ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՊԻ ԱՐՏԱՔԻՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՄԵՆԱՇՆՈՐՀԻ ՎԵՐԱՑՈՒՄԸ ՆՊԱՍՏԵԼ Է ԻՆՏԵՐՆԵՏ-ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԵՐԻ ԶԳԱԼԻ ՆՎԱԶՄԱՆԸ
«Ինտերնետ Միություն» ոչ կառավարական կազմակերպության նախագահ Իգոր Մկրտումյանի բացառիկ հարցազրույցը «ԱՌԿԱ» գործակալությանը
«ԱՌԿԱ». Ձեր կարծիքով կարելի՞ է այսօր խոսել Հայաստանի բնակչության համակարգչային գրագիտության որոշակի մակարդակի մասին։
Ի.Մկրտումյան. Կարծում եմ, որ կարելի է խոսել Հայաստանի բնակչության համակարգչային գրագիտության որոշակի մակարդակի մասին, հատկապես երիտասարդության շրջանում։ Բոլորին հայտնի է, որ նորմալ աշխատանքի ընդունվելու համար անհրաժեշտ է օտար լեզվի և համակարգչի իմացություն։ Այդ պատճառով էլ երիտասարդների, ինչպես նաև միջին տարիքի մարդկանց ձգտումը դեպի այդ գիտելիքը մեծ է։ Բարեբախտաբար, Երևանում կան բազմաթիվ ուսումնական կետնրոններ, որտեղ ոչ շատ մեծ գումարով կարելի է բավականին լավ գիտելիքներ ստանալ։ Բազմաթիվ երիտասարդների երազանքը տնային համակարգիչն է, այդ պատճառով ծնողները ձգտում են համակարգիչ գնել՝ հասկանալով, որ իրենց երեխաների ապագան կապված է համակարգչային գրագիտության հետ։
Պետք է նշել միջազգային կազմակերպությունների դերը հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործում։ Այսպես, ԱՄՆ կառավարության աջակցության (Project Harmony ծրագիր) և Բաց Հասարակության ինստիտուտի շնորհիվ հայկական դպրոցների 23 տոկոսը ստացավ համակարգչային դասարաններ և Ինտերնետին միանալու հնարավորություն։
Փորձագիտական գնահատականներով, Հայաստանի բնակչության յուրաքանչյուր 100 մարդուն բաժին է ընկնում 16 անձնական համակարգիչ (ԱՄՆ-ի 100-ի դիմաց)։ Դա չի նշանակում, որ հանարապետությունում համակարգիչ ունի յուրաքանչյուր վեցերորդը, քանի որ համակարգիչների հիմնական մասը կենտրոնացված է հիմնարկներում։
Դժբախտաբար, Հայասատնում չեն անցկացվում հարցումներ, որոնք թույլ կտային հստակ գնահատել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վիճակը։ Օրինակ, այնպիսի ցուցանիշը, ինչպիսին է համակարգիչ ունեցող ընտանիքների թիվը (PC penetration per household), թույլ կտար ավելի հստակ որոշել բնակչության համակարգչային գրագիտությունը։ Համեմատության համար նշեմ, որ Հոլանդիայում ընտանիքների 90 տոկոսն ունի համակարգիչ։
«ԱՌԿԱ». Ինչպե՞ս եք գնահատում Ինտերնետի վիճակը Հայաստանում։ Որքանո՞վ է Հայաստանը «ինտերնետացված»։
Ի.Մկրտումյան. Վերջին տարիներին Ինտերնետը հանրապետությունում զարգանում է բավականին դինամիկ։ Դրան նպաստել է կապի արտաքին ուղիների մենաշնորհի վերացումը, ինչը հանգեցրեց Ինտերնետ-կապի և Ինտերնետ-ծառայությունների գների զգալի նվազմանը։ Սերվիս-պրովայդերներն առաջարկում են ծառայությունների լայն շրջանակ մատչելի գներով, այնպես որ այժմ տանն Իտերնետ ունենալը դժվարություն չի ներկայացնում։ ԱրմենՏել հեռահաղորդակցական ընկերությունը (Beeline ապրանքանիշ) թույլ է տալիս միանալ Ինտերնետին տնային համակարգչից հեռախոսով՝ 2 դրամ/րոպե վճարով (գիշերային սակագինը՝ 1 դրամ/րոպե)։ Բացի այդ, տրվում է արագ Ինտերնետի հնարավորություն հեռախոսագծերի միջոցով (DSL модем) անսահմանափակ տրաֆիկով և խելամիտ գներով՝ 8, 12, 30 հազար դրամ ամսվա ընթացքում՝ կախված ուղու արագությունից։
