Intel–ը հայկական դպրոցներում տեղեկատվական տեխնոլոգիաներ է ներմուծում
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /ԱՌԿԱ/. Intel ընկերությունը «Corporate social responsibility» ծրագրի շրջանակներում մոտ տասը հայկական դպրոցներում առաջնային տեղեկատվական տեխնոլոգիաներ է ներմուծում, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց Հայաստանում Intel–ի գործընկեր, «Յունիկոմպ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանը։
«Ծրագրի շրջանակներում Intel–ն իր վրա է վերցրել դպրոցների ուսուցման համար համապատասխան տեղեկատվական տեխնոլոգիաների մշակման պարտավորությունները, Microsoft–ի հետ համագործակցությամբ մշակված շատ տեխնոլոգիական ծրագրեր անվճար են փոխանցվում դպրոցներին»,– ասաց Բալդրյանը։
Նա տեղեկացրեց, որ Intel–ը ուսուցման գործընթացում բարձր տեխնոլոգիաների ադապտացման փորձառական ծրագրեր է իրականացնում այնպիսի հայկական դպրոցներում, ինչպիսիք են` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, Անանիա Շիրակացու անվան վարժարանը, ինչպես նաև Լոռու, Շիրակի, Արագածոտնի մարզերի դպրոցները։
«Փորձառական ծրագրի շրջանակներում այդ դպրոցներին որպես նվեր փոխանցվել է մոտ 60 համակարգիչ` համակարգչային դասեր ստեղծելու նպատակով»,– պարզաբանեց նա։
Ըստ Բալդրյանի` տարեվերջին ծրագրի արդյունավետության հետազոտության արդյունքներից կախված հնարավոր կլինի անցում կատարել առավել լայնածավալ փուլ և դրական արդյունքներ ստանալ։
Նա նշեց նաև, որ դպրոցներում Intel ծրագիրն ընկերության համար բիզնես նախագիծ չէ և ընդգծեց, որ դրա նպատակն է հայկական դպրոցների համար տեխնոլոգիաների կիրառման գործածված մոդելի ստեղծումը։
«Տեղեկատվական տեխնոլոգիաները թույլ կտան շարունակել ուսումը դպրոցի սահմաններից դուրս` ուսուցման մոդելի անընդհատությունն ապահովելով։ Մեր ժամանակներում դպրոցների ուսուցումը նոր մոտեցում է պահանջում, երեխաներին պետք է հետաքրքիր լինի նոր տեխնոլոգիաների օգնությամբ սովորելը»,– ասաց Բալդրյանը։
Այդ կապակցությամբ նա ավելացրեց, որ Հայաստանը պետք է քայլի զարգացման համաշխարհային միտումներին ընդառաջ, որպեսզի շուկայում մրցունակ պրոդուկտ առաջարկի։
Ըստ Բալդրյանի` Intel–ն այսօր բազմաթիվ ծրագրեր է առարկում, որոնք լուծում են հեռակա ուսուցման խնդիրը, ինչպես նաև այլ նախագծեր, որոնք կրթական համակարգում պետք է համախմբված լինեն միասնական համալիրում։ --0--