Facebook–ի ղեկավարի կարողությունը կրճատվել է 600 մլն դոլարով` բաժնետոմսերի արժեզրկման պատպճառով. գործակալություն
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Facebook–ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգի կարողությունը մեկ օրվա ընթացքում կրճատվել է 600 միլիոն դոլարով սոցցանցի մայիսյան IPO–ից հետո առավել ցածր մակարդակի` հինգշաբթի Nasdaq–ի առքուվաճառքի արդյունքում ընկերության բաժնետոմսերի կտրուկ արժեզրկման պատճառով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Bloomberg գործակալությանը։
Facebook–ի բաժնետոմսերը Nasdaq–ում առքուվաճառքի առաջին ժամվա ընթացքում ընկել են 7 տոկոսով` հասնելով պատմական նվազագույն արժեքի` 19.69 դոլարի։ Առևտրային օրվա ավարտին սոցցանցի արժեթղթերը հետ են բերել անկման մի մասը` փակվելով 19.87 դոլարի մակարդակում, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»։
Շուկայական կոնյունկտուրայի վրա կարող էր ազդել այն փաստը, որ հինգշաբթի լրացել է Facebook–ի 271.1 միլիոն բաժնետոմսերի վաճառքի մորատորիումը վաղեմի ներդրողների և հենց սոցցանցի աշխատակիցների համար։ Դա մոտ 60 տոկոսով ավելացրել է ընկերության այն բաժնետոմսերի ծավալը, որոնք կարող են մասնակցել գործարքներին։
Bloomberg Billonaires Index վերլուծական ինդեքսի տվյալներով` Facebook–ի 28–ամյա ղեկավարի կարողությունն այսօր գնահատվում է 10.2 միլիարդ դոլար։ Դա Ցուկերբերգի համար առավել ցածր ցուցանիշ է սոցցանցի` ընթացիկ տարվա մայիսի 18–ին անցկացրած IPO–ի պահից։
«Շուկան վստահ չէ Facebook–ի ապագայի հարցում»,– Bloomberg–ին է հայտնել «The Facebook Effect» գրքի հեղինակ Դևիդ Քըրքպարտրիկը (David Kirkpartrick)։ Սակայն, ըստ նրա, Ցուկերբերգը, հավանաբար, այնքան էլ չի մտահոգվում սեփական կարողության կրճատմամբ, սակայն, վերլուծում է, թե ինչպես կարող է ստեղծված իրավիճակն ազդել ընկերության ռազմավարական զարգացման վրա։
Facebook–ի` սոցցանցի հիմնադիրներին պատկանող բաժնետոմսերի փաթեթի արժեքը նույնպես էապես նվազել է վերջին երեք ամիսներին։ Օրինակ, 133.7 միլիոն բաժնետոմսերի սեփականատեր Դասթին Մոսկովիցն այդ ընթացքում կորցրել է շուրջ 2.4 միլիարդ դոլար, իսկ Էդուարդո Սավերինի փաթեթի արժեքը նվազել է 960 միլիոն դոլարով։ Սոցցանցի 22 միլիոն բաժնետոմս ունեցող Քրիսթոֆեր Հյուզը կորցրել է 400 միլիոն դոլար IPO պահից։
Facebook–ը չի մեկնաբանել Bloomberg Billonaires Index–ի արդյունքները։
Facebook–ն իր բաժնետոմսերի առաջին հրապարակային տեղաբաշխումը ՆԱՍԴԱՔ–ում կատարել է այս տարվա մայիսի 18–ին։ IPO–ի շրջանակներում ընկերության բաժնետոմսերի գինը որոշվել էր 38 դոլարի մակարդակում։ Հաշվի առնելով բաժնետսմերի ներկայիս դինամիկան` Facebook–ի զարգացումը կարելի է առավել անհաջող համարել այլ ընկերությունների համեմատ, որոնք խոշոր IPO–ներ են անցկացրել, նշում է Bloomberg–ը։-0-