Հայաստանի մարզերից ռոբոտատեխնիկայի խմբակների ավելի քան 50 ղեկավարներ վերապատրաստում կանցնեն Երևանում
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկել է ռոբոտատեխնիկայի խմբակների ղեկավարների վերապատրաստման մեկամսյա դասընթացը։ Դասընթացից հետո Հայաստանի տարբեր մարզերի խմբակների 55 ղեկավարներ համապատասխան հմտություններ կստանան դպրոցներում ռոբոտատեխնիկայի առարկան դասավանդելու համար։
«Ռոբոտաշինությունը սկսվում է դպրոցից» ծրագրի շրջանակներում անցկացվող դասընթացը կվարեն National Instruments, «Սայմոտեկ» ընկերությունների և «Instigate ուսումնական կենտրոն» հիմնադրամի առաջատար մասնագետները։
«Ռոբոտաշինությունը սկսվում է դպրոցից» ծրագրի համակարգման և ընդլայնման, ինչպես նաև դպրոցներում արդեն կուտակված փորձի կիրառման համար դասընթացի բացման արարողության ընթացքում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՎիվաՍել–ՄՏՍ ընկերության և Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, World Vision International բարեգործական միջազգային կազմակերպության հայկական մասնաճյուղի, «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի, Counterpart International USAID ծրագրի, National Instruments, «Սայմտեկ» ընկերությունների և «Instigate ուսումնական կենտրոն» հիմնադրամի միջև։
Հուշագիրը բաց է բոլոր այն կազմակերպությունների համար, որոնք ցանկանում են միանալ ծրագրին։
Ինչպես նշեց UITE գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, հուշագրի ստորագրման նպատակն է երեխաների մոտ բարձր տեխնոլոգիաների, մասնավորապես ռոբոտատեխնիկայի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելը, ինչպես նաև նրանց մոտ զարգացնել մտածողության ինժեներական տեսակը և բուհեր ուղարկել արդեն նպատակասլաց և որակյալ ուսանողների։
ՎիվաՍել–ՄՏՍ –ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն իր հերթին նշեց, որ այդ համագործակցությունը թույլ կտա լուրջ քայլեր ձեռնարկել, որպեսզի ռոբոտատեխնիկան զբաղմունքից լուրջ մասնագիտության վերածվի։
UITE –ի կողմից` ՎիվաՍել–ՄՏՍ ընկերության, «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի, World Vision Armenia և Counterpart International Armenia կազմակերպությունների հետ համագործակցությամբ, «Ռոբոտանիշինությունը սկսվում է դպրոցից» ծրագրով նախատեսվում է հայկական դպրոցներում ռոբոտոտեխնիկայի 55 խմբակ ստեղծել։
Ակնկալվում է, որ խմբակները կսկսեն գործել արդեն 2013թ.–ի սեպտեմբերից։ –0–