USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

ՀԾԿՀ-ն հաստատել է հեռախոսասարքերի և պլանշետների ապակոդավորման ապահովման կանոնները

01.02.2014, 15:57
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ուրբաթ նիստի ժամանակ հաստատել է հեռախոսասարքերի և պլանշետների ապակոդավորման ապահովման կանոնները։
ՀԾԿՀ-ն հաստատել է հեռախոսասարքերի և պլանշետների ապակոդավորման ապահովման կանոնները

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ուրբաթ նիստի ժամանակ հաստատել է հեռախոսասարքերի և պլանշետների ապակոդավորման ապահովման կանոնները։

Որոշման համաձայն`  սույն կանոնները սահմանում են հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ցանցի օպերատորի կողմից շարժական կապի հեռախոսասարքերը և պլանշետները միայն իր շարժական կապի ցանցում օգտագործելու սահմանափակման վերացման ապահովման պայմաններն ու կարգը:

Կանոններում նշվում է, որ օպերատորը որոշակի ժամկետով բաժանորդագրման պարտավորությամբ առաջարկվող սարքերի հետ միաժամանակ, որպես այլընտրանք առաջարկում է նաև այդ սարքերի ապակոդավորված շուկայական արժեքով տարբերակը: Օպերատորը կոդավորված սարքի վաճառքի պահին ծանուցում է բաժանորդին տվյալ սարքի ապակոդավորման հնարավորության մասին:  Ապակոդավորման պայմանների վերաբերյալ օպերատորը բաժանորդին նախապես տեղեկացնում է բաժանորդային պայմանագրերի, գործառնական գրասենյակների և պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով:

Ինչպես նշվում է ՀԾԿՀ որոշման մեջ, օպերատորի կողմից որոշակի ժամկետով բաժանորդագրման պարտավորության դեպքում առաջարկվող սարքի ապակոդավորումն օպերատորն իրականացնում է բաժանորդի կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման դեպքում գրավոր դիմումի հիման վրա, անվճար՝ առավելագույնը 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Օպերատորի կողմից առանց բաժանորդային պայմանագրի առաջարկվող սարքի ապակոդավորումն օպերատորն իրականացնում է բաժանորդի գրավոր դիմումի հիման վրա, անվճար՝ առավելագույնը 2 աշխատանքային օրվա ընթացքում: Այն սարքերը, որոնց ապակոդավորումը սարք արտադրողի կողմից 2 աշխատանքային օրվա ընթացքում հնարավոր չէ իրականացնել, օպերատորի կողմից ապակոդավորումն ապահովվում է առավելագույնը 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի մարտի 1-ից:

Հայկական շուկայում գործում է բջջային կապի երեք օպերատոր` «ԱրմենՏելը» (ապրանքանիշը` Beeline, «ՎիմպելԿոմ» ռուսական ընկերության 100 տոկոսանոց դուստրը), Վիվասել–ՄՏՍ–ը («Մոբիլնիե Տելեսիստեմի» (ՄՏՍ) ռուսական օպերատորի դուստր ընկերություն) և Օրանժ Արմենիան (Ֆրանս Տելեկոմի դուստր ընկերություն)։–0–