Շատ սերվիս-պրովայդերներ առաջարկում են անլար Ինտերնետ։ Զարգանում է բջջային Ինտերնետի նոր՝ WiМАХ տեխնոլոգիան։ Այդ ամենը լավատեսություն է ներշնչում։
Ինտերնետի ակտիվացմանը նպաստեց նաև համաշխարհային սոցիալական ցանցերի զարգացումը, ինչպիսիք են՝ Facebook, YouTube, LinkedIn, odnoklassniki.ru, Կենդանի Ամսագիր (Живой Журнал), Իմ շրջապատը (Мой круг) և այլն, անվճար էլեկտրոնային փոստի, ինչես նաև Ինտերնետով շփման ծրագրերի, մասնավորապես, ICQ, Skype, Microsoft և Yahoo Messenger ծրագրերի առկայությունը։
Տպավորություն է ստեղծվում, որ ամբողջ հայ երիտասարդությունն ակտիվորեն մասնակցում է odnoklassniki.ru վեբ-կայքի աշխատանքներին։ Շատերն այցելում են ծանոթությունների կայքեր։ Այսպիսով, երիտասարդությունն ակտիվորեն ժամանց է անցկացնում Ինտերնետում։ Բացի այդ, Հայաստանում բավականին շատ են Ինտերնետ-սրճարանները, որոնք ապահովում են Համաշխարհային ցանցի ոչ թանկ հասանելիություն։
«ԱՌԿԱ». Վերջին ժամանակներս ավելի հաճախ են լուրեր տարածվում այն մասին, թե ադրբեջանցի հակերները կոտրում են հայկական կայքերը։ Որքանո՞վ են, ըստ Ձեզ, պաշտպանված հայկական կայքերը հակերներից։
Ի.Մկրտումյան. www.cert.am կայքում մենք գրանցում ենք հայկական վեբ-կայքերը կոտրելու՝ մեզ հայտնի դեպքերը։ Բոլոր այդ դեպքերում դրանք կոտրվել են ադրբեջանական ցանցերին պատկանող IP հասցեներից: Սակայն պետք չէ ողբերգականացնել իրավիճակը։ Կոտրում են, որովհետև շատ կայքեր մշակվում են ոչ թե պրոֆեսիոնալների, այլ նորեկների կողմից։ Այնպես որ կոտրումն ազդանշան է, որ պետք է ուղղել մշակողի սխալները։ Կան վեբ-կայքերի ծրագրային աուդիտի շատ ձևեր, որոնց օգնությամբ բացահայտնում են բոլոր թերությունները։ Պարզապես գործին պրոֆեսիոնալ մոտեցում է պետք։
«ԱՌԿԱ». Ինչպիսի՞ն է 2008 թվականին Հայաստանում գրանցված դոմենների դինամիկան՝ նախորդ տարվա համեմատ։
Ի.Մկրտումյան. 2008թ. արդյունքներով Հայաստանում գրանցվել է մոտ 10 հազար դոմեն, ինչը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 30 տոկոսով։ Համեմատության համար, դոմենների թիվը Լիտվայում կազմում է 94 հազար, Լատվիայում՝ 55 հազար։
Դոմենների թիվը Հայաստանի բնակչության 1000 մարդու հաշվով կազմում է 3,25՝ միջին եվրոպական 32,5-ի դիմաց։
Դոմենների թիվն անուղղակիորեն վկայում է երկրի փոքր և միջին բիզնեսի վիճակի մասին, քանի որ, ինչպես ցույց է տալիս համաշխարհային պրակտիկան, հենց այդ հատվածն է առավել ակտիվ Ինտերնետում ներկայացվածության առումով։ Դրանից ելնելով՝ կարելի է ենթադրել, որ Հայասատնում փոքր և միջին բիզնեսը դժվարությունների է բախվում։
«ԱՌԿԱ». Ի՞նչ խնդիրներ գոյություն ունեն ներկայումս Հայաստանի ՏՏ-շուկայում։
Ի.Մկրտումյան. Հայաստանում սարքավորումները զգալիոներն ավելի թանկ արժեն, քան այլ երկրներում։ Եթե մենք տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը հռչակեցինք որպես գերակա բնագավառ, ապա անհրաժեշտ է նվազեցնել հարկերը (ԱԱՀ) և համակարգչային ու ցանցային սարքավորումների, ինչպես նաև ծրագրային ապահովման հավաստագրման ծախսերը։
