Microsoft-ը սկսել է հետ վերցնել օգտագործված MacBook Air-ը գումարի դիմաց
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. Microsoft-ը ԱՄՆ-ի և Կանադայի մի շարք ֆիրմային մանրածախ խանութներում ակցիա է սկսել, որի շրջանակներում Surface Pro 3 պլանշետ գնելու դեպքում գնորդը ստանում է 650 դոլարի պարգևատրում, եթե հանձնի օգտագործած MacBook Air-ը, հաղորդում է Cnews.ru-ն:
Microsoft-ը չի նշում, թե MacBook Air-ի կոնկրետ որ մոդելներն է (11,6 կամ 13,3 դյույմ) հետ վերցնում: Պարգևատրման չափը կախված է MacBook Air-ի վիճակից և կոմպլեկտավորումից: Փոխանակվում են միայն աշխատող սարքերը: Եթե նոութբուքի էկրանը ճաքած է կամ համակարգիչը ջուրն է ընկել, ապա այն հետ չի ընդունվում: Ակցիան գործում է մինչև 2014 թ.-ի հուլիսի 31-ը:
Ստացված պարգևատրումը գնորդը կարող է օգտագործել միայն Microsoft-ի խանութներում՝ գնելով Surface Pro 3-ի աքսեսուարներ, ծրագրային ապահովում, Xbox One խաղային համակարգիչ և Microsoft-ի ու նրա գործընկերների այլ ապրանքները:
Ակցիայի գովազդում Microsoft-ը Surface Pro 3-ը համեմատում է 13,3 դյույմանոց MacBook Air-ի հետ: Կորպորացիան նշում է, որ Surface Pro 3-ն ունի սենսորային դիսփլեյ և հարակից ստեղնաշար, որի օգնությամբ պլանշետը հեշտությամբ վերածվում է նոութբուքի: Բացի այդ, Surface Pro 3-ը MacBook Air-ից ավելի բարակ է և թեթև: Դրա հաստությունը ստեղնաշարի հետ միասին կազմում է 14,1 միլիմետր, քաշը 1,09 կգ է:
Սա առաջին նմանատիպ ակցիան չէ: 2013 թ.-ի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր Microsoft-ը հետ էր վերցնում օգտագործված iPhone-ներն ու iPad-ները՝ փոխարենը տալով հավաստագիր, որը կարելի էր օգտագործել Surface-ի կամ այլ ապրանքի դիմաց մասնակի վճարում կատարելու համար:-0-