ՆՈՐ ՊՐՈՎԱՅԴԵՐԻ ՄՈՒՏՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՄԵԾԱԾԱԽ ՇՈՒԿԱ ՄԻ ՇԱՐՔ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԼՈՒԾԻ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ. ՀԾԿՀ
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նոր պրովայդերի՝ GNC-Alfa-ի մուտքը Հայաստանի մեծածախ ինտերնետի շուկա մի շարք խնդիրներ կլուծի հեռահաղորդակցական շուկայում, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամ Սամվել Արաբաջյանը։
GNC-Alfa ընկերությունն անցել է սեփական ցանցի առևտրայնային շահագործմանը հոկտեմբերի 15-ից։ Ցանցն ապահովվում է Իրանից Երևան ձգվող օպտկամանրաթելային մալուխով։
Արաբաջյանի խոսքերով, այսօր հայկական շուկայում առկա են ինտերնետի որակի և արագության տարբեր չափանիշեր՝ սկսած գերարագ և թանկ հասանելիությունից մինչև էժան և անորակ ինտերնետը։
«Նոր պրովայդերի մուտքն IP շուկա, անկասկած, դրականորեն կազդի շուկայի վրա։ Դա ավելի բարենպաստ մրցակցային պայմաններ կստեղծի»,- ասաց ՀԾԿՀ անդամը։
Նա ընդգծեց, որ պրովայդերի՝ մեծածախ ինտերնետի շուկա մուտք գործելու հետ Հայաստանում մեծածախ կապի գիծ է ի հայտ եկել հարավային ուղղությամբ՝ դրանով իսկ լուծելով հեռահաղորդակցության գծերի դիվերսիֆիկացիայի հարցը։
«Դա հնարավորություն կտա Հայաստանին տարանցիկ երկիր դառնալ հյուսիսի և հարավի միջև։ Իսկ ներքին շուկայի համար նոր պրովայդերի մուտքը կհանգեցնի, առաջին հերթին, ինտերնետի վերջնական գների իջեցմանը սպառողների համար և երկրորդ՝ տրամադրվող ծառայությունների որակի զգալի բարձրացմանը։ Այսպիսով՝ GNC-Alfa-ի մուտքը շուկա միանգամից մի քանի խնդիր է լուծում»,- ասաց Արաբաջյանը։
ՀԾԿՀ անդամը զերծ մնաց այն կանխատեսումներից, թե որքանով կէժանանա ինտերնետը երրորդ պրավոյդերի մուտք գործելուց հետո, քանի որ, նրա խոսքերով, մի շարք գործոններ են ազդում գնագոյացման վրա։
«Վերջին տարիներին Հայաստանում ինտերնետի օգտագործման ծավալն աճում է ակտիվ տեմպերով, ինչը լավ ցուցանիշ է։ Միաժամանակ դա նշանակում է, որ աճում են բնակչության պահանջներն ինտերնետի արագության նկատմամբ, ինչի կապակցությամբ երրորդ օպերատորի մուտքը որոշ առումով թույլ կտա ապահովել աճող պահանջարկը»,- ասաց Արաբաջյանը։
2010 թվականի առաջին եռամսյակում GNC-Alfa-ն նախատեսում է գործարկել իր մայրուղու հյուսիսային ուղղությունը, որը կանցնի Երևանից մինչև Վրաստանի սահման՝ ապահովելով Հայաստանում միասնական օպտիկամանրաթելային ցանցն Իրանի սահմանից մինչև Վրաստանի հետ սահմանը։
ՀՀ կառավարությունը 2009 թ.-ի սեպտեմբերի 17-ին թույլ է տվել GNC- ALFA ընկերությանը նոր օպտիկամանրաթելային մալուխ անցկացնել դեպի Վրաստան տանող ավտոմայրուղու երկայնքով: Ընկերությունը պարտավորվում է օպտիկամանրաթելային մալուխի անցկացման աշխատանքներն ավարտել 18 ամսում:
GNC-Alfa ընկերությունը ստեղծվել է 2007 թ.-ին: Նրա գործունեության հիմնական ուղղություններն են մայրուղային հեռահաղորդակցական ցանցերի շինարարությունն ու շահագործումը և տրանսպորտային ցանցի ծառայությունների ցուցաբերումը:
Հայաստանում այսօր գործում է մեծածախ ինտերնետի երկու օպերատոր. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը՝ Beeline) և Fibernet Communications-ը: --0—