Հայաստանում ինտերնետ ծառայությունների որակը կբարելավվի անփոփոխ գների պայմաններում
«ԱՌԿԱ» գործակալության բացառիկ հարցազրույցը «Ինտերնետ հանրություն» ՀԿ–ի փոխնախագահ Գրիգոր Սաղյանի հետ
«ԱՌԿԱ». – Պրն Սաղյան, Հայաստանի բնակչության քանի՞ տոկոսն է այսօր օգտվում համացանցից։ Համացանցից օգտվողների թվի աճի դինամիկա կա՞, և ինչո՞վ է պայմանավորված։
Գ. Սաղյան. – Վերջին տվյալներով, որոնք հաշվի են առնում նախորդ տարվա ուսումնասիրությունների արդյունքները, Երևանի բնակչության 61 տոկոսը և շրջանների բնակչության 56 տոկոսը օգտվում է լայնաշերտ ինտերնետից։ Աճի նկատված միտումը պայմանավորված է, մասնավորապես, Orange Armenia ընկերության քաղաքականությամբ, որը սկսեց լայնաշերտ անլար ինտերնետ տրամադրել բջջային կապի միջոցով։ Այս ամենն առաջին հերթին խթան դարձավ մնացած օպերատորների համար, որպեսզի նրանք մշակեն իրենց ռազմավարությունը, մասնավորապես, վերանայեն գնային քաղաքականությունը, ավելացնեն իրենց ցանցերի թողունակությունը։ Բացի այդ, այստեղ որոշակի դեր խաղաց նաև կապի երկու նոր օպերատորների` «Ռոստելեկոմի» և Ucom–ի մուտքը հայկական շուկա։
Հայաստանում համացանցից օգտվողների թվի աճը մեծանում է նաև համաշխարհային շուկայում ինտերնետ ռեսուրսների նկատմամբ հասանելիության գների անշեղ նվազման շնորհիվ, ինչն իր հերթին պայմանավորված է նոր տեխնոլոգիաներով, մասնավորապես, օպտիկամանրաթելային միացումներով, որոնք հաստատվում են ողջ աշխարհում։ Փոխվում է նաև մարդկանց մտածելակերպը` որքան շատ հասանելիություն ունես համացանցի նկատմամբ, այդքան ավելի շատ հորիզոններ են բացվում, ընդլայնվում է մտահորիզոնը։
«ԱՌԿԱ». – Հայաստանում համացանցի ծածկույթ ապահովող ընկերություններն աշխատում են երկրի մարզերում համացանցի հասանելիություն ապահովելու ուղղությամբ։ Ի՞նչ խնդիրներ են նրանք ունենում, և ինչպե՞ս է դա արտացոլվում մարզերում համացանցի տարածման աճի վրա։
Գ. Սաղյան. – Ծածկույթի մակարդակով Հայաստանն աշխարհի առաջատար երկրներից մեկն է։ Տարածքի 99 տոկոսը ծածկված է լայնաշերտ անլար ինտերնետով` 3G տեխնոլոգիաներով, այսինքն` հասանելիության խնդիրը լուծված է։ Հաջորդ քայլը թողունակության ավելացումն է։ Հիշեցնեմ, որ լայնաշերտ ընդունված է համարել 256 կիլոբիթ/վ արագությամբ ինտերնետ միացումը։ Հայաստանում նման մակարդակ ապահովում են բոլոր օպերատորները ամսական 2000–5000 դրամով, ինչն ամբողջովին ընդունելի է։ Ինչ վերաբերում է ինտերնետ կապի որակին, ապա մարզերում դրա հետ խնդիրներ չկան։ Հասկանալի է, որ ամեն օպերատոր ունի իր ռազմավարությունը, և պրակտիկան ցույց է տվել, որ այսօր առավել արագ են զարգանում անլար կապ տրամադրող օպերատորները։ Սակայն նման կապն իր պարամետրերով և որակով դեռ զիջում է լարային կապին։ Այդ պատճառով այնտեղ, որտեղ հնարավոր է, անցկացնում են օպտիկամանրաթելային մալուխ, որն իր հերթին հիմք է դառնում հասանելիության բարձր արագություն ունեցող անլար կապի նոր բազային կայանների համար։
«ԱՌԿԱ».– Ի՞նչ վիճակում են ինտերնետ անվտանգության հետ կապված հարցերը, և ի՞նչ է արվում կիբեռհանցավորությունից օգտատերերին պաշտպանելու համար։
