Google Translate–ն Android—ին թույլ կտա թարգմանել տեքստը լուսանկարից
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Google ինտերնետային ընկերությունը թարմացրել է Google Translate ներդիրն Android–ի համար, ավելացնելով անմիջապես պատկերից կամ լուսանկարից տեքստը թարգմանելու հնարավորություն, հայտնում է Google Play խանութը, հաղորդում է digit.ru–ն։
Google–ը պատկերն ուղարկում է իր սերվերներին և օգտագործողին առանձնացված տեքստի թարգմանություն է տրամադրում։ Սակայն թարգմանության իրականացման համար օգտագործողը պետք է նշի բնագրի լեզուն` գործառույթը լեզվի ավտոմատ տարբերակում չունի։
Պատկերից տեքստի թարգմանության հնարավորությունը հասանելի է անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, լեհերեն, պորտուգալերեն, թուրքերեն, չեխերեն, հոլանդերեն, ինչպես նաև ռուսերեն լեզուների համար։ Ֆունկցիան հասանելի է Android 2.3 Gingerbread պլատֆորմի հիմքով սարքերի և ավելի բարձր մոդելների համար։
Google ընկերությունն ավելի վաղ նմանատիպ տեխնոլոգիա էր կիրառել Android սարքերի համար նախատեսված Google Goggles ներդիրում։ 2009 թվականին գործարկված ներդիրն ապահովում է պատկերների տարբերակում, տեսաորոնում և մի շարք այլ ֆունկցիաներ` ներառյալ լրացված իրականության տեխնոլոգիան։
Google–ը չի հստակեցնում, թե Google Translate–ի iOS-ներդիրի օգտագործողների համար երբ հասանելի կլինի այս գործառույթը։
Android ներդիրի այլ թարմացումների թվում Google Translate–ը բառի կամ արտահայտության հավաքման պահին ակնթարթային թարգմանության գործառույթ է, մի շարք բարբառների թույլտվություն ձայնային մուտքագրման ժամանակ, կատարելագործված ձեռագիր մուտքագրում ճապոներեն լեզվով։ -0-