ՀՀ կառավարությունը 2016 թ.–ին շուրջ 100 մլն դրամ կուղղի ՏՏ ոլորտի խթանմանը
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը չորեքշաբթի նիստի ժամանակ հաստատել է ՏՏ ոլորտի խթանման 2016 թ.–ի ծրագիրը։ Ինչպես նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ծրագրի իրականացման համար կառավարությունը կուղղի 98,66 մլն դրամ։
«Ոլորտը գրանցում է աճի բավականին բարձր ցուցանիշներ, և սպասվում է, որ ծրագրի իրականումը թույլ կտա խթանել ՏՏ ոլորտի զարգացումը Հայաստանում, ներկայացնել ձեռքբերումները, մշակել ՏՏ ոլորտի առաջխաղացման մեխանիզմները», – ասաց Ճշմարիտյանը։
Նախարարը նշեց, որ նախատեսված 98,66 մլն դրամից 52,2 միլիոնը կուղղվի ՏՏ ոլորտի խթանմանն ու զարգացմանը Հայաստանում և արտերկրում, ուսումնասիրությունների անցկացմանը, այդ թվում` ոլորտի զարգացման միտումներով, ինչպես նաև գործարար համաժողովների և Digitec տեխնոլոգիական ցուցահանդեսի կազմակերպմանը, ArmTech բարձր տեխնոլոգիաների ամենամյա կոնգրեսի անցկացմանը, որը տեղի կունենա ԱՄՆ–ում։
Նա նաև տեղեկացրեց, որ 35 մլն դրամը կուղղվի պարտավորությունների իրականացմանը միջազգային համագործակցության, մասնավորապես, IBM և Microsoft կորպորացիաների հետ ստորագրված համաձայնագրերի պարտավորությունների, ինչպես նաև ՏՏ ոլորտում գերազանցության հայ–հնդկական կենտրոնի աշխատանքի գծով։
2014 թ.–ի տվյալներով` Հայաստանի ՏՏ ոլորտում գործում է 400 ընկերությունում, որտեղ աշխատում է 11 հազար մարդ։ ՏՏ ոլորտն ապահովում է 20–25 տոկոսանոց ամենամյա աճ։ Հայաստանի ՀՆԱ–ում ՏՏ ոլորտի մասնաբաժինը կազմում է 3,8 տոկոս։ Ոլորտի զարգացման ռազմավարության համաձայն` 2018 թ.–ին նախատեսվում է ապահովել ՏՏ ոլորտի 1 մլրդ դոլարի շրջանառություն ($1 – 485,69 դրամ)։-0-