USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

iPhone 5–ի չինացի հավաքողները գործադուլ են հայտարարել սմարթֆոնի վրա առկա քերծվածքների պատճառով

08.10.2012, 16:12
Apple iPhone–ի պայմանագրային արտադրող  Foxconn գործարանում վերջին երկու շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ միջադեպն է գրանցվել։ Աղբյուրների հաղորդմամբ, մոտ 2-3 հազար աշխատակիցներ լքել են իրենց տեղերը` բողոքելով թողարկվող սմարթֆոնների որակի նկատմամբ նոր պահանջների դեմ։
iPhone 5–ի չինացի հավաքողները գործադուլ են հայտարարել սմարթֆոնի վրա առկա քերծվածքների պատճառով
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Apple iPhone–ի պայմանագրային արտադրող  Foxconn գործարանում վերջին երկու շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ միջադեպն է գրանցվել։ Աղբյուրների հաղորդմամբ, մոտ 2-3 հազար աշխատակիցներ լքել են իրենց տեղերը` բողոքելով թողարկվող սմարթֆոնների որակի նկատմամբ նոր պահանջների դեմ։

Foxconn ընկերության աշխատողների գործադուլն ուրբաթ` հոկտեմբերի 5–ին, չինական Չժենչժոու քաղաքի գործարանում հանգեցրել է iPhone 5–ի արտադրության գծերի պարապուրդի երկու հերթափոխների ընթացքում, հայտնում է РБК–ն` հղում անելով Bloomberg–ին։

Գործադուլի պատճառ է դարձել հավաքող գծերի աշխատողների և տեխնիկական վերահսկողության բաժնի միջև, որը խստացրել է արտադրվող սմարթֆոնների որակի նկատմամբ պահանջները։ China Labor Watch իրավապաշտպան կազմակերպության տվյալներով, նոր պահանջների համաձայն, աշխատողները պետք է սարքը հավաքեն 0.02 միլիմետր ճշգրտության պահպանմամբ։ Ոչ ոք չի կարողացել կատարել այդ պահանջը։

CNN–ի տեղեկությամբ, Apple–ը նոր պահանջներն առաջ է քաշել նոր սմարթֆոնների առաջին գնորդների կողմից բողոքներ ստանալուց հետո։ Ինչպես գրում է  Bloomberg–ը, աշխատողների և ՏՎԲ–ի միջև միջադեպը կապված է iPhone 5–ի վրա հայտնաբերված քերծվածքների հետ։ Բազմաթիվ օգտագործողները դժգոհում են, որ նոր սմարթֆոնի ալյումնինե կորպուսի վրա քերծվածքները ոչ միայն արագ հայտնվում են օգտագործման ժամանակ, այլ նաև գոյություն ունեն բացարձակապես նոր սարքի վրա, որը հենց նոր հանել են տուփից։

iPhone 5–ի վրայի քերծվածքները լավ երևում են սև գույնի սարքի վրա։ Սև թաղանթը կորպուսի վրա ստեղծվում է քիմիական ռեակցիայի հետևանքով։ Սակայն այդ թաղանթը կարելի է հեշտությամբ վնասել, որի արդյունքում երևում է բնական արծաթագույն ալյումինիումը։ Սպիտակ iPhone 5–ում կորպուսն ունի բնական ալյումինի գույն, այդ պատճառով այդ խնդիրը սպիտակ սմարթֆոնին չի վերաբերում։

Մեկնաբանելով այդ կապակցությամբ տերերի բողոքները` Apple–ի միջազգային մարքեթինգի ղեկավար Ֆիլ Շիլլերն ասել է, որ «ներկված» ալյումինիումի այդ հատկությունները «նորմալ են» և ավելացրել է, որ ալյումինե ցանկացած ներկած արտադրանք վերջիվերջո երևան է հանում մետաղի բնական գույնը։

Foxconn ընկերությունում հերքել են հավաքող գծերի պարապուրդի մասին տեղեկությունը։ «Աշխատողների գործադուլի վերաբերյալ լուրերը հավաստի չեն,– հայտնում է Ռոյթերսը, հղում անելով գործարանի ներկայացուցչի նամակին։ – Բոլոր աշխատակիցներն իրենց աշխատատեղերում են ինչպես այն գործարանում, որի մասին գնում է խոսքը, այնպես էլ ընկերության արտադրական այլ հարթակներում, որոնք շարունակում են աշխատել ժամանակացույցի համաձայն»։
China Labor Watch–ի տեղեկացմամբ, ուրբաթ Չժենչժոուի գործարանի 3-ից 4 հազար աշխատակիցներ լքել են իրենց աշխատատեղերը։ Այդ քաղաքի նշված գործարանում աշխատում է մոտ 190 հազար մարդ։

Foxconn–ի պաշտոնական աղբյուրը վստահեցնում է, որ աշխատողների և տեխվերահսկողության բաժնի միջև վեճն իսկապես եղել է, սակայն հոկտեմբերի 1–ից 2–ը, և անհապաղ լուծվել է։ -0-