USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 22, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+26

Google-ը պատրաստվում է զգալիորեն թարմացնել իր որոնողական համակարգը. WSJ

15.03.2012, 17:16
Google ընկերությունն առաջիկա մի քանի ամսվա ընթացքում պատրաստվում է զգալիորեն թարմացնել իր որոնողական համակարգը` որոնման տվյալներին ավելացնելով այցելուների հարցերի ուղղակի պատասխաններն ու փաստերը, հաղորդում է The Wall Street Journal պարբերականը:
Google-ը պատրաստվում է զգալիորեն թարմացնել իր որոնողական համակարգը.  WSJ

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /ԱՌԿԱ/.  Google ընկերությունն առաջիկա մի քանի ամսվա ընթացքում պատրաստվում է զգալիորեն թարմացնել իր որոնողական համակարգը` որոնման տվյալներին ավելացնելով այցելուների հարցերի ուղղակի պատասխաններն ու փաստերը, հաղորդում է The Wall Street Journal պարբերականը:

Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, օրինակ կոնկրետ ընկերության մասին տեղեկատվություն փնտրելիս այցելուները տեղեկատվություն կստանան նաև ընկերության հիմնադիրների մասին, իսկ օրինակ «Թահո լիճ» փնտրելիս այցելուներին կներկայացվի տեղեկատվություն լճի գտնվելու վայրի, խորության, միջին ջերմաստիճանների մասին: Բացի այդ, «Կալիֆոռնիայի 10 խոշորագույն լճերը» հարցման դեպքում հղումներից բացի կներկայացվի ուղիղ պատասխանը:

Google-ի թարմացված որոնողական համակարգը «կհասկանա» այցելուի հարցի իմաստն ու կփնտրի տեղեկատվությունը Google-ի տվյալների բազայում, որը տեղեկատվություն է պարունակում միլիոնավոր օբյեկտների մասին` մարդիկ, վայրեր, իրեր և այլն, Google-ն այդ բազան հավաքել է վերջին երկու տարվա ընթացքում, հաղորդում է WSJ-ը` հղում անելով Google-ի որոնման հարցերով ստորաբաժանման թոփ-մենեջեր Ամիթ Սինգալին (Amit Singhal):

Այս փոփոխությունները խոշորագույնն են ընկերության պատմության մեջ և կարող են անդրադառնալ միլիոնավոր կայքերի վրա, որոնք կախված են  Google-ի որոնողական համակարգում տեղ գտած դիրքից, կարծում են WSJ-ի լրագրողները: Միաժամանակ փոփոխությունները ընկերությանը մեծ գովազդային հնարավորություններ կընձեռեն:-0-