Uber-ի հիմնադիր. վիրտուալ իրականության զարգացումը մի օր կսպանի ընկերությանը
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /ԱՌԿԱ/. Վիրտուալ իրականության զարգացումը մի օր կսպանի Uber –ին։ Այսպիսի կարծիք է հայտնել օնլայն տաքսի պատվիրելու ծառայության հիմնադիր և գլխավոր տնօրեն Տրևիս Կալանիկն Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի ուսանողների հետ հանդիպմանը, հայտնում է ՏԱՍՍ–ը։
«Վիրտուալ իրականությունը վերջիվերջո սպանելու է Uber–ին, քանի որ, երբ վիրտուալ իրականությունը կատարյալ դառնա, ոչ ոք չի ցանկանա փողոց դուրս գալ»,– ասել է նա։
Կալանիկը դժվարացել է կանխատեսել, թե ինչպիսին կլինի Uber–ը 30 տարի անց։ «Չգիտեմ, թե ինչպիսին կլինի։ Uber–ը ղեկավարելը նման է մշուշում մեծ արագությամբ մեքենա վարելուն։ Մենք ժամանակ չունենք հետ շրջվելու, պետք է միայն առաջ նայել, բայց եթե ձեզ դուր է գալիս այդ ուղևորությունը, ապա ամեն օրն իսկական արկած է դառնում»,– ասել է նա։
Ավտոմեքենաների ապագան
Ինքնակառավարվող ավտոմեքենաների ներդրումը ողջ աշխարհում կարող է 20 տարի տևել, կարծում է Կալանիկը։
«Այդպիսի մեքենաների ներդրման ժամկետը կախված է դրանց կիրառման վայրից։ Եթե գլոբալ խոսենք, դա կարող է 20 տարի պահանջել»,– ասել է նա, նշելով, որ այդ գործընթացը մշտապես արագանում է, և, հնարավոր է, ավելի քիչ տևի։
Կալանիկը պարզաբանել է, որ եթե խոսվի անապատի մասին, որտեղ չկան հետիոտներ և այլ ավտոմեքենաներ, ինքնակառավարվողներ կարելի է գործարկել արդեն այսօր։ Սակայն, եթե օրինակ, դիտարկվի բեռնավորված և ձնառատ Մոսկվան, ապա խոսքը կարող է լինել ավելի երկար ժամկետների մասին։
Ըստ նրա, ինքնակառավարվող մեքենաների հիմնական դրական կողմերն են` երթևեկության բարձր անվտանգությունը, խցանումների բացակայությունը և ժամանակ խնայելու հնարավորությունը։ -0-