Գ. Սաղյան. – Անվտանգության համար հարկավոր է բարձրացնել օգտատերերի ինտելեկտուալ մակարդակը, խթանել, որպեսզի նրանք շահագրգռված լինեն տեղադրել հակավիրուսային ծրագրային ապահովում և օգտագործեն արտոնագրված ծրագրեր։ Հարկ է նշել, որ Հայաստանը կիբեռհանցագործության դեմ պայքարի կոնվենցիա է ստորագրել, ինչի կապակցությամբ Հայաստանի ոստիկանությունը հնարավորություն ունի օպերատիվ կերպով փոխգործակցել շուրջ 110 երկրի հետ, որոնք ևս ստորագրել են կոնվենցիան։ Այսպիսով, եթե օրինակ կիբեռհանցագործը Մեծ Բրիտանիայից փորձել է այստեղ ինչ–որ բան փչացնել, ապա մեր ոստիկանությունը հնարավորություն ունի անմիջապես կապվել բրիտանական ոստիկանության հետ և օպերատիվ կերպով քննել միջադեպը։ Այսինքն` հարկավոր չէ անցնել արտգործնախարարության, Ինտերպոլի խողովակներով։ Հանցագործությունների նկատմամբ արձագանքելու օպերատիվությունը շատ է բարձրացրել կոնվենցիան ստորագրած երկրների համար։ Այսպես, նախորդ տարի եթե չեմ սխալվում, ոստիկանությունը քննել է կիբեռհանցագործության 25 գործ։ Ինչ վերաբերում է ցանցահենների գրոհներին, ապա դա, ցավոք, անխուսափելի երևույթ է ողջ աշխարհում, սակայն չարժե կենտրոնանալ կայքերը կոտրելու վրա։
«ԱՌԿԱ». – Իսկ հայկական ինտերնետ կոնտենտից օգտվողների վերաբերյալ վիճակագրություն կա՞, և ի՞նչն է խոչընդոտում դրա տարածմանը։
Գ. Սաղյան. – Նման տվյալներ կան. օգտատերերի 33 տոկոսը հնարավորություն ունի կոնտենտ ստանալ միայն հայերենով, քանի որ տիրապետում է միայն այդ լեզվին։ Միաժամանակ անգլերենից և ռուսերենից օգտվում է մոտավորապես հավասար քանակությամբ օգտատեր` համապատասխանաբար 32 և 35 տոկոս։ Հայկական կոնտենտի զարգացմանը խոչընդոտում է ֆինանսավորման բացակայությունը։ Տնտեսությունում չկան բավարար միջոցներ ինտերնետ նախագծերում ներդնելու համար, ավելին` գոյություն ունեն պատրաստի այլընտրանքային ապրանքներ, հայտնի սոցցանցեր, մասնավորապես` Facebook–ը, Одноклассники–ն։ Հայաստանում նմանատիպ նախագծերի ստեղծումը քիչ հավանական է, և դժվար թե դրանք ճանաչված դառնան։ Շուկան գրավված է օտարերկրյա կազմակերպությունների կողմից, քանի որ ինտերնետն ունի անդրազգային, գլոբալ բնույթ։ Իհարկե կարելի է կողմնորոշվել օգտատերերի այդ 33 տոկոսի վրա, սակայն նրանք կարող են օգտվել սոցցանցերից միայն մայրենի լեզվով։ Լուրջ նախագծերի համար լուրջ ներդրումներ են հարկավոր։ Այսօր մենք ունենք Dasaran.am հեռանկարային ծրագիրը, որն ուղղված է դպրոցների գործունեության հարցում թափանցիկության մակարդակի բարձրացմանը և ծնողների, աշակերտների և ուսուցիչների միջև կապի համապատասխան համակարգի ձևավորմանը։
«ԱՌԿԱ». – Իսկ «հայ» դոմենային գոտի ստեղծելու անհրաժեշտություն կա՞, և ե՞րբ այն կստեղծվի։
Գ. Սաղյան. – Նման դոմենային գոտու ստեղծման գաղափարին աջակցում են Գիտությունների ազգային ակադեմիան, կառավարական կազմակերպությունները, ՏՏ ընկերությունները։ Ինձ ևս այդ գաղափարը գրավիչ է թվում, չնայած կարծում եմ, որ հայալեզու դոմենն ավելի շատ դեկորատիվ դեր կունենա մի շարք պատճառներով։ Առաջին հերթին արտերկրում մարդկանց համակարգիչների վրա տեղադրված չէ հայկական ստեղնաշար, և դա սահմանափակում է հայալեզու դոմենի նկատմամբ հասանելիությունը։ Երկրորդը, դեռևս հնարավոր չէ էլեկտրոնային նամակ ուղարկել այդ հասցեով։ Սակայն մյուս կողմից ազգային դոմենի առկայությունը խոսում է երկրի մակարդակի մասին, որ նա ի վիճակի է ունենալ նման դոմեն։ Սա այնպիսի խորհրդանիշ է, ինչպիսին ազգային դրոշն է, և ինչու՞ չի կարելի նման բան ունենալ էլեկտրոնային ձևաչափում։ Դոմենի ստեղծումը նշանակություն ունի նաև սփյուռքի հայկական օջախների միավորման տեսակետից` նրանց համար դառնալով լրացուցիչ կապող գործոն։ Մեր գնահատականներով` «հայ» դոմենային գոտու ստեղծման համար կպահանջվի շուրջ մեկ տարի։
