Ջրվեժում նախատեսվում է ինժեներական քաղաք կառուցել. Ենգիբարյան
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ջրվեժում ինժեներական քաղաքի կառուցումը նախատեսվում է իրականացնել 1–1,5 տարվա ընթացքում,երկուշաբթի լրագրողներին ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։
2014 թ.–ի աշնանը Նյու Յորքում կայացած ArmTech կոնգրեսի արդյունքում գործարկվել են մի քանի նախագծեր, ինչպես նաև առաջացել է Ջրվեժում ինժեներական քաղաքի ստեղծման նախաձեռնությունը։
«Նախագիծը գտնվում է կառավարության հետ համաձայնեցման վերջին փուլում։ Նախատեսվում է, որ մինչև տարեվերջ պետությունը որոշում կընդունի նախագծում մասնակցության իր մասնաբաժնի մասին», – ասաց Ենգիբարյանը։
Նա նշեց, որ շուտով կհայտարարվի Ինժեներական քաղաքի մանրակերտի մրցույթը, ինչից հետո նախատեսվում է 1–1,5 տարվա ընթացքում իրականացնել շինարարական աշխատանքներ։
Նրա խոսքով` Ինժեներական քաղաքի առկայությունը թույլ կտա նոր ընկերություններին դուրս գալ շուկա, նրանք հնարավորություն կունենան տարածքներ վարձակալել նոր Ինժեներական քաղաքներում կամ ինքնուրույն կառուցել նոր շինություններ։–0–