Ստեղծվել է աշխարհի ամենաբարակ կոշտ սկավառակը
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Western Digital ընկերությունը հայտարարել է 2.5 դյույմանոց ու 5 մմ հաստությամբ կոշտ սկավառակների փորձնական նմուշների մատակարարումների մասին։ Ընկերության մամուլի ծառայությունից հայտնել են, որ դա աշխարհի ամենաբարակ կոշտ սկավառակն է, հաղորդում է cnews.ru–ն։
Նոութբուքի համար կոշտ սկավառակի ստանդարտ հաստությունը կազմում է 9.5 մմ։ WD վինչեստերը թույլ է տալիս համալրել ուլտրաբուքերը մինչև 500 ԳԲ տարողունակությամբ` գրեթե 50 տոկոսով պակաս տարածք զբաղեցնելով ժամանակակից կուտակիչների համեմատ։
Սարքը պատկանում է հիբրիդային տեսակին`այն իր մեջ համադրում է ավանդական մագնիսային սկավառակները և NAND ֆլեշ–հիշողությունը բազմամակարդակ կառուցվածքի հատվածներով։ Տվյալները, որոնցով համակարգն առավել հաճախ է աշխատում, պահվում են NAND հիշողության մեջ։ Ֆլեշ–հիշողության մեջ պահվող բոլոր ֆայլերը տեղավորվում են մագնիսային սկավառակների վրա։ Արդյունքում ապահովվում է աշխատանքի բարձր արագություն` առանց հուսալիության վնասի։
ԸՆկերությունից չեն հայտնել, թե որքան արժե կուտակիչը և երբ է սերիական արտադրության մեջ մտնելու։ Առաջարկից առաջինը կարող են օգտվել Asustek և Acer ընկերությունները։
«Բջջային սարքերը դառնում են ավելի փոքր, ավելի բարակ և ավելի արձագանքող», – հայտնել է WD ընկերության հաճախորդների լուծումների գխով փոխնախագահ Մեթ Ռաթլիջը (Matt Rutledge), – Մեր տեխնոլոգիական գործընկերների հետ մենք մշակել ենք 5 մմ հաստությամբ նոր կոշտ սկավառակներ, որոնք մեծ տարողունակություն, գերազանց արտադրողականություն ունեն։ Ընկերությունից ընդգծել են, որ նոր սարքերը կարող են կիրառվել շուկայի ամենաբարակ ուլտրաբուքերում։
WD–ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ավելի վաղ այս տարի ընկերությունն անցել է 2.5 դյույմանոց 7 մմ հաստությամբ կոշտ սկավառակների սերիական արտադրությանը։
Hitachi GST–ի ձեռքբերման շնորհիվ, ամերիկյան Western Digital ընկերությունը դարձել է ըստ մատակարարման ծավալների կոշտ սկավառակների խոշորագույն արտադրող։
-0-