«ԱՌԿԱ». – Ինչպիսի՞ պայմաններ են ստեղծված Հայաստանում ՏՏ ոլորտի StartUp–երի զարգացման համար։
Գ. Սաղյան.– Մենք չունենք բարենպաստ պայմաններ։ Պայմանները կարող են բարենպաստ լինել այնտեղ, որտեղ չկան հարկեր, այդ պատճառով ընկերությունները հեռանում են հարկային դաշտից դեպի ազատ տնտեսական գոտիներ։ ՏՏ ոլորտում աշխատավարձերը բարձր են, իսկ դա նշանակում է, որ հարկերն էլ են բարձր։ Այս ամենը հանգեցնում է նրան, որ ծրագրավորողներն աշխատավարձ են ստանում իրենց վարկային քարտերի վրա, որոնք տրամադրվում են օտարերկրյա գործատուների կողմից։ Սակայն այսօր հարկերից ազատ գոտիներում հայկական ՏՏ ընկերությունների գրանցման միտում կա, ինչը թույլ է տալիս Հայաստանում չվճարել հարկեր և սոցիալական վճարներ։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի ՏՏ ոլորտը հաջողված է` անկախ իշխանությունների գործողություններից։ Այնուամենայնիվ, հարկավոր է ուշադրություն դարձնել, որ բուհերում տեխնոլոգիաների ուսուցման համակարգը որևէ էական բան չի տրամադրում ուսանողներին, գիտելիքները չեն կրում կիրառական բնույթ և որևէ կապ չունեն ՏՏ ոլորտի պահանջների հետ։ Այս ոլորտի մասնագետները մեզ մոտ մեծ մասամբ ինքնուս են կամ սովորում են այն ընկերություններում, որտեղ աշխատում են։
«ԱՌԿԱ». – Ի՞նչն է խոչընդոտում Հայաստանում էլեկտրոնային կոմերցիայի զարգացմանը, և իրակա՞ն է, արդյոք, Paypal վճարային համակարգի մուտքը հայկական շուկա։
Գ. Սաղյան. – Հայաստանում էլեկտրոնային կոմերցիան զարգանում է` հակառակ մեծ թվով խնդիրների։ Ըստ երևույթին, որոշ խնդիրներ կլուծվեն Մաքսային միությանն անդամակցելուց հետո, ինչը կհանգեցնի արտերկրում գնված ապրանքների գնային սահմանաչափի բարձրացմանը։ Այսօր մեզ մոտ սահմանված առավելագույն չափը մինչև 150 հազար դրամ է, որով կարելի է ապրանքներ ստանալ փոստով կես տարին մեկ անգամ, ընդ որում եթե 10 դոլարի ծանրոց ես ստացել, ապա քո սահմանաչափը սպառված է, և հարկավոր է սպասել ևս կես տարի հաջորդը ստանալու համար։ ՄՄ մտնելուց հետո այդ գումարը կարող է հասնել ամսական մինչև 300 եվրոյի (մոտ 170 հազար դրամ)։ Ընդհանուր առմամբ, երկրում էլեկտրոնային առևտրի նկատմամբ վստահությունն աճում է, և դա մրցակցություն է ստեղծում տեղական մատակարարների համար, ովքեր մենաշնորհային դիրք են զբաղեցնում, ինչն առավել արդիական է, քանի որ մրցակցության պաշտպանության մակարդակով մենք զբաղեցնում ենք 138–րդ տեղը աշխարհի 140 երկրների շրջանում։ Ինչ վերաբերում է էլեկտրոնային կոմերցիայի միջոցով հայկական ապրանքների արտահանմանը, ապա դրա համար առավել հարմարը ՏՏ արտադրանքն է, օրինակ` ArmTab պլանշետները։ Էլեկտրոնային կոմերցիայի ակտիվացումը կարող է կապված լինել նաև աշխարհի խոշորագույն վճարային համակարգերից մեկի` Paypal–ի մուտքի հետ հայկական շուկա, որը պատրաստ է այստեղ աշխատել` չնայած հայկական շուկայի համեստ չափերին, քանի որ անգամ փոքր երկիրը ևս բիզնեսի հարթակ է։
«ԱՌԿԱ».– Ի՞նչ փոփոխություններ կարող են լինել Հայաստանի ինտերնետ ծառայությունների շուկայում առաջիկա տարիներին, և ինչպիսի՞ միտումներ են սպասվում ողջ աշխարհի մասշտաբով։
Գ. Սաղյան.– Ինչպես արդեն նշեցի, Հայաստանում ինտերնետ հասանելիության խնդիրը լուծված է, այժմ հարկավոր է ավելացնել թողունակությունը։ Մեր շուկայում, ելնելով զարգացման համաշխարհային միտումներից, ամենայն հավանականությամբ, անշեղորեն կբարձրանա ինտերնետ ծառայությունների որակն առանց գնային փոփոխության, ինչը, ըստ էության, առաջընթաց է նշանակում։ Միտումների թվում կարելի է նշել շուկայում գոյություն ունեցող դերակատարների թվի նվազումը ձուլման և հնարավոր սնանկությունների հաշվին։ Տեխնոլոգիական տեսակետից կարելի է հույս ունենալ բջջային կապի 4–րդ սերնդի զարգացմանը։ Իհարկե, դրան պետք է նախորդի աշխարհում այդ տեխնոլոգիայի ստանդարտացումը։ Օպտիկամանրաթելային տեխնոլոգիաները հիմք կստեղծեն բարձր արագություն ունեցող անլար ինտերնետի համար։ Հավելվածների շրջանում կարևոր է նշել բանկային ոլորտի զարգացումը`փոխարինելով սուպերմարկետներում սովորական քարտերը բջջային հեռախոսներով, որոնցից կարելի է անլար միջոցներ գանձել։ Կառավարման ոլորտում կառավարությունը պատրաստել է Ինտերնետի կառավարման ֆորումի ստեղծման ծրագիրը, որը պետք է միավորի պետական, հասարակական և մասնավոր կառույցները համացանցի զարգացմամբ պայմանավորված նոր մարտահրավերների նկատմամբ քաղաքականության օպերատիվ մշակման համար։
Համաշխարհային մասշտաբում բացառված չէ ինտերնետի մասնատումը, որը չնայած ցանցային լրտեսության կանխարգելման առաջնահերթ խնդրին, մեկուսացնող ռիսկեր է պարունակում։ Կարող է այնպես պատահել, որ ինչ–որ երկրներ մեզ համար կդառնան անհասանելի, իսկ մենք` նրանց համար։ Կարող է ստեղծվել այլընտրանքային ինտերնետ, օրինակ` Մաքսային միության ինտերնետը, որը ինչ–որ կերպ «ցանկապատված» կլինի արևմտյան երկրների ինտերնետից։ Այս ուղղությամբ արդեն քննարկումներ են ընթանում։ Այսպես, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջարկել է ստեղծել առանձին եվրոպական հեռահաղորդակցական ցանց, որը կաշխատեր հյուսիսամերիկյան ցանցից առանձին։ Ապրիլին մի շարք զարգացած երկրների ներկայացուցիչներ Մերկելի և Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի հրավերով մտադիր են հավաքվել Բրազիլիայում` ինտերնետի վրա ԱՄՆ ազդեցության նվազման հարցի քննարկման նպատակով։ Համացանցի մասնատումը ապագայի հիմնական վտանգն ու մարտահրավերն է։ Այդ պատճառով ցանցային լրտեսությունից պաշտպանվելու համար հարկավոր է օգտագործել նույն ինտերնետի հնարավորությունները, բարձրացնել օգտատերերի մակարդակը, ԶԼՄ–ների օգնությամբ բացատրել համակարգչի կամ սմարթֆոնի անվտանգությանը հետևելու անհրաժեշտության մասին։ Որոշ երկրներ կարծում են, որ մասնատման միջոցով կարող են լուծել իշխանության պահպանման հետ կապված խնդիրները, սակայն մեկուսացման քաղաքականությունը երբեք դրական որևէ բանի չի հանգեցրել։ Եթե երկիրը ինքնամեկուսանա, ապա հետընթաց կապրի և ավելի կհեռանա զարգացման ընդհանուր վեկտորից։ Բաց լինելը խթանում է զարգացումը։–0–