«ԱՌԿԱ». Ի՞նչ կարող եք ասել Ինտերնետում գովազդի շուկայի զարգացման վերաբերյալ։ Կա՞ն, արդյոք, թվային տվյալներ, որոնք կներկայացնեն այդ շուկայի աճը, զարգացման դինամիկան, շահութաբերությունը, ինչպես նաև, թե որ ընկերություններն են հիմնականում օգտվում այդ ծառայությունից։
Ի.Մկրտումյան. Հայաստանում այցելությունների վարկանիշին հետևում է www.circle.am վեբ-կայքը։ Ամենից շատ այցելու ունեցող կայքերում գովազդ գրեթե չկա։ Դա խոսում է այն մասին, որ ապրանք և ծառայություններ վաճառողները շահագրգռված չեն Ինտերնետ-գովազդով՝ հավանաբար կարծելով, թե դրանից օգուտ չկա։
«ԱՌԿԱ». Ի՞նչ կանոններ են գործում Ինտերնետ-գովազդի շուկայի կարգավորման առումով։ Պե՞տք է, արդյոք, որ պետությունը միջամտի այդ հարցին։
Ի.Մկրտումյան. Ինձ թվում է, որ այդ մասին խոսելը դեռևս վաղ է։ Երբ լինի շուկան, այն ժամանակ էլ հնարավոր կլինի քննարկել այդ հարցը։
«ԱՌԿԱ». Ինչպե՞ս է երկրում զարգանում էլեկտրոնային առևտուրը, և, ընդհանուր առմամբ, ինչպիսի՞ն են էլեկտրոնային առևտրի (կրեդիտ-քարտեր, գնումներ Ինտերնետի միջացով) զարգացման հեռանկարները։
Ի.Մկրտումյան. Անհրաժեշտ է զատել էլեկտրոնային առևտրի երկու կողմները՝ կրեդիտային քարտերի ներդրումը և գնումները Ինտերնետի միջոցով։ Եվ եթե առաջինը զարգանում է բավականին հաջող՝ սպասվում է, որ միչև 2010 թվականը Հայաստանում պլաստիկ քարտերի (ArCa, Master, Visa) թիվը կհասնի 700 հազարի, ապա Ինտերնետի միջոցով գնումների մասին խոսելը դեռ վաղ է։ Այդ ոլորտը շատ դանդաղ է զարգանում։ Պատճառները մի քանիսն են՝ վաճառողների մոտ հետաքրքրվածության բացակայությունն առևտրի այդ ձևի նկատմամբ, գների տարբերության բացակայությունը խանութների գների համեմատ, Ինտերնետ-բանկինգի և պլաստիկ քարտերի տերերի՝ իրենց հաշիվներին Ինտերնետ-հասանելիության թույլ զարգացվածությունը, անվստահությունը տրանզակցիաների անվտանգության նկատմամբ։ Հավանաբար, պետք է գա մի ժամանակ, երբ «ժամանակը փող է» կարգախոսն իսկապես արդիական կդառնա Հայաստանի համար, և ժամանակը տնտեսելու համար մարդիկ ավելի հաճախ կդիմեն Ինտերնետ-գնումների։
«ԱՌԿԱ». Կա՞ն, արդյոք, տվյալներ Հայաստանում Ցանցից օգտվողների ընդհանուր թվի մասին։ Քանի՞սն են ներկայումս հայկական շուկայում պրովայդերները, վեբ-դիզայներները, ինչպես նաև այն ընկերությունները, որոնք զբաղվում են տեխնիկայի վաճառքով։
Ի.Մկրտումյան. Ինտերնետից օգտվողների թիվը Հայաստանում, Էլեկտրակապի միջազգային միության տվյալներով (2007թ. օգոստոս) կազմում է 172,800 կամ բնակչության 5,4 տոկոսը։ Համեմատության համար նշենք, որ զարգացած երկրներում Ինտերնետից օգտվողները կազմում են բնակչության ավելի քան 70 տոկոսը։
Ինչ վերաբերում է տեխնիկա վաճառողներին, պրովայդերներին և վեբ-դիզայներներին, ապա նրանք ավելի շատ են, քան պետք է։
«ԱՌԿԱ». Հայաստանի համար on-line բիզնեսի ո՞ր ուղղություններն են առավել հեռանկարային։
Ի.Մկրտումյան. Оn-line բիզնեսը ներառում է գնումների և ապրանքամատակարարման էլեկտրոնային կառավարումը, պատվերների էլեկտրոնային մշակումը, գնորդների էլեկտրոնային սպասարկումը և բիզնես-գործընկերների հետ կոոպերացիան։ Օn-line բիզնեսի բաղադրիչներն են b2c (բիզնես-օգտագործող) և b2b (բիզնես-բիզնես) փոխհարաբերությունը։ Հայաստանում բիզնեսի այդ տեսակը սաղմնային վիճակում է։ Զարգացման հեռանկարները որոշվում են շուկայով և պահանջում են հատուկ ուսումնասիրություն։
