Ինեկոբանկի հաճախորդները կարող են մի շարք գործարքներ իրականացնել Telcell-ի տերմինալների միջոցով
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի հաճախորդները կարող են մի շարք բանկային գործարքներ իրականացնել Telcell վճարային համակարգի տերմինալների միջոցով, տեղեկացնում է բանկի մամուլի ծառայությունը:
Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է Ինեկոբանկի և «ԹելՍել» ՓԲԸ-ի միջև:
Մասնավորապես, Telcell ընկերության տերմինալների միջոցով հնարավոր կլինի իրականացնել խնայողական և ընթացիկ հաշիվների համալրում, քարտային հաշվի համալրում, ավանդի համալրում և վարկի մարում:
«Ինեկոբանկը մշտապես ձգտում է առաջարկել իր հաճախորդներին առավել հարմար և նորարարական բանկային ծառայություններ, որոնք կօգնեն խնայել ժամանակը: Telcell համակարգի հետ համագործակցության շնորհիվ Բանկի ծառայությունները կդառնան հաճախորդներին առավել հասանելի և մատչելի», - նշել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը:
Ըստ «ԹելՍել» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արամ Ազատյանի՝ սեփական պրոդուկտների և ծառայությունների օգտին ինքնասպասարկման տերմինալների միջոցով վճարումների ընդունումը Հայաստանի բանկային հատվածի համար դեռ մնում է բավականին արդիական թեմա
«Մենք Ինեկոբանկի հետ համատեղ իրականացրեցինք տեխնիկական ինտեգրում, որի արդյունքում Հայաստանի ողջ տարածքում «Թել-Սել» ՓԲԸ 800-ից ավելի վճարումների ընդունման կետերից յուրաքանչյուրում հնարավոր եղավ կատարել բանկի հաճախորդների կողմից առավել պահանջված գործառնությունները։ Համոզված եմ, որ բանկը և նրա հաճախորդները արժանվույնս կգնահատեն 24/7 ռեժիմում ինքնասպասարկման առավելությունը, ամեն դեպքում մենք դրա համար մեր կողմից պատրաստ ենք անել հնարավորից ավելին»,- նշել է նա:
Բանկային ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու համար անհրաժեշտ է մուտք գործել ինքնասպասարկման տերմինալների «Բանկեր և ՈՒՎԿ-ներ» բաժին, այնուհետև` «Ինեկոբանկ» ենթաբաժին և ընտրել չորս ծառայություններից մեկը:
TelCell ՓԲԸ-ն Հայաստանի վճարումների շուկայում գործում է 2007թ.-ի օգոստոսից: Ներկայում TelCell-ի պրոցեսինգային կենտրոնին են միացված վճարումների ընդունման ավելի քան 800 կետեր: Դրանց օգնությամբ հնարավոր է վճարում կատարել հանրապետության բջջային կապի օպերատորների հաշվին, մարել վարկերը, կատարել կոմունալ վճարումները և վճարել ինտերնետ հասանելիության վարձը և այլն:
Ինեկոբանկ ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996 թվականին: Առաջին բանկն է, որ Հայաստանում ներկայացրեց ապառիկ առևտրի վարկավորման ծրագիրը։ Անդամ է
SWIFT միջազգային վճարային համակարգի, մի շարք միջազգային դրամական փոխանցումների` Money Gram, CONTACT, Inter Express, Blizko, Быстрая почтa և Unistream։ArCa վճարային համակարգի լիիրավ անդամ և բաժնետեր է, MasterCard միջազգային վճարային համակարգի աֆիլացված անդամ է։ -0-