Երկրի վրա սպառվել են սենսորային էկրանների արտադրության նյութերի պաշարները
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /ԱՌԿԱ/. Սմարթֆոնների, պլանշետների և այլ ժամանակակից էլեկտրոնիկայի արտադրողներն առաջիկա տարիներին ստիպված են նոր նյութեր յուրացնել, որից նրանք սենսորային էկրաններ են թողարկելու, քանի որ ժամանակակից էկրանների առանցքային բաղադրիչի`ինդիում մետաղի բնական պաշարները շուտով կարող են վերջանալ, գրում է cnews.ru-ն:
Այդ խնդիրը քննարկվել է Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցած Semicon West արդյունաբերական համաժողովի ընթացքում:
Ժամանակակից սենսորային էկրանների վրա ինդիումի և անագի օքսիդից պատրաստած թաղանթ կա, որի օգնությամբ գրանցվում է սեղմումը: Տվյալ նյութն օգտագործվում է այն պատճառով, որ այն բարձր թափանցելիություն և հաղորդականություն ունի:
Արտադրողները նոր նյութերը պետք է յուրացնեն արդյունաբերական ծավալներով արդեն առաջիկա տարիներին` հաշվի առնելով սենսորային սարքերի գործարկման ծավալների աճի տեմպերը, ընդգծում է GigaOM-ն:
Ըստ NPD DisplaySearch-ի տվյալների` 2013թ.-ին բոլոր գործարկված սարքերում սենսորային էկրանների ընդհանուր տարածքն ավելանում է ավելի քան 2 անգամ` հասնելով 25,5 մլն քմ-ի` 2012թ.-ի 12 մլն քմ-ի համեմատ: Ակնկալվում է, որ 2015թ.-ին տարածքը կհասնի 35,9 մլն քմ-ի:
Սենսորային էկրանների պահանջարկը զգալիորեն ավելանում է նաև սենսորային նոութբուքերի շուկայի աճի հետ կապված, նշում են վերլուծաբանները:
Ինդիումի օքսիդից պատրաստած թաղանթի առավել հեռանկարային այլընտրանքներից մեկը գրաֆենն է: Ներկա պահին կիրառվող նյութի ևս մեկ այըլնտրանք է արծաթե նանոլարը: Գրաֆենը և արծաթե նանոլարը ոչ միայն կարող են փոխարինել ինդիումի օքսիդին, այլ նաև թույլ կտան մաշված սարքերի համար ճկուն էկրաններ ստեղծել: -0-