USD
380.33
EUR
443.24
RUB
4.8394
GEL
141.16
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հայաստանը պլանշետներ և սմարթֆոններ է արտադրելու. պատգամավոր

06.12.2013, 14:33
Հայկական ընկերություններից մեկը մտադիր է Հայաստանում սմարթֆոնների և պլանշետների արտադրություն սկսել, ուրբաթ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում տեղեկացրել է ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը։
Հայաստանը պլանշետներ և սմարթֆոններ է արտադրելու. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական ընկերություններից մեկը մտադիր է Հայաստանում սմարթֆոնների և պլանշետների արտադրություն սկսել, ուրբաթ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում տեղեկացրել է ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը։
Պատգամավորը տեղեկացրել է, որ արտադրության մեկնարկը հավանության է արժանացել այսօր Արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստի ընթացքում։

Մինասյանը նշել է, որ հայկական պլանշետներն ու սմարթֆոններն արտասահմանյան նմանակներից 55–60 տոկոսով էժան կլինեն։

Պատգամավորի խոսքերով` հայկական արտադրանքը, որը կթողարկվի Android պլատֆորմով, որակով չի զիջի արտասահմանյան նմանակներին։

Առաջին համատեղ հայ–ամերիկյան պլանշետները ներկայացվել են Երևանում հոկտեմբերի 4–6–ը կայացած Digitec Expo 2013 ցուցահանդեսի ընթացքում։

Ինչպես ավելի վաղ «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր Minno կորպորացիայի փոխնախագահ Վահան Շաքարյանը, ընկերությունը մտադիր է 2014 թ.–ից Հայաստանում պլանշետների զանգվածային արտադրություն սկսել` ինչպես հավաքում, այնպես էլ ծրագրային և սարքավորման ապահովման մշակումը (software և hardware)։

Սկզբնական փուլում նախատեսվում է ամսական 30–50 հազար պլանշետ արտադրել։ Արտադրանքը կիրացվի ինչպես հայկական, այնպես էլ միջազգային շուկաներում։

Նախատեսվում է, որ Cortex 4–միջուկային պրոցեսորով, 2 ԳԲ հիշողությամբ և ներկառուցված 16 ԳԲ հիշողությամբ 9,7 դյույմ անկյունագծով պլանշետը կարժենա մոտ 100 հազար դրամ (մոտ 247 դոլար), իսկ 7,85 դյույմ անկյունագծովը` 85 հազար դրամ ( մոտ 210 դոլար)։

Միաժամանակ ընկերությունը մտադիր է մեկ տարվա երաշխիք տրամադրել և պլանշետի հետ խնդիր ծագելու դեպքում փոխարինել այն նորով։–0–