«ԱՌԿԱ». Ինչպե՞ս եք գնահատում Գյումրիում տեխնոպարկի ստեղծման հնարավորությունը և դրա ձևավորումը Տեխնոգրադի բազայի վրա։ Որքանո՞վ է իրատեսական այդ նախագիծը, ի՞նչ հնարավորություններ է այն բացում Հայաստանի համար։
Ի.Մկրտումյան. Որքանով ինձ հայտնի է, դա կառավարության կողմից մշակված և մեծ կապիտալ ներդրումներ պահանջող խոշոր նախագիծ է։ Այդ նախագիծը կոչված է բարձրացնել գործարարական ակտիվությունն այդ տարածաշրջանում, ստեղծել նոր աշխատատեղեր, երիտասարդությանն ուղղորդել դեպի տեղեկատվական տեխնոլոգիաները և այդպիսով նպաստել Գյումրիի և տարածաշրջանի զարգացմանն ընդհանրապես։ Գաղափարը լավն է, և եթե կան ֆինանսներ, ինչու չփորձել։ Իսկ եթե ֆինանսներ չկան, ապա պետք է սկսել քչից։ Գյումրիում հաջող գործում է Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը, որը մեծ աշխատանք է տանում բարձր որակավորմամբ կադրերի պատրաստաման ուղղությամբ և ինչպես Երևանի, այնպես էլ Սփյուռքի տարբեր կազմակերպությունների աջակցությունն ունի: Դրա բազայի վրա, ըստ անհրաժեշտության, կարող է ստեղծվել տեխնոպարկը, որի հաջող աշխատանքի դեպքում կարելի է նաև մտածել հետագա ծրագրերի մասին։
«ԱՌԿԱ». Ինչպիսի՞ն է, ըստ Ձեզ, ՏՏ-հատվածի զարգացումը Հայաստանում համաշխարհային ֆինանսական ճգնաժամի համատեքստում։
Ի.Մկրտումյան. Մինչև վերջերս ես լավատեսական սպասումներ ունեի, բայց այն բանից հետո, երբ երկու խոշոր ընկերություններում (EpygiLabs и Lycos) զանգվածային կրճատումներ եղան, իմ լավատեսությունը հօդս ցնդեց։ Ամեն ինչ խոսում է այն մասին, որ ճգնաժամը կա, և այն ազդում է Հայաստանի վրա ամենաանմիջական կերպով։
Ի դեպ, շատ հայ ծրագրավորողներ փաստաթղթեր են հանձնել՝ Կանադա մեկնելու համար։ Անսպասելիորեն այս տարի Կանադայի կառավարությունը գերակա մասնագիտությունների թվում, որոնցով ընտրում են Կանադա մեկնելու թեկնածուներին, չի նշել ծրագրավորողներին։
«ԱՌԿԱ». Ինչպե՞ս կմեկնաբանեք գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի օրենսդրական նախաձեռնությունը, որի համաձայն .am գոտու դոմեններ կկարողանան ստանալ միայն Հայաստանի քաղաքացիները։
Ի.Մկրտումյան. Աշխարհի երկրների մեծ մասում դոմենների գրացումն ազատ է և չի սահմանափակվում քաղաքացիությամբ։ Եթե սահմանափակենք գրանցումը Հայաստանի քաղաքացիությամբ, ապա ինչպե՞ս վարվել հայկական սփյուռքի հետ, որը կամենում է դոմեններ ունենալ .am գոտում։ Ինչպե՞ս վարվել Microsoft, IBM, Sony և նման այլ ընկերությունների հետ, որոնք նույնպես կամենում են և իրավունք ունեն իրենց դոմեններն ունենալ .am գոտում։
Եթե այդ նախաձեռնությունը թելադրված է նրանով, որ ոչ ռեզիդենտների կողմից գրանցված ինչ-որ վեբ-կայքեր հրապարակում են Հայաստանին վարկաբեկող տեղեկատվություն, ապա դրանց դեմ կարող են կիրառվել օրենքով նախատեսված միջոցներ՝ ներառյալ փակում, քանի որ .am գոտու դոմենները գտնվում են Հայաստանի իրավասության ներքո։
Պաշտպանողական միջոցները վիրտուալ տարածքուում, որտեղ սահմանների հասկացությունը ջնջված է, չեն համապատասխանում համաշխարհային միտումներին։ Իսկ եթե պետք է դրանք կիրառել, ապա միայն ազգային արտադրողների պաշտպանության համար։ -0-