USD
376.88
EUR
442.38
RUB
4.8762
GEL
140.04
2026 թ. մարտի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

Կառավարությունը հաստատել է Հայաստանի ՏՏ ոլորտում ծառայությունների խթանման 2015թ.–ի ծրագիրը

15.01.2015, 21:11
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հաստատել է 2015 թվականին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծառայությունների խթանման ծրագիրը։
Կառավարությունը հաստատել է Հայաստանի ՏՏ ոլորտում ծառայությունների խթանման 2015թ.–ի ծրագիրը
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հաստատել է 2015 թվականին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծառայությունների խթանման ծրագիրը։

Ինչպես նշեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հարցի քննարկման ժամանակ, ծրագիրն ուղղված է 2015 թվականին ՏՏ ոլորտի խթանմանը` պետբյուջեի միջոցներով տվյալ ճյուղի զարգացման շրջանակում։

Ըստ նրա, ծրագրի նպատակը Հայաստանում ՏՏ ոլորտի կայացմանն օժանդակելն է։ Ծրագիրը կիրականացվի պետության և մասնավոր հատվածի, ՏՏ ոլորտում գործող հիմնական կառույցների սերտ գործակցությամբ։

«Ոլորտի զարգացման միտումները շարունակում են դրական մնալ, և միջազգային հանրությունը հայկական ՏՏ ոլորտը գնահատում է որպես լավագույն և տարածաշրջանում առավել ակտիվ զարգացող»,– ասաց Ճշմարիտյանը։

Նախարարը նշեց, որ 2015 թվականին ծրագրվում է ոլորտի գործունեության ընդլայնում։

Նա նշեց նաև, որ 2014 թվականի դեկտեմբերին երկրում ավարտվել է սահմանամերձ և հեռավոր գյուղերի միացումը համացանցին։

«2014 թվականի վերջի տվյալներով, սահմանամերձ 344 գյուղեր ապահովվել են անլար ինտերնետ ցանցով (Wi-Fi)։ Միաժամանակ, այդ մարզերի բնակիչների համար մեկ տարվա ընթացքում միացումը կլինի անվճար, ինչից հետո նրանց համար կգործի զեղչերի հատուկ համակարգ»,– ասաց Ճշմարիտյանը։

2000 թվականին Հայաստանի կառավարությունը ՏՏ ոլորտը հայտարարել է երկրի տնտեսության գերակա ոլորտ։ 2014 թվականի հունվարի 1–ի տվյալներով, Հայաստանում գրանցված են ՏՏ ոլորտի ավելի քան 380 ընկերություններ, որոնցից 159–ը` արտասահմանյան կապիտալով կամ արտասահմանյան խոշոր ընկերությունների ներկայացուցչություններ։  

Ամեն տարի Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ապահովում է շուրջ 20-25–տոկոսանոց աճ։ ՏՏ ոլորտի բաժնեմասը Հայաստանի ՀՆԱ–ում կազմում է 380 մլն դոլար։ Բնագավառի զարգացման ռազմավարության համաձայն, 2018 թվականին ծրագրվում է ապահովել ՏՏ–ոլորտի 1 մլրդ դոլարի շրջանառություն։ -0-