Էլեկտրոնիկայի ութերորդ միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը կանցկացվի հոկտեմբերին Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. VivaCell-MTS և Synopsys Armenia ընկերությունների կազմակերպած Էլեկտրոնիկայի ութերորդ միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը կանցկացվի հոկտեմբերին Հայաստանում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Synopsys Armenia ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը։
2005 թվականից կազմակերպվող օլիմպիադան անցկացվում է երկու փուլով։ Առաջինն անցկացվում է մասնակից երկրներում ելքային ցուցանիշների որոշման համար նախատեսված թեստի տեսքով։ Երկրորդ փուլն իրենից ներկայացնում է մրցում, որը բաղկացած է օրիգինալ լուծումներ պահանջող բարդ ճարտարագիտական խնդիրներից։
«Նախորդ տարի օլիմպիադան անցել է 14 երկրներում, իսկ եզրափակիչ փուլն անցկացվել է Երևանում։ Առաջիկայում այն նույնպես կանցնի Հայաստանում»,– ասաց Մուսայելյանը։
Նա նշեց, որ ընտրական փուլերը կսկսվեն ապրիլին և կտևեն մինչև սեպտեմբեր։
Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա յոթերորդ միջազգային օլիմպիադային մասնակցել են ՏՏ ոլորտի 418 երիտասարդ ներկայացուցիչներ աշխարհի 14 երկրներից։ Օլիմպիադան անցել է Երևանում Synopsys շաբաթվա ընթացքում (հոկտեմբերի 3-6) շրջանակներում։
Մուսայելյանն ավելացրեց, որ օլիմպիադայի մասնակցության հայտեր, բացի նախորդ տարվա մասնակիցներից, արդեն ներկայացրել են Վրաստանի, Իսրայելի, Արգենտինայի, Բրազիլիայի և Չիլիի ներկայացուցիչներ։
«Այն փաստը, որ օլիմպիադան անցկացվում է միայն Հայաստանում, խոսում է այն մասին, որ մեր երկիրը միկրոէլեկտրոնիկայի ոլորտում լավ դիրքեր ունի, և ոչ միայն տարածաշրջանում»,– ասաց Մուսայելյանը։
Synopsys Inc ընկերությունը հայկական շուկա է մտել 2004 թվականի հոկտեմբերին` Leda Design և Monterey Arset ընկերությունների` մեկ ընդհանուր Synopsys Armenia ԲԲԸ–ում միաձուլվելու մասին պայմանագրի ստորագրումից հետո։
ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում աշխատում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: --0--