USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Twitter–ում Թեթչերի մասին հեշթեգը սխալ կարդալու հետևանքով լուր է տարածվել, թե մահացել է երգչուհի Շերը

09.04.2013, 13:33
Հեշթեգը սխալ ընթերցելու հետևանքով լուր է տարածվել, թե մահացել է հայտնի երգչուհի և դերասանուհի Շերը, երեքշաբթի հայտնում է Wall Street Journal  թերթի կայքը։
Twitter–ում Թեթչերի մասին հեշթեգը սխալ կարդալու հետևանքով լուր է տարածվել, թե մահացել է երգչուհի Շերը

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հեշթեգը սխալ կարդալու հետևանքով լուր է տարածվել, թե մահացել է հայտնի երգչուհի և դերասանուհի Շերը, երեքշաբթի հայտնում է Wall Street Journal  թերթի կայքը։

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ, 87–ամյա «երկաթյա տիկին» Մարգրեթ Թեթչերը մահացել է երկուշաբթի ուղեղի կաթվածից։ Թեթչերը Մեծ Բրիտանիայի պատմության մեջ առաջին և միակ կին վարչապետն է (1979-1990)։

Համացանցում Թեթչերի մահվան մասին հաղորդագրությունների հայտնվելուց հետո Twitter միկրոբլոգների սերվիսում միանգամից տարածվել է #nowthatchersdead («այժմ Թեթչերը մահացավ»)։ Սակայն բազմաթիվ օգտագործողներ դա կարդացել են այսպես` Now that Cher's dead («այժմ մահացել է նաև Շերը»), ինչից հետո երգչուհու մի շարք երկրպագուներ ցավակցական գրություններ են թողել։ Twitter–ի մի շարք օգտատերեր, մասնավորապես, հայտնի բրիտանացի կատակաբան Ռիքի Ջերվեյսը, սարկազմով գրություններ են հրապակել` ծաղրելով ստեղծված շփոթությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Բոլոր նրանց համար, ովքեր կարծում են, թե Շերը մահացել է, սա լավ օրինակ է հասկանալու համար, թե ինչի են պետք մեծատառերը հեշթեգերում»,– նկատել է Twitter–ի օգտագործող  @MauriceHughes96–ը։

Ամերիկացի փոփ–աստղ, մի շարք երգերի հեղինակ և դերասանուհի, ռեժիսոր և պրոդյուսեր Շերիլին Սարգսյանը ծնվել է 1946 թվականին Կալիֆոռնիայում։ Նա համբավ է ձեռք բերել 1965 թվականին, երբ Սոննի և Շեր դուետի կազմում ձայնագրել է "I Got You Babe" երգը։ Նրա երաժշտական կարիերան շարունակվում է արդեն ավելի քան 40 տարի։ Շերը նկարահանվել է մի քանի հայտնի ֆիլմերում, արժանացել է «Օսկար», «Գրեմմի», «Էմմի» և երեք «Ոսկե գլոբուս» մրցանակների։ -0-