Համաշխարհային ժամանակին կավելանա մեկ վայրկյան Երկրի պտույտի դանդաղման պատճառով
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. Մոլորակի պտույտի դանդաղումը փոխհատուցելու համար անհրաժեշտ լրացուցիչ վայրկյանը համաշխարհային ժամանակի մեջ կներմուծվի հունիսի 30–ի լույս հուլիսի 1–ի գիշերը, հաղորդում է ՏԱՍՍ–ը` մեջբերելով Ժամանակի և հաճախականության պետական ծառայության գլխավոր չափաբանական կենտրոնի ղեկավար Իգոր Բլինովին։
«Լրացուցիչ վայրկյան կստանան բոլոր սպառողները, որոնք օգտվում են ժամանակի ծառայությունից` ինչպես ռուսական, այնպես էլ միջազգային. Թռիչքների կառավարման կենտրոնը, Միջազգային տիեզերական կայանը, փորձարկվող նավերը, արբանյակները, գնացքները, ինքնաթիռները, կայարանները, բանկերը, բջջային ընկերությունները։ Ավելի հեշտ է թվարկել նրանց, որոնք չեն ստանա լրացուցիչ վայրկյան»,– ասել է նա։
Բլինովը պարզաբանել է, որ մոլորակի պտույտի արագության դանդաղման պատճառով գոյություն ունեն տարաձայնություններ ժամանակի հաշվման համակարգի, որն օգտագործում է ատոմային ժամեր, և աստղաբաշխական համակարգի միջև։ Երբ տարբերությունը հասնում է մեկ վայրկյանի, տեղի է ունենում շտկում։
Շտկման վայրկյանն ավելացվում է համաշխարհային ժամանակին 1-4 տարին մեկ անգամ։ Դա տեղի է ունենում հունիսի 30–ի լույս հուլիսի 1–ի գիշերը կամ հունվարի 1–ի գիշերը։ Համարվում է, որ նման օրերին ժամը 23:59:59–ից հետո գալիս է 23:59:60-ը։-0-