Android–ին նոր վտանգ է սպառնում
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. Մասնագետները նոր բոթնետ են հայտնաբերել, որը գրոհում է Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերը։ Այդ մասին հայտնում է Lenta.ru–ն` հղում անելով Bleeping Computer–ին։
Բոթնետի նպատակը կարգաբերման բաց պորտերի, այդ թվում` 5555 պորտի որոնումն է, որն Android համակարգի կարևոր բաղադրիչ է և առանցքային ֆունկցիաների հասանելիություն է տրամադրում։ Ներթափանցելով սարքի մեջ` վնասակար ծրագիրը ստիպում է դրան Monero կրիպտոարժույթ mining-ավորել։
Բոթնետը հայտնաբերած QiHo 360 կազմակերպության մասնագետների խոսքով վտանգը սպառնում է Android–ով բոլոր սարքերին` սմարթֆոններից մինչև խելացի տեխնիկա։
Մասնագետները նշում են, որ վարակվել է արդեն մոտ 7.4 հազար սարք, իսկ ինքը` բոթնետը, աճում է տպավորիչ տեմպերով։ Տուժածների մեծ մասն առայժմ Չինաստանում է (մոտ 40 տոկոսը) և Հարավային Կորեայում (մոտ 30 տոկոս)։
ADB.miner վնասակար ծրագիրն օգտագործում է 2016 թվականին հայտնված և աշխարհում ամենամեծը համարվող Mirai բոթնետի կոդի բաղադրիչները։ Այն ժամանակ Mirai–ն ողջ աշխարհով հազարավոր սարքեր էր վարակել` դառնալով բազմաթիվ խոշոր կայքերի աշխատանքի խափանման պատճառ։ -0-