USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Հայաստանը կարող է նանոտեխնոլոգիաների տեղեկատվական կենտրոն դառնալ. Շվեյցարիայի դեսպան

03.09.2014, 14:13
Հայաստանը կարող է նանոտեխնոլոգիաների տեղեկատվական կենտրոն դառնալ, հայտարարեց ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասերը չորեքշաբթի Հայաստանում նանոանվտանգության ուսուցման և ներուժի ուժեղացման ծրագրի շրջանակում կազմակերպված սեմինարի բացման ժամանակ:
Հայաստանը կարող է նանոտեխնոլոգիաների տեղեկատվական կենտրոն դառնալ. Շվեյցարիայի դեսպան

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը կարող է նանոտեխնոլոգիաների տեղեկատվական կենտրոն դառնալ, հայտարարեց ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասերը չորեքշաբթի Հայաստանում նանոանվտանգության ուսուցման և ներուժի ուժեղացման ծրագրի շրջանակում կազմակերպված սեմինարի բացման ժամանակ:

Սեմինարը կազմակերպվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից ՄԱԿ-ի ուսումնասիրությունների և ուսուցման ինստիտուտի հետ համատեղ` Շվեյցարիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ:

«Նման միջոցառումների շնորհիվ Հայաստանը կարող է նանոտեխնոլոգիաների տեղեկատվական կենտրոն դառնալ: Շատ ուրախ եմ, որ Հայաստանը այն երկրներից մեկն է, որին մենք ընտրել ենք այս ծրագրի իրականացման համար», - ասաց Գասերը:

Ինչպես նշեց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, վերջին տարիներին երկրում աճել են արտադրությունը, առևտուրը, ինչպես նաև ավելացել են քիմիական արտադրանքի օգտագործման ծավալները:

«Տարբեր ոլորտներում քիմիական արտադրանքի կիրառումը կարևոր նշանակություն ունի, սակայն դրա սխալ օգտագործումը կիրառման ցանկացած փուլում կարող է շրջակա միջավայրի վրա անբարենպաստ ազդեցության գործոն դառնալ», - ասաց նա:

Նախարարի խոսքերով՝ նանոարտադրանքը հարկավոր է օգտագործել միայն դրա անվտանգ լինելու դեպքում, ինչը հնարավոր է ապահովել միայն գիտնականների, արտադրողների և կառավարական համապատասխան մարմինների համատեղ ջանքերի արդյունքում:

«Չնայած, որ շրջակա միջավայր ներթափանցող նանոնյութերի որոշ տեսակներ բացասաբար են ազդում էկոլոգիայի վրա, այնուամենայնիվ, բացահայտվել են նաև էկոհամակարգի վրա նանոնյութերի բարենպաստ ազդեցության տեսակներ», - ընդգծեց Գրիգորյանը:

Նրա խոսքերով՝ դրանք են ոչ միայն ռեսուրսների կայուն օգտագործումը, այլ նաև կանաչ էներգետիկայի, կանաչ քիմիայի զարգացմանն աջակցելը:

Նախարարը նաև նշեց, որ Հայաստանի պետական բնապահպանական քաղաքականությունն ուղղված է քիմիական նյութերի անվտանգ կառավարման ապահովմանը, այն նպատակ ունի կանխել դրանց վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա:-0-