USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Apple-1 հազվագյուտ համակարգիչը Գերմանիայում աճուրդի է դրվել

18.05.2017, 18:24
Ամերիկյան Apple ընկերության առաջին անհատական համակարգիչներից մեկը Գերմանիայում աճուրդի է դրվել։
Apple-1 հազվագյուտ համակարգիչը Գերմանիայում աճուրդի է դրվել

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան Apple ընկերության առաջին անհատական համակարգիչներից մեկը Գերմանիայում աճուրդի է դրվել։ Կազմակերպիչներն ակնկալում են, որ այսօրվա սարքերի համար տարրական խնդիրներ լուծելու ոչ ընդունակ սարքի գինը կարող է հասնել 335 հազար դոլարի, գրում է ՏԱՍՍ–ը` հղում անելով DPA գործակալությանը։

Քյոլնի աճուրդի տունն արդեն շաբաթ` մայիսի 20–ին, ծրագրում է Apple-1–ի համար վաստակել 180–ից 300 հազար եվրո ($200–335 հազար)։ 

«Մեքենայի հաշվիչ հզորությունն այնպիսին է, որ այն չէր կարողանա գրել այսօրվա գեթ մեկ հաղորդագրություն էլեկտրոնային փոստով»,– գործակալությունը մեջբերում է աճուրդի տան տնօրենի հայտարարությունը։

Նա նշեց, որ սարքի արժեքը դրա ֆունկցիոնալությունը չէ, այլ այն, որ մինչ օրս պահպմանվել են հատուկենտ աշխատող մեքենաներ։

Apple-1 առաջին համակարգիչը հավաքել է Սթիվ Վոզնյակը 1976 թվականին Կալիֆոռնիայի Պալո Ալտոյում։ Մոդելն իրենից ներկայացնում էր փայտե տախտակի վրա փաքցված մայրասալիկ առանց լրացուցիչ պարագաների։ Համակարգիչը մատակարարվում էր առանց կորպուսի, ստեղնաշարի, սնման բլոկի և մոնիտորի։ Դրա օգտագործողն ինքը պետք է տեղադրեր այն կորպուսի մեջ, էլեկտրական գրամեքենայի ստեղներ և ոչ մեծ հեռուստացույց հարմարեցներ։

Այդ մոդելն առաջարկել է վաճառել ընկերության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Սթիվ Ջոբսը, ընդ որում գինը պետք է կազմեր 666.66 դոլար (Ջոբսի մտահղացմամբ, այն պետք է աչքի ընկներ գնորդներին)։ Ընդհանուր առմամբ, հավաքվել է մոտ 200 այդպիսի սարք։ 

Մինչև մեր օրերը, փորձագետների տվյալներով, հասել է մի փոքր ավելի, քան 50 հատ, ընդ որում, միայն վեցն են գտնվում աշխատանքային վիճակում։ Չնայած, որ Apple-1–ն իր ժամանակ առանձնապես տարածում չի ստացել, դրա հայտնվելն առաջին քայլն էր դեպի Apple-2, որն ավելի շատ է հիշեցնում այսօրվա անհատական համակարգիչները։ 

2013 թվականի հուլիսին Apple-1–ն աճուրդում վաճառվեց 400 հազար դոլարով։ 2014 թվականին նմանատիպ սարք էլ գնվեց Նյու Յորքում 365 հազար դոլարով։ -0-