«Լանիտ»-ն էլեկտրոնային դասագրքերի խանութ է բացում
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ինչպես Cnews–ին պատմել է նորարարական նախագծերի «Լանիտ» ընկերության փոխնախագահ Դմիտրի Իզմեստևը, ինտեգրատորը պայմանավորվել է «Դրոֆա» հրատարակչության և շուկայի մի շարք մասնակիցների հետ` գրքերի թվայնացման և կոմերցիոն օգտագործման մասին։ 2013 թվականի աշնանը «Լանիտը» կկազմակերպի էլեկտրոնային գրքերի վճարովի հասանելիություն առանձին կայքի միջոցով, որի դոմենն առայժմ չի նշվում։
Գրքերի ընդհանուր թիվը, որ հասանելի կլինի, Իզմեստևը գնահատում է 400-500 հրատարակություն միջնակարգ և ավագ դպրոցների համար։ Կայքը նախատեսված է մասնավոր օգտագործողների համար, «Լանիտը» որպես հիմնական գնորդներ տեսնում է դպրոցականների ծնողներին։ Հետագայում ինտեգրատորը մտադիր է նմանատիպ հրատարակություններ առաջարկել նաև մարզային պաշտոնյաներին, ովքեր պատասխանատու են կրթական հաստատությունների գնումների համար, հաղորդում է cnews.ru–ն։
Կայքի միջոցով գրքերի վաճառքից հետո ինտեգրատորը տոկոս կփոխանցի հրատարակչություններին։ Պարգևատրման չափն Իզմեստևը չի բացում` ասելով միայն, որ այն հաշվարկված է այնպես, որ «հրատարակչություններին հետաքրքրի գրքեր տրամադրելը»։ Էլեկտրոնային տարբերակների ստեղծման բացառիկ իրավունքներ, գործընկերը, որպես կանոն, չի ստանում։
«Լանիտն» իր հիմնական մրցակիցներն է համարում «Կիրիլ և Մեֆոդի» և «Ազբուկա» ընկերություններին (նկատի է առնված ոչ թե գրքի հրատարակչությունը, այլ էլեկտրոնային դասագրքերի մատակարարը)։ -0-