ԱրմենՏելը, Բրիտանական խորհրդի գրասենյակը և Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հայտարարում են «Սիրո ուժը» լուսանկարների մրցույթի անցկացման մասին
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline), Բրիտանական խորհուրդն ու Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հայտարարում են «Սիրո ուժը» լուսանկարների մրցույթի անցկացման մասին, նշվում է համատեղ մամուլի հաղորդագրության մեջ։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մարտի 8-ից մինչև մարտի 20-ը մրցույթին ներկայացնել սիրո ուժը պատկերող լուսանկարներ Arevik.Badalyan@britishcouncil.am հասցեին մինչև մարտի 20-ը: Հաղթողներին կընտրեն փառատոնի կազմակերպիչներից և ոլորտի պրոֆեսիոնալներից կազմված ժյուրին:
«Մրցույթին ներկայացված լուսանկարները կհրապարակվեն Facebook սոցցանցում Բրիտանական խորհրդի պաշտոնական էջում», – նշվում է հաղորդագրության մեջ։
Մրցույթի հաղթողները կհրավիրվեն հատուկ ընդունելության Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի նստավայր, իսկ նրանց ներկայացրած լուսանկարներով կթողարկվեն սահմանափակ քանակությամբ շապիկներ, որոնք կտրամադրվեն հեղինակներին: Եվս մեկ մասնակից Beeline-ի կողմից կարժանանա խրախուսական մրցանակի։
Մրցույթն անցկացվում է Բրիտանական ֆիլմերի 13–րդ փառատոնի շրջանակում, որն այս տարի նվիրված է սիրո թեմային։
Բրիտանական խորհրդի հայկական գրասենյակի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արևիկ Բադալյանի խոսքերով` մրցույթը թույլ է տալիս հերթական անգամ մարդկանց ուշադրությունը հրավիրել սիրո թեմային։
«Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում անցկացվող լուսանկարների մրցույթը կօգնի ավելի գնահատել սիրած էակին՝ դարձնելով նրանց կյանքն ավելի լավը», – նշել է Հայաստանում Beeline–ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնն այս տարի մեկնարկել է փետրվարի 14-ին: Փառատոնի կազմակերպիչներն են Բրիտանական խորհուրդը, Մեծ Բրիտանիայի դեսպանատունն ու UNICEF-ը։ Փառատոնի գլխավոր հովանավորը հերթական անգամ «ԱրմենՏել» ընկերությունն է (ապրանքանիշը` Beeline)։ -0-