անգամ ստանալ NASA–ի նմանատիպ լուսանկարներ։

Լուսնի հակառակ կողմը երբեք չի երևում Երկիր մոլորակից, քանի որ Երկիր մոլորակի շուրջ պտտվելու և արբանյակի` սեփական առանցքի շուրջ պտտվելու ժամանակահատվածները շատ մոտ են։ Նման համաժամանակացման պատճառները մակընթացություններն են, որոնք առաջացնում է Երկիր մոլորակը լուսնային կեղևում։ Լուսնի հակառակ կողմն առաջին անգամ լուսանկարվել է 1959թ.–ի հոկտեմբերի 7–ին խորհրդային «Լունա 3» ավտոմատ միջմոլորակային կայանից